ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դրած երկրների աննախանձելի ճակատագիրը։
Պատասխանելով հարցին, թե կարող է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, նա նշել է, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։ «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ռուս նախարարը։
«Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչպես ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա գուցե լավ կլինի, որ նրանք նայեն նորագույն պատմությանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվում նրանց, ում ձգտում էին իրենց թևի տակ վերցնել՝ առաջ տանելով իրենց աշխարհաքաղաքական շահերն աշխարհի այն տարածքներում, որոնք հեռու են ամերիկյան ափերից: Այս բոլոր մարդկանց ճակատագիրը շատ, շատ աննախանձելի է»,- նշել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։ «Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։- Բայց Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում, և այդ մասին ուղղակիորեն խոսում են»։
Լավրովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ նմանատիպ միտք է հնչել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում։