▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ներմուծում ենք հումք նույնիսկ այն երկրներից որոնք ունեն թշնամական կեցվածք Հայաստանի նկատմամբ

Գյուղատնտեսությունը Հայաստանում համարվում է ամենակարևոր ճյուղերից մեկը, սակայն չնայած կարևորությանը գյուղացին իր առջև ունի մի շարք չլուծված խնդիրներ, որոնցից կարևորագույնն են գյուղմթերքի իրացումն ու արտահանումը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը զրուցեցինք Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի մասնագետ, ՀՀ Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության նախկին պետ` Գրիգոր Գրիգորյանի հետ:

 

  - Պրն.Գրիգորյան այսօր գյուղացին կանգնած է բավականին մտահոգիչ և  լուրջ խնդրի առաջ: Գյուղացիները իրենց վրդոհմունքն են հայտնում  գյուղմթերքների իրացման և արտահանման վերաբերյալ:Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված նման երևույթը, ինչն է խանգարում հայ արտադրողին իր մթերքը սեփական երկրում լիարժեք իրացնելու   համար:

 

Իմ կարծիքով այս խնդիրը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից ամենահիմնականներն են ՀՀ-յում գյուղատնտեսության զարգացվածության ցածր աստիճանը, ՀՀ-յում արտադրված գյուղատնտեսական հումքի եւ մթերքի սանիտարական եւ ֆիտոսանիտարական անվտանգությունը  եւ դրսում արտադրված գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ՀՀ ներկրման ծավալները:

 

Չնայած աստիճանաբար վերականգնմանը, ՀՀ գյուղատնտեսությունը դեռևս շատ խոցելի է եւ պահանջում է լուրջ պետական աջակցություն: Ինչպես վկայում են մասնագետների ընթացիկ գնահատականները ՀՀ-ում զարգացման համար դեռ կան բազմաթիվ խոչընդոտներ կապված ոռոգման ջրի հասանելիության, արոտավայրերի ծանրաբեռնվածության, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների առողջության եւ մթերատվության մակարդակի, գյուղատնտեսական տեխնիկայի պակասի եւ այլ խնդիրների հետ: Վերջիններս ունեն ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ինչպես գյուղատնտեսական արտադրական պրակտիկաների պատշաճության,  այնպես էլ գյուղատնտեսական արտադրանքի որակի վրա, որոնք համարվում են շուկայում իրացման հնարավորության հիմնական ցուցիչները:

 

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ես կարող եմ ասել որ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական հումքի եւ մթերքի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում, ինչի պատճառով արտերկրի գյուղատնտեսական շուկաների հասանելիությունը մեր գյուղացիների համար այսօր խիստ սահմանափակ է: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյայի խոսքերը. «Ինչ վերաբերում է տեղական արտադրությանը, պատկերացրեք, որ մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություններ կան, և ամեն մեկն արտադրում է ու իր իմացած շուկայում իրացնում: Պարզապես հնարավոր չէ վերահսկել և ամեն մի գյուղացու արտադրանքի հետևից գնալ»:  Այս խոսքերի մեկնաբանությունը ես թողնում եմ ոլորտի այլ մասնագետներին, սակայն պետկ է ասեմ որ նման մոտեցումը կարող է հանգեցնել մեղմ ասած անկանխատեսելի զարգացումների:

 

Հաջորդ խնդիրը վերաբերում է գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ներկրման բարձր ծավալներին, որոնք բառացիորեն «խեղդում» են տեղական արտադրանքը: Համաձայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական տվյալների 2014 թվականին ՀՀ է ներկրվել 70 տոննայից ավել կենդանական 460 տոննայից ավել բուսական ծագման գյուղատնտեսական հումք եւ մթերք, չհաշված հավկիթը, պահածոները, ըմպելիքը եւ այլն:

 

- Պրն. Գրիգորյան ինչով է պայմանավորված ներկրման նման խոշոր ցուցանիշը: Արդյոք տվյալ երկրների ներմուծած հումքը ավելի որակյալ է:

 

- Բնավ ոչ: Պետք է շեշտեմ որ ներկրված գյուղատնտեսական հումքը եւ մթերքը շատ դեպքերում (օրինակ Հնդկաստանից, Բրազիիայից, Չինաստանից) զիջում է տեղական արտադրանքին իր որակի եւ առողջության անվտանգության համար անվտանգության ցուցիչներով (օրինակ Հնդկաստանից, Բրազիիայից, Չինաստանից), իսկ առանձին դեպքերում (օրինակ Թուրքիայից, Ադրբեջանից, Պակիստանից) կարող է նաեւ պարունակել  լուրջ ռիսկեր ըստ պետական անվտանգության ցուցանիշներիների: Ցավոք ոլորտի ներկայիս օրենսդրական դաշտը թույլ է տալիս ներմուծել գյուղատնտեսական հումք եւ մթերք նույնիսկ այն երկրներից, որոնք չեն թաքցնում իրենց թշնամական կեցվածքը եւ տրամադրվածությունը ՀՀ նկատմամբ, և եթե այդ հարցը չի արժանացել պատշաճ ուշադրության 2013-2014 թվականներին ապա ճիշտ կլիներ որ գոնե Հայոց Ցեղասպանություն, Հայ ժողովրդի Մեծ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին այդ ռիսկերը բացառվեին համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով: Այսօր այդ փոփոխությունները պարտադրված են ինչպես բարոյական, այդպես էլ տնտեսական եւ ռազմավարական տեսակետից:

 

- Գյուղատնտեսական հումքի և մթերքի իրացմանը նպաստելու ինչ քայլեր եք առաջարկում դուք լինելով ոլորտի մասնագետ:

 

- Խոսելով ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական հումքի եւ մթերքի իրացման խթանմանը, ապա պետք է ասեմ որ եթե մենք որոշակի կրճատենք այն հումքի եւ մթերքի ներկրումը, որով մեզ կարող են ապահովել մեր գյուղացիները դա կխթանի տեղական արտադրանքի պահանջարկը ինչը իր հերթին ուժեղ զարկ կտա ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը: Դրան զուգահեռ պետք է վերանայել նաեւ մոտեցումները գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների առողջության ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության հսկողությանը, ՀՀ հանրային եւ գյուղատնտեսական առողջությունը ապահովվելու եւ արտահանման շուկան ընդլայնելու նպատակով:

 

Հեղինակ` Վարդուհի Սաֆարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին