▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյան. «Վայրենի սեփականաշնորհում»

Հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում սուր բանավեճ ծավալվեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի և պատգամավոր Լեւոն Զուրաբյանի միջև` ՀՀՇ-ի իշխանության օրոք իրականացված սեփականաշնորհման գործընթացի գնահատման առիթով: Իր խոսքում վերջինս համառոտակի ներկայացրեց տվյալ խնդրի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ. դեկտեմբերի 8-ի ելույթի մի հատված, որը հրաշալի պատկերացում է տալիս Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների օրոք իրականացված սեփականաշնորհման գործընթացների բնույթի և ծավալների տարբերության մասին: Նկատի ունենալով այդ հատվածի, կամ ավելի ճիշտ, ենթագլխի կարեւորությունը, iLur-ը նպատակահարմար է համարում վերահրատարակել այն ամբողջությամբ (Լեւոն Տեր-Պետրոսյան, «Վերադարձ», Երեւան, 2009, էջ 102-109):

«Վայրենի սեփականաշնորհում»

Սեփականաշնորհումը կամ մասնավորեցումը ցանկացած պետության ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Աշխարհում դեռ չի եղել դեպք, որ սեփականության վերաբաշխման որեւէ լայնածավալ կամ թեկուզ մասնակի միջոցառում հասարակական շերտերում կասկածներ, դժգոհություններ եւ նույնիսկ հուզումներ չառաջացնի։ Ուստի ես ամենայն հանդարտությամբ եմ վերաբերվում իբրեւ-թե մեր օրոք իրականացած «վայրենի սեփականաշնորհմանն» առնչվող խոսակցություններին, քանի որ, միեւնույն է, ամենաիդեալական սեփականաշնորհման պարագայում անգամ հնարավոր չէր լինի խուսափել այդ տիպի խոսակցություններից։ Միշտ էլ կգտնվեին մարդիկ, ովքեր բաժին չստանալով սեփականաշնորհման արդյունքներից, չէին հավատա իշխանությունների ազնվությանը, էլ չեմ խոսում քաղաքական շահարկումների մասին։

Այսօր, կարծում եմ, ամենահարմար ժամանակն է ներկայացնելու սեփականաշնորհման բնագավառում նախկին եւ ներկա իշխանությունների գործունեության հաշվեկշիռը։ Արդ, ի՞նչ է սեփականաշնորհվել նախկին իշխանությունների օրոք.

– Գյուղատնտեսական նշանակության ողջ հողատարածքը, անասնագլխաքանակը եւ գյուղտեխնիկան, բացի հողի 20%-ը կազմող պետական պահուստից, որը նախատեսված էր աճող եւ նոր ձեւավորվող ընտանիքների համար։

– Ողջ պետական բնակարանային ֆոնդը, որը անվճար տրամադրվեց քաղաքներում եւ ավաններում գրանցված բոլոր ընտանիքներին։

– Հանրապետության բոլոր ոչ ստրատեգիական ձեռնարկությունների սեփականության 20 տոկոսը, որը անհատույց շնորհվեց այդ ձեռնարկությունների կոլեկտիվներին։

– Սեփականաշնորհման 1994–1995թթ. առաջին ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների 60 միլիարդ դրամի ընդհանուր արժողությամբ գույքը, որը 20-հազարական դրամի վաուչերներով հավասարաչափ բաշխվեց ողջ բնակչությանը։

– Շուրջ 5000 փոքր ձեռնարկություններ՝ կրպակներ, խանութներ, վարսավիրանոցներ, արհեստանոցներ եւ այլն, որոնք վաճառվեցին քաղաքացիներին՝ կոլեկտիվների համար վերապահված գնման առաջնահերթության իրավունքով։

– Սննդի ու թեթեւ արդյունաբերության մոտ 1250 միջին եւ խոշոր ձեռնարկություններ (առ 01.01.1998թ.), որոնք թեեւ թվով կազմում էին Հայաստանի այդ մասշտաբի ձեռնարկությունների 60 տոկոսը, բայց արտադրական ծավալով՝ միայն շուրջ 40 տոկոսը, այն էլ՝ չընդգրկելով ստրատեգիական նշանակության ոչ մի ձեռնարկություն, բացառությամբ Հայռուսգազարդի գործարքի, որի մասին կխոսվի ստորեւ։

Առանձնահատուկ խոսակցության առարկա է նախկին իշխանությունների իրականացրած հողի սեփականաշնորհումը կամ ագրարային ռեֆորմը։ Հայաստանը միութենական հանրապետություններից առաջինն էր, որ դեռեւս 1991 թվականին, Խորհրդային կայսրության գոյության պայմաններում, կյանքի կոչեց այդ բարեփոխումը՝ երկիրն, առանց չափազանցության, փրկելով սովից։ Դա պարզվեց մանավանդ այն բանից հետո, երբ 1992թ. օգոստոսին փակվեց Աբխազական երկաթուղին, եւ Հայաստանի շրջափակումը լիակատար դարձավ։ Ստեղծվել էր այնպիսի մի վիճակ, երբ արտասահմանում գնված սննդամթերքի բեռներ ունենալու պարագայում անգամ, Հայաստանը, հաղորդակցության ճանապարհների բացակայության պատճառով, ի վիճակի չէր ներկրել դրանք։ Մեզ հաջողվեց մասամբ հաղթահարել շրջափակումը եւ Թուրքիայի ճանապարհով Հայաստան փոխադրել ավելի քան 50 հազար տոննա ցորեն, բայց դա ընդամենը երկու ամսվա պաշար էր։ 1993-ի մարտին, Քելբաջարի գրավումից հետո, փակվեց նաեւ Թուրքիայի ճանապարհը, եւ մենք հարկադրված եղանք մեր կարիքների գոնե մի մասը բավարարել Փոթիի նավահանգստի եւ համարյա անգործության մատնված Վրացական երկաթուղու հնարավորությունների օգտագործման միջոցով։ 1992–1994 թվականներին երկիրը համարյա ամբողջությամբ մնաց գյուղացու հույսին, որը, թեկուզ զուտ մկանների հաշվին, քիչ թե շատ կերակրեց ոչ միայն իրեն, այլեւ քաղաքներում բնակվող իր հարազատներին։ Եթե ժամանակին չիրականացվեր հողի սեփականաշնորհումը, ապա գյուղական նոմենկլատուրան թալանած կլիներ կոլխոզների ու սովխոզների սեփականությունը (ինչպես տեղի ունեցավ այլ հանրապետություններում), եւ Հայաստանը ցրտից ու մթից բացի անխուսափելիորեն կմատնվեր նաեւ սովի։ Այդ պարագայում, ինքնըստինքյան հասկանալի է, ոչ միայն կվտանգվեր մեր երկրի գոյությունը, այլեւ անհնար կդառնար թե՛ պատերազմի հաղթական ավարտը, թե՛ Արցախի ազատագրումը։ Ուստի, եթե այսօր Հայաստանը կանգուն է, եթե այսօր Արցախն ազատ է, ապա դրա համար մենք առաջին հերթին պարտական ենք սեփականատեր հայ գյուղացու առայժմ չգնահատված սխրանքին։

Իսկ այժմ տեսնենք, թե ի՞նչ է սեփականաշնորհվել ներկա իշխանությունների օրոք.

– Ծանր արդյունաբերության շուրջ 750 միջին եւ խոշոր ձեռնարկություններ, որոնք, ինչպես վերը նշվեց, կազմում էին Հայաստանի արտադրական ծավալների մոտ  60 տոկոսը։ Դրանց թվում ընդգրկված էին նաեւ ստրատեգիական նշանակության համարյա բոլոր ձեռնարկությունները, ինչպես, օրինակ, հիդրոէլեկտրակայանները, էներգետիկ ցանցը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քաղաքացիական ավիացիան, Արմենթելը, Կոնյակի գործարանը եւ այլն։

– Հայաստանի համարյա բոլոր շահագործվող եւ նույնիսկ միայն հետազոտված հանքերը, որոնք չնչին գներով վաճառվել են հիմնականում երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ մասամբ օտարերկրյա սեփականատերերի։

– Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատարածքի 20 տոկոսը կազմող պետական պահուստը, որը նույնպես սիմվոլիկ գնով բաշխվել է պետական պաշտոնյաների միջեւ։

– Քաղաքների, մասնավորապես Երեւանի՝ շինարարական աշխատանքների համար պիտանի բոլոր տարածքները, ներառյալ զբոսայգիներն ու կանաչ գոտիները։

– Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող համարյա բոլոր շինություններն ու հողատարածքները, բացի մի քանի հարյուր վարչական շենքերից, որոնք առայժմ չեն հանվել վաճառքի։

– Հանրապետության հանգստի գոտիների, մասնավորապես Ծաղկաձորի, Սեւանի ավազանի, Դիլիջանի, Հանքավանի, Աղվերանի անտառներն ու անտառտնտեսությանը պատկանող գույքն ու շինությունները եւ այլն։

– Այս ամենին պետք է գումարել նաեւ «գույք պարտքի դիմաց» հայտնի գործարքը, որով Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «Մարս» արտադրական միավորումը, «Մերգելյան» ինստիտուտն ու գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ բլոկը եւ Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը՝ հետագայում, այլ դրդապատճառներով դրանց թվում ընդգրկելով նաեւ Սեւան-Հրազդան կասկադը եւ Արմավիրի ատոմակայանի ֆինանսական կառավարման իրավունքը։ 100 միլիոն դոլարի պարտքը այն գումարը չէր, որի վճարման հարցը հնարավոր չլիներ լուծել Ռուսաստանի հետ։ Տվյալ գործարքում Ռուսաստանը որեւէ մեղք չունի, եւ միանգամայն անտեղի են նրա հասցեին հնչող տարբեր տիպի դժգոհությունները։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գործարքի նախաձեռնողները եղել են Հայաստանի իշխանությունները։ Նրանց այդ քայլին մղել է, ըստ երեւույթին, ռուսական պարտքի տոկոսները վճարելու հոգսից ազատվելու եւ իրենց գործը հեշտացնելու միտումը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե այդ անհեռատես ու անպատասխանատու քայլով ինչպիսի վնաս են հասցրել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին։

Հարկ է հատուկ կանգ առնել նաեւ «Հայռուսգազարդի» գործարքի վրա, որը թեեւ կնքվել է նախկին իշխանությունների օրոք, բայց հետագայում, Քոչարյանի տերմինով, ունեցել է որոշ «հետաքրքիր» զարգացումներ։ 1997 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Ռուսգազարդին» բաժին էր ընկել համատեղ ընկերության կապիտալի 45 տոկոսը, «ԻՏԵՐԱ»-ին՝ 10 տոկոսը, իսկ հայկական կողմին՝ մնացյալ 45 տոկոսը, ի դիմաց նախկին «Հայգազի» գույքի արժեքի։ Ռուսական կողմն իր մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարի պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին։ Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կառավարության նիստերից մեկում զայրացած բարձրացրեց այն հարցը, թե ուր է Հայաստանում վաճառված գազից ստացված 148 միլիոն դոլարը։ Դրանից հետեւում է, որ ձրի ստացված գազը երկու տարի վաճառվել է հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին, իսկ վաճառքի դիմաց առաջացած ահռելի գումարը՝ գրպանվել իբրեւ-թե Քոչարյանին անհայտ մարդկանց կողմից։ Սակայն նախագահի բարձրացրած հարցը մնաց հարց, քանի որ դրանով չզբաղվեց ո՛չ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը, ո՛չ էլ դատախազությունը։ Եւ այդպես էլ մինչեւ օրս անհայտ է, թե ինչ ավարտ ունեցավ այդ չարաբաստիկ 148 միլիոն դոլարի պատմությունը։ Ուստի կարծում եմ, այժմ արդեն մեր հերթն է հարց տալու. «Պարոն նախագահ, ո՞ւր է այդ 148 միլիոն դոլարը»։ 2006 թվականին, երբ գազի գնի շեշտակի բարձրացումից հետո Հայաստանն սկսեց նոր պարտքեր կուտակել «Ռուսգազարդի» մատակարարումների դիմաց, մեր իշխանությունները, կրկին իրենց գործը հեշտացնելու համար, համաձայնեցին վերանայել «Հայռուսգազարդի» մասնաբաժինները։ Այժմ այդ ընկերությունում «Ռուսգազարդն» արդեն ունի 57,59 տոկոս, «ԻՏԵՐԱ»-ն՝ 7,7 տոկոս, իսկ հայկական կողմը 34,7 տոկոս։ Սակայն անգամ այս պայմաններում գազի գնման դիմաց Հայաստանի պարտքերը շարունակում են կուտակվել, որոնք բնականաբար մնալու են հաջորդ կառավարությունների, իսկ վերջին հաշվով, ժողովրդի ուսերին։

Սեփականաշնորհման բնագավառում ներկա իշխանությունների կատարած ամենամեծ հանցանքը տնտեսության համարյա լիակատար մոնոպոլիզացիան է, ինչի պատճառով գրեթե վերացման եզրին է հասել փոքր բիզնեսը։ Միջին խավը ներկայացնող ձեռնարկատերերի եւ գործարարների մեծ մասը, վաղուց արդեն կորցնելով իր անկախությունը, ընկել է մեծածախ առեւտրով զբաղվող մենաշնորհային ընկերությունների ցանցը։ Խանութների, բենզալցակայանների, սպասարկման ոլորտի հիմնարկների շուրջ 70 տոկոսի իրական տերերն արդեն այդ ընկերություններն են։ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը որոշել է հանրապետության միջին խավին հասցնել վերջին կործանիչ հարվածը՝ 2008թ. հունվարի 1‑ից դադարեցնելով «Պարզեցված հարկի օրենքի» գործողությունը, որը տարածվում էր մոտ 30 հազար ձեռնարկությունների վրա։ Անկախ այն բանից, թե տնտեսագիտորեն որքանով է հիմնավորված այդ որոշումը, տվյալ իրավիճակում դրա կիրառման անմիջական դրդապատճառն ակնհայտ է, այն է՝ ավելի ծանրացնել միջին խավին պատկանող ձեռնարկությունների հարկային բեռը, իսկ խոշոր հարկատուների անօրինական մուծումները ծառայեցնել նախընտրական նպատակներին։ Թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ այս կամայականությունը, կառավարությանն այսօր բոլորովին չի հուզում։

Ինչպես տեսանք, նկատի ունենալով արդյունաբերության եւ պետական գույքի բնագավառները, Հայաստանի ներկա իշխանությունները շուրջ երկու անգամ ավելի ունեցվածք են սեփականաշնորհել, քան նախկինները։ Այստեղ, ի դեպ, որեւէ կրիմինալ չկա։ Ընդհակառակը, ներկա իշխանությունները դրվատանքի են արժանի՝ սեփականաշնորհման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Կրիմինալը ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ քննում ենք, թե ինչպե՛ս է իրականացել այդ սեփականաշնորհումը, որքանո՛վ է այն համապատասխանել օրենքի տառին, ի՛նչ գնով են վաճառվել ձեռնարկությունները, որքա՛ն թափանցիկ եւ օրինական են եղել աճուրդները, սեփականաշնորհումից ստացված գումարների ո՛ր մասն է մտել պետական բյուջե, սեփականաշնորհման գործընթացում ի՛նչ դեր է խաղացել հովանավորչությունը եւ այլն։

Հեռուն չգնալու համար՝ փորձեք հիշել կամ պարզել, թե ինչպիսի՛ աճուրդների միջոցով եւ ի՛նչ գնով են վաճառվել Հայաստանի ձեռնարկությունները, կամ ո՛ւմ են պատկանում, ասենք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Արարատի եւ Հրազդանի ցեմենտի գործարանները, Հայկական ավիացիան, Արդշինինվեստբանկը, Խնայբանկը, հանրապետության էլեկտրացանցերը, «Կապույտ Սեւան» հանգստարանը, «Լեչկոմիսիա» եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցները, Սեւանի «Սերֆինգ կլուբ» հյուրանոցային համալիրը, երկրի համարյա բոլոր սեփականաշնորհված վարչական շենքերը, Երեւանի ամենաարժեքավոր հողատարածքները, քաղաքային եւ միջքաղաքային երթուղային գծերը եւ այլն։

Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում եւ Արարատի մարզի այլ բնակավայրերում։

Փորձեք պարզել այս ամենը, ինչպես նաեւ բյուրավոր նման դեպքեր, եւ ձեզ համար շոշափելի կդառնա, թե իրենից ինչ է ներկայացնում քոչորայանական սեփականաշնորհումը, եւ թե որքան «բարեկիրթ» է այն՝ նախկինների օրոք իրականացված «վայրենի» սեփականաշնորհման համեմատ։ Ի դեպ՝ ավելորդ չէ նշել, որ նախկին իշխանությունների օրոք իրականացված սեփականաշնորհման հետ կապված համարյա ոչ մի գործարք կամ որոշում չի վերանայվել կամ չեղյալ հայտարարվել ներկա իշխանություններին ենթակա դատարանների կողմից։ «Վայրենի» սեփականաշնորհման առասպելի ավելի սպառիչ հերքում՝ դժվար է պատկերացնել։

Աղբյուրը`  ilur.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին