▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացողը «Ֆառ»-ի հովանավորյալն էր. «Ժողովուրդ»

 

Հոկտեմբերի 12-ին Վարդենիսում տեղի ունեցած սպանության նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Ըստ այդմ, գործի գլխին կանգնած է «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը, որը հովանավորում էր սպանված Արման Մանուկյանին ու նրա եղբորը՝ Գրիշա Մանուկյանին:

Այս գործի նախաքննությունը դեռ չսկսած՝ արդեն պարզ է դառնում, որ բազում հակասություններ են առկա: Հերթով շարադրենք, թե այս գործով ով ինչ վարկած է առաջ քաշում:

ՀՀ ոստիկանության տեղեկության համաձայն՝ նշված օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել Սարգիս Գալստյանի (Ապեր) կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից իջել է Սասուն Կարապետյանը եւ իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել Արման Մանուկյանի որովայնին եւ դիմել փախուստի: Արմանը հիվանդանոցում մահացել է: Ավելի ուշ՝ ժամը 23.10-ին, Սասուն Կարապետյանը ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ ասել, որ վիճաբանության ժամանակ Ա. Մանուկյանին կրակել է ինքը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված Արման Մանուկյանի քեռին՝ Խաչիկ Խաչատրյանը, պատմել էր, որ. «Դեպքի օրը Արմանը տանն է եղել, զանգահարել են ձեռքին, դուրս են կանչել: Նա էլ երեւի դուրս է եկել, տեսնի, թե ով է, ինչ է ուզում: Հենց այդ ժամանակ թաղի մեջ Մերսեդես մեքենայի միջից կրակել են Արմանի վրա ու փախել»:

Քեռին հայտնել էր նաեւ, որ Սոթքի ոսկու հանքի ինչ-որ տարածքի շուրջ տղաները հակամարտության մեջ են եղել իրենց հարազատ հորեղբոր որդու՝ Վագահ Մանուկյանի եւ նրա ընկերոջ՝ Սարգիս Գալստյանի հետ: Խաչիկ Խաչատրյանի խոսքերով. «Մեկ տարի առաջ Արմանի ուազը պայթեցրեցին, 8 ամիս առաջ կրակեցին  մեքենայի վրա: Ոչ ոք միջոցներ ձեռք չառավ: Ոչ ոք չպատժվեց: Դրա համար էլ տեսաք, թե ինչ եղավ: Վահագ Մանուկյանը, Սարգիս Գալստյանն այս ամենի գլավարներն են, իսկ Սասունը դրանց թիմից  է: Մերոնք երկար ժամանակ է՝ հանքից ոսկի հանելու հետ կապ չունեն: Նույնիսկ մի օր դրանց ասեցին՝ եկեք, մեր պայթեցրած ուազը տվեք մեզ, ոստիկանությունից մեր անձնագրերը հանեք, պրծնենք»:

Այս հրապարակման օրը «Ժողովուրդ»-ին չէր հաջողվել զրուցել նաեւ մեղադրվող կողմի հետ, ուստի ներկայացրել էինք միայն սպանվածի հարազատների կարծիքը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ նրանց հետ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Ըստ նրանց, Գրիշա եւ Արման Մանուկյանները հոկտեմբերի 12-ին ագրեսիվ վարքագծով են աչքի ընկել: Նրանք իրենց «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով շրջել են Վարդենիսում, առայժմ անհայտ պատճառներով ծեծի ենթարկել «ավտո քանդող» Մանվելիկին եւ «Ժոկոյի Գեւորիկին»: Այնուհետեւ մեքենայով կտրել են Սարգիս Գալստյանի՝ Ապերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, բենզալցակայանի հատվածում իջել միջից ու ձողերով (բիտաներով) խփել մեքենային: Ականատեսները վկայել են, որ Մանուկյանների ձեռքի ձողը նույնիսկ կոտրվել եւ ընկել է բենզալցակայանի մոտ: Այդտեղից Գալստյանը, մեքենան արագ վարելով, հեռացել է:

Շատ չանցած՝ Մանուկյան եղբայրները հանդիպել են Սասուն Կարապետյանին, որը եղել է իր BMW մակնիշի ավտոմեքենայով: Նրանք դարձյալ կտրել են Կարապետյանի ճանապարհը, իջել մեքենայից եւ ծեծի ենթարկել Կարապետյանին: Նրա մեքենայի վրա եւս կան հարվածների հետքեր: Այդ ժամանակ Սասունը փորձել է փախչել: Բայց քանի որ Բանավան թաղամասի փողոցները, մեղմ ասած, քարուքանդ վիճակում են,  Սասունը չի կարողացել արագ վարել մեքենան, եւ Մանուկյան եղբայրները կրկին հասել են նրան ու էլի ծեծել: Կարապետյանն էլ հանել է իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը եւ կրակել Արման Մանուկյանին:

Թե վարկածներից որն է ճիշտ, որը՝ սուտ, թերեւս կբացահայտի ՀՀ քննչական կոմիտեն: Սակայն փաստ է, որ ե՛ւ Գալստյանի, ե՛ւ Կարապետյանի ավտոմեքենաները գտնվում են Վարդենիսի ոստիկանությունում:     

Հավելենք, որ Վարդենիսում պտտվող լուրերի համաձայն, Մանուկյան եղբայրների հովանավորը քրեական պատմություններով հայտնի «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանն է: Իսկ վեճը, ինչպես հայտնել էինք, երկու խմբավորումների մեջ առաջացել է Սոթքի ոսկու հանքում «աշխատող» չղջիկների թեմայից: «Չղջիկները» Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում` վտանգելով իրենց կյանքը, այն տեղափոխում տուն, մանրացնում, լցնում «կիսլատայի» մեջ, որից թունավոր արտանետումներ են լինում (դեղին ծուխ է բարձրանում), ապա հեղուկի վրա է դուրս գալիս սպասված ոսկու ձուլվածքը, ինչն էլ վաճառում եւ ապրում են: Երեւանում տեսնելով, որ հեռավոր այդ քաղաքում «կարգին փող կա», գնացել եւ խառնվել են թանկարժեք մետաղի գողության եւ վաճառքի գործին՝ արդեն «տանիքի» մակարդակով: Եւ շատ հաճախ քրեական խմբավորումները բախվում են միմյանց, որի  զոհ են դառնում առավել ցածր օղակները:

 

Հեղինակ` ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին