ԱՄՆ-ն վաղուց և հաստատակամորեն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն և որ պետք է լինի բանակցություն և այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ–ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացի ընթացքում այդ սկզբունքները պետք է անպայման պահպանվեն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
«Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմներն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»,– ասել է նա։