▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասյացոտնի թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր տարածքն է, դատարանի ցանկացած որոշում ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին

Եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Գևորգ Սարոյանը հայց էր ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Սարոյանը հայցով պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Արմավիրի մարզի դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն էլ մեկ օրում որոշում էր ընդունել Գևորգ Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Սարոյանը ներկայացրել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։ Ըստ այդ միջնորդության՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին հայրապետական տնօրինությունը հոգեկան տառապանք է պատճառել Արման Սարոյանին։

Վաղը կայանալու է Մասյացոտնի թեմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դատական առաջին նիստը։ 

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, նախկին հոգևորական Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել ու դասվել աշխարհիկների շարքին Արման Սարոյան անունով։

Համաձայն Հայ Եկեղեցու կանոնների և նվիրապետական կարգի՝ որևէ աշխարհիկ անձ չի կարող ստանձնել թեմի առաջնորդի լիազորություններ։ Պետական մարմինները, ի դեմս դատարանների և Հարկադիր կատարման ծառայության, շրջանցելով Սահմանադրությունը և միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, փորձում են աշխարհիկ անձին «նշանակել» թեմի առաջնորդ՝ չունենալով նրա հոգևորականի կոչումը վերականգնելու որևէ իրավասություն կամ իրավական հնարավորություն։ Սա, փաստացի, միջամտություն է Եկեղեցու ներքին ինքնավարությանը, ինչը ոտնահարում է Սահմանադրությամբ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված Եկեղեցի-Պետություն հարաբերությունների սկզբունքները։

Դատարանի որոշմամբ՝  Հարկադիր ծառայությունը բանկերին պարտադրել է Մայր Աթոռին պատկանող և Մասյացոտնի թեմի համար նախատեսված ֆինանսական միջոցների տնօրինումը հանձնել Եկեղեցու նվիրապետությունից դուրս գտնվող աշխարհիկ անձի։ Սրա հետևանքով խաթարվել է թեմի բնականոն գործունեությունը, խախտվել են թեմի առաջնորդական տեղապահի, քահանայից դասի և հավատավոր ժողովրդի խղճի ազատության և հավատքն անարգել իրացնելու իրավունքները։ 

Մասյացոտնի թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր տարածքն է։ Թեմի առաջնորդը նշանակվում է բացառապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, իսկ ֆինանսական միջոցները, գույքը պատկանում են Սուրբ Էջմիածնին։

Ուստի, դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները՝ շրջանցելով եկեղեցական իշխանությանը, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին, ինչի արդյունքում Եկեղեցին զրկվում է հավատացյալներին հավուր պատշաճի հոգևոր սպասարկում մատուցելու հնարավորությունից։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ 

Ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին