Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` հղում կատարելով ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթին, Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնել են առաջնագիծ` տարբեր ուղղություններով:
Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, ազատամարտիկներ, ընդհանուր թվով` մոտ 300 հոգի: Նրանք բաժանվել են խմբերի ու մեկնել դիրքեր:
Նրանց թվում են եղել ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ Գրիգորի Միրզոյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար, պահեստազորի գեներալ Վլադիկ Խաչատրյանը և այլ ազատամարտիկներ: Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում:
«Համոզված ենք, որ նրանք իրենց փորձով եւ խորհուրդներով շատ օգտակար կլինեն մեր դիրքապահներին: Քանզի, դիրքեր մեկնած հրամանատարներն ու ազատամարտիկները նրանք են, ովքեր եւս իրենց գումարտակներով ազատագրեցին ողջ Մարտակերտի շրջանը, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում եւ ամեն մեկը կարողանում է վերացնել թշնամու մեծաքանակ զորքերի: Այդ տղաներն ապացուցել են դա Արցախյան պատերազմի ժամանակ: Այսօր նրանք կրկին նետվեցին առաջնագիծ, նույն ոգով»: