▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բոլորս ենք գնալու` եկեք խնայենք իրար, անհամաձայնությունները թող թշնամության չվերածվեն

Արամ Ղարաբեկյանի անժամանակ մահը ցույց տվեց, թե ինչքան ոչ ադեկվատ կարող են լինել մարդիկ իրենց գնահատականներր մեջ: Հնչեցին բազմաթիվ անարդար մեղադրանքներ Հայաստանի Կամերային նվագախմբի հասցեին Արամ Ղարաբեկյանին նեղացնելու և ղեկավարի պաշտոնից զրկելու համար: Քանի որ չեմ հանդիսանում կամերային նվագախմբի երաժիշտ, ինձ կարող եմ թույլ տալ նետրալ դիրքերից չհամաձայնվելու մեղադրանքների հետ: Լուսավորելու համար պիտի ասեմ, որ ինչքան կա նվագախմբի պատմությունը, այնքան կան մշտական խնդիրներ դիրիժորների հետ: Այս պայքարը այնքան հին է, որքան հին է նվագախմբի պատմությունը: Ժամանակին հեռացրել են իրենց պաշտոններից Օհան Դուրյանին, Լորիս Ճգնավորյանին, Ռաֆայել Մանգասարյանին, Վալերի Գերգիևին և էլի շատ արժանի ու տաղանդավոր դիրիժորների: Հավատացեք նրանք բոլորը եղել են արժանի ղեկավարներ, բայց միևնույն ժամանակ եղել են բազում անհամաձայնություններ, որոնց արդյունքում մարդիկ ստիպված են եղել հրաժարվել իրենց պաշտոններից: Այս պրոցեսը եղել է և լինելու է անկախ ամեն ինչից: Արամ ղարաբեկյանն էլ հետևաբար բացառություն չէր: Ես բախտ եմ ունեցել աշխատել իր հետ որպես երաժիշտ և ուսանել իր մոտ որպես դիրիժոր: Իրենից շատ բան եմ սովորել, և դա չէր վերաբերվում միայն դիրիժորությանը: Շատ հետաքրքիր զրուցակից էր: Բայց միևնույն ժամանակ եղել եմ այն եզակիներից մեկը, որը հեռացել է նվագախմբից սեփական դիմումի համաձայն: Դրանից հետո աշխատանքային պայմանագրով մեկնեցի ԱՄՆ: Արդարության համար պիտի ասեմ, որ սխալ կադրային քաղաքականության պատճառով բազմաթիվ լավ երաժիշտներ տարբեր պատճառաբանություններով հեռացվում էին աշխատանքից: Դա ես տեսա, երբ վերադարձա ԱՄՆ-ից: Կարծում եմ դիրիժորների գնահատական տալու առաջնահերթությունը պետք է թողնել նվագախմբի երաժշտին, որովհետև այն ինչ երևում է համերգների ժամանակ, և այն ինչ տեսնում է հանդիսատեսը իրականում քիչ կապ ունի իրականության ու ներքին խոհանոցի հետ: Ներքին խոհանոցը կարող է լինել շատ լավ և շատ վատ, բայց դրա մասին տեղյակ են լինում միայն դիրիժորների հետ անընդհատ շփվող երաժիշտները: Հանդիսատեսը տեսնում է միայն լուսավոր բեմը և այն, ինչ հրամցնում են իրեն: Այդքանը: Բոլոր կոլեկտիվներում կարող են լինել խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ ղեկավարի մահվան համար պետք է մեղադրել կոլեկտիվին: Հետո ինչ է ստացվում? Փաստորեն մարդիկ դառնում են անթերի և իդեալական միայն նրա համար, որ մահացել են: Սա աբսուրդ է: Ինչու են միշտ քննադատվում գաղափարհական կամ սկզբունքային հակառակորդները այն ժամանակ, երբ ինչ որ մեկը մահանում է: Նորից մոռանում ենք, որ մեզանից ցանկացած մեկը սովորական մահկանացու է, և չի կարող անթերի լինել: Ու հենց մեկը մահանում է, միանգամից դառնում է այն եզակի կիսաաստվածը, որին հալածեցին ու սպանեցին անողոք հակառակորդները: Մենք մեզ տանում ենք փակուղի: Չենք թողնում հանգուցյալին ունենալ հասարակ մահկանացու լինելու իրավունք: Ի վերջո մենք բոլորս ենք գնալու, պարզապես եկեք խնայենք իրար, եթե կան անհամաձայնություններ, թող դրանք թշնամության չվերածվեն: Շատ եմ ափսոսում մաեստրոյի մահվան համար: Ափսոսում եմ, որ չանցավ այն անրաժեշտ ժամանակը, որից հետո մաեստրոն կարող էր գալ Հայաստան պարզապես որպես հյուր դիրիժոր: Գուցե այդ ժամանակ շատ բաներ նոր թարմությամբ վերարժեվորվեր: Ափսոս: Մեզանից գնաց մի ուրույն երաժիշտ, հայրենասեր մարդ, հոգատար ընկեր, և վերջապես մեզանում պակասեց մի օրիգինալ գույն:


Վարդան Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին