▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք փոքրամասնություն ենք ու համագործակցում ենք փոքրամասնությունների հետ

Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական դաշնությունը նախաձեռնել էր ակցիա` Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. կազմակերպված ցեղասպանության 76-րդ տարելիցի առթիվ: Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) համակազմակերպիչն է այս միջոցառման և մեր զրուցակիցն է Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը:

-       Ազատ, ինչո ՞ւ եք մասնակցում դերսիմիցիների ցեղասպանության տարելիցին ու արդյոք այդ և այլ ցեղասպանությունները տեղի կունենային, եթե մինչ այդ Թուրքիան պարտավորված լիներ 1915թ.-ի հայոց ցեղասպանությունը ճանաչելու.

-       Սա բողոքի ցույց է թուրքական պետության դեմ ու Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է արել մեր հայրենակիցներին Գերմանիայում մասնակցել այս ցույցին և իրենց համերաշխությունը դրսևորեն դերսիմցիների ցավի, խնդրի նկատմամբ:

Ես անձամբ այն կարծիքին չեմ, որ եթե հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Հոլոքոստն էլ դատապարտվեց և դրանից հետո էլ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան: Բայց ցեղասպանությունները պետք է անշուշտ ճանաչել ու դատապարտել:

-       Ինչո՞վ է կարևոր հայերի ու դերսիմցիների միջև բարեկամությունը.

-       Դերսիմցիների մեջ կան տասնյակ հազարավոր հայկական ծագումով մարդիկ, ովքեր ունեն իրենց դերսիմյան ինքնությունը, բայց հիշողության մեջ վառ են պահում հայկական արմատները կամ վերադառնում են վերջիններիս: Բացի այն, որ դերսիմցիները կիսում են հայերիս վիշտը ցեղասպանության հարցում ու մասնակցում են մեր միջոցառումներին, մենք կոալիցիա ենք թուրքական ժխտողական քաղաքականության, ռասսիստական պետության նկատմամբ:

-       Փաստորեն հայերս լինելով փոքրամասնություն Գերմանիայում համագործակցում ենք այլ փոքրամասնությունների հետ: Կպատմե՞ք այդ կապերի մասին.

-       Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը շատ ինտենսիվ համագործակցում է Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների հետ` դերսիմցիների հետ, ասորիների, եզդիների ու հույների հետ, Արևմտյան Հայաստանի և նրա հարակից շրջաններում ապրող մյուս ժողովուրդների հետ: Միայն վերջին տասն օրերի օրինակով ասեմ` Դերսիմի համայնքների եվրոպական դաշնության նախագահության անդամներից տիկին Դիրեն Յեսիլը ելույթ ունեցավ ապրիլի 24-ի Ֆրանկֆուրտի մեր ծրագրին, 5 օր անց` 29-ին Բեռլինում մենք մասնակցեցինք Դերսիմցիներին նվիրված կոնֆերանսին, իսկ այսօր` մայիսի 4-ին, հայերս ներկա ենք դերսիմցիների ակցիային Քյոլն քաղաքում:

-       Ինչպե՞ս է ընկալվում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունը Գերմանիայի կառավարության կողմից.

-       Ամբողջ կառավարության տեսակետը մեզ համար թափանցիկ չէ, բայց ակնառու է, որ տարբեր թվով քաղաքական գործիչներ ու պատգամավորներ դա ողջունում են: Սրանով մենք օգնում ենք գերմանացիներին իրենց միգրացիոն և ինտեգրացիոն քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվել, քանի որ մինչ այժմ Գերմանիայում տիրում է այն թյուր կարծիքը, որ որևէ երկրից ներգաղթածը տվյալ ազգության մարդ է: Բայց մենք ցույց ենք տալիս, որ Թուրքիայից եկած ամեն մի քաղաքացուն չպետք է թուրք համարել: Բացի այդ, մեր համագործակցությունների ու վիճակագրական ճշտումների արդյունքում թուլանում է թուրքական համայնքի ուժը Գերմանիայում, դա է պատճառը, որ թուրքական կառավարությունն անհանգստացած է նման համագործակցություններով և ուզում է սեպ խրել այս գործընթացների մեջ:

-       Իսկ գերմանական հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում այս համագործակցություններին.

-       Այս ցույցերը, համերաշխության նախաձեռնությունները կոտրում է այն կարծրատիպը, որ Գերմանիայում 2.5-3 միլիոն թուրք է ապրում: Այսպիսի համատեղ աշխատանքները գերմանացիների համար ևս կարևոր են` հասկանալու` ով ով է Գերմանիայում:

-       Տեղյակ եմ, որ այս տարի ցեղասպանությանն ուղղված բազում ակցիաներ են անցկացվել Գերմանիայում: Կներկայացնե՞ք հակիրճ, թե ինչեր են իրագործվել Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդի, հայկական համայնքների կողմից.

-       2013 թվականին ցեղասպանության զոհերի հիշատանին նվիրված ծրագրերի առանձնահատկությունները հետևյալն էին` նախ ընդլայնվեց աշխարհագրությունը` 15-ից ավելի քաղաքներում ամենատարբեր ձևաչափերի ծրագրեր ունեցանք: Մեր ազգային հուշատոնին մասնակցեցին տարբեր ազգեր, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքի ազգային փոքրամասնություններ: Օրինակ` ցեղասպանության զոհերի հիշատակի ֆրանկֆուրտյան կենտրոնական ծրագրի հոգեհանգստի արարողությունը կատարեցին ասորի հոգևորականները: Բացի դահլիճային ծրագրերից, եղան նաև ցույցեր` Ֆրանկֆուրտում, Քյոլնում, Համբուրգում և Բեռլինում:

-       Ցեղասպանության հարյուրամյակին ուղղված ի՞նչ նախագծեր և մտահղացումներ ունեք.

-       Հիմա մենք` Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը ստեղծում է մի առանձին կոմիտե` հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման համար: Համայնքը ակտիվ է, աշխույժ և իրեն պարտավորված է զգում հավերժացնել զոհերի հիշատակը: Պիտի ձգտենք մեծացնել հուշակոթողների ու խաչքարերի տեղադրումը գերմանական քաղաքներում, պիտի ձգտենք, որ Հայկական հարցը մտնի գերմանական դասագրքերի մեջ և հնարավորության դեպքում որևէ երկրամաս ընդունի հայոց ցեղասպանությունը, ինչով Ցեղասպանության ճանաչման գործընթացը Բունդեսթագի` 2005 թվականի ընդունած որոշումից մի քայլ առաջ կտանի:

 

Հարցազրույցը` Անի Մաթևոսյանի

Գերմանիա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին