Նկարից ժպտում է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը՝ այնքան կենդանի...մի փոքր էլ ու թվում է՝ ժպիտն ավելի կլայնանա, խելացի աչքերն ավելի կփայլեն.. բայց սթափվում եմ՝ նկարը մռայլ շրջանակների մեջ է…
Արմենի Ժպտուն աչքերում այնքան կյանք կա… ու սեր, հավատ՝ կյանքի նկատմամբ: Նկարի մոտ պարգևներն են, օրագրեր, լուսանկարներ, կրակայրիչ, կիսատ ծխախոտի տուփ…
«Արմենն այնքան ասելիք ուներ, կիսատ թողեց: Ես վստահ եմ՝ եթե այս դեպքը չլիներ, ծառայությունից հետո էլ՝ խաղաղ պայմաններում, իրեն կդրսևորեր որևէ լավ օրինակով: Ընկերասիրությունն իր համար պաշտամունքի պես մի բան էր: Երևի հենց դա էր ընկած իր արարքի հիմքում: Այդքան կյանք սիրող մարդը...»,-արցունքները խեղդելով՝ պատմում է Արմենի մայրը՝ տիկին Մարինեն՝ հայացքը՝ միշտ Արմենի նկարին…
Արդեն 20 օր է անցել՝ մղձավանջի պես: 20 օր առաջ կյանքն այս ընտանիքի համար մեկեն կանգ առավ, հետո փոխեց իր հունը: Գիշերն ու ցերեկը խառնվեցին իրար... Արմենի հարազատները՝մայրը, հայրը, տատիկը, քույրերը զարմանալի արժանապատվությամբ են տանում Արմենի կորստյան վիշտը՝ անասելի ցավին միահյուսված հպարտությամբ...
Արմենի ու ընկերների սխրանքը, սակայն, բեկումնային էր ոչ միայն իր ընտանիքի համար: Զինվորի ու իր ընկերների անձնազոհությունը շատերին շատ բան ապացուցեց: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր սահմաններրն ամուր են ու հուսալի, քանի դեռ կան Արմենի նման տղաներ, քանի դեռ նրանք խրամատներում կանգնած են…
Հայրենիքի ու հայրենասիրության մասին երբեք ճոռոմ խոսքեր չշռայլող պատանին իսկական հայրենասիրության օրինակ ցույց տվեց ու դարձավ ԲՈԼՈՐԻՍ հերոսը: Շատ-շատերը մի տեսակ հարազատի կորստյան դառնությամբ ու ցավով համակվեցին…վիշտը ու նաև հպարտությունը դարձան բոլորինը…
«Այնքան շատ անծանոթ մարդիկ են եկել մեր տուն: Գալիս են, իրենց մխիթարանքի խոսքերն են ասում: Հոգիս փառավորովում է դրանից: Ես անընդհատ զգում եմ Արմենի ներկայությունը, բոլորիդ մեջ եմ զգում»,- ասում է տիկին Մարինեն:
Հատկապես վերջին շրջանում Արմենը խաչեր շատ էր սիրում, ինչը զարմացրել էր անգամ մայրիկին: Օրագրի էջերում Արմենի ձեռքով նկարված տարբեր տեսակի ու չափերի խաչեր կան: Իսկ վերջերս կրծքին խաչ էր դաջել:
Տիկին Մարինեն զսպված ցավով է հիշում վերջին օրերը, արցունքները հաղթում են.
«Վերջին ամիսներին ամեն օր զանգում էր: Անընդհատ նույն հարցն էր տալիս՝ մամ, ի՞նչ նորություն կա: Ես էլ նեղվում էի, ասում էի՝ բալես, ամեն օր ի՞նչ նորություն պիտի լինի... Հիմա հեռախոսս մի կողմ եմ նետել, զանգերին չեմ պատասխանում: Ախր ամեն օր էր զանգում, հիմա էլ զանգող չունեմ»:
***
Մանկություն
«Արմենը սովորական ընտանիքի սովորական երեխա էր: Ուրախ, զվարթ, հագեցած մանկություն է ունեցել՝ մանավանդ որ երեք քույրերի փոքր եղբայր էր: Աշխույժ երեխա էր, ծիծաղը երեսից չէր իջնում:Մանկուց իր հասակակցիների համեմատ ավելի փարթամ էր, նույնը՝ նաև դասարանում: Բոլորի կողմից շատ սիրված էր, բայց ես շատ խիստ եմ եղել: Դասերը միշտ առաջին պլանում էին»,-մանկությունը հիշելիս՝ տիկին Մարինեի դեմքը լուսավորվում է, թույլ ժպիտ է նշմարվում, ապա շարունակում է.
«Մի քանի տարի զբաղվել է նաև ըմբշամարտով: Արվեստի նկատմամբ ևՍ հետաքրքրություն ուներ: Մեծ քույրիկը նկարիչ-խեցեգործ է: Հիշում եմ՝ Արմենն անընդհտ կավի մեջ էր… : Սիրում էր նաև նկարել: Մասնագիտոթյան ընտրության հարցում երկար տատանվեցինք: Ես ինքս ավելի շատ կուզենայի, որ ուժային կառույցներից մեկում կրթություն ստանար… Ի վերջո, հեռուստաօպերատորի մասնագիտություն ընտրեց: Հունիսի 30-ին՝հենց իր ծննդյան օրն էլ զորակոչվեց բանակ»:
Արմենը՝ զինվոր
Ինչպես և բոլոր ծնողները նախքան զորակոչվելը Արմենի ծնողները ևս մտահոգված էին, որ տղան վտանգավոր տեղ չծառայի: Դասընկերները, ընկերները, եղբայրները բոլորն Արցախում էին ծառայում, և Արմենն էլ ցանկանում էր գնալ Արցախ:
«Ծառայությունից երբեք չի դժգոհել, չի տրտնջացել: Երբեք տաքուկ անկյուն չի փնտրել: Երբեք մեզ չի անհագստացրել: Իր իսկ ցանկությամբ մասնակցեց սերժանտական դասընթացների: Փորձեցինք համոզել՝ հասկացնելով, որ պատասխանատվությունը մեծանում է, որ պատասխանատու կլինի ոչ միայն իր, այլև մի քանի զինվորների համար ևս: Ասաց՝ ոչ, դա ինձ պետք է: Գնաց սովորեց: Վերջին մի տարին կրտսեր սերժանտ էր, հետո դաձավ ջոկի հրամանատար, ապա դիրքի կրտսեր հրամանատար: Հետո տղաները պատմում էին, թե ինչպես էր վերաբերվում ընկերներին: Պատմում էին, որ երբ որևէ մեկի ծխախոտ էին ուղարկում, բոլորի մոտից հավաքում էր, պահում, որ հետո հավասար բաժանի, որ հանկարծ մեկը մյուսից չխնդրի: Նույնկերպ վարվել է մթերքի հարցում: Որպես կրտսեր հրամանատար՝ կարողացել է ճիշտ կարգուկանոն ապահովել: Հրամանատարը շատ գոհ էր»
Սխրանքը
«Այդ օրերին, երբ շատ մարդիկ էին գալիս մեր տուն, երբ դեռ լիովին չէի էլ գիտակցում, թե ինչ է կատարվում, մի զինվորական եկավ, գրկախառնվեց: Աչքերս բարձրացրեցի, 30 անց տղամարդ էր՝ զինվորական համազգեստով: Ասաց՝ ես Արմենի հետ եմ ծառայել, Արմենն իմ եղբայրն է: Հետո իմացա, որ զորամասի հրամանատարն էր:
Այնքան հպարտ էր: Ասում էր, որ 20 տարի է՝ ծառայության մեջ է, բայց այսպիսի դեպք չի տեսե»,-պատմում է տիկին Մարինեն, ապա հավելում.
«Արմենը գիտակցել է, որ թշնամին շատ մոտ է: Անընդհատ աչքիս առաջ ու մտքերումս այդ 25 մետրն է, ընդմանեը 25 մետր հեռավորության վրա դարանակալած են եղել: Հիմա երբ գիտակցում ու վերլուծում, փորձում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Արմենն ուներ 2 ճանապարհ, նա պիտի ընտրեր մահերից մեկը: Մահվան ու կյանքի ընտրություն չի եղել տղաների համար, պարզապես իրենք ընտրել են պայքարը»...
«Ինչքան պոստ պահող տղեք կան, սաղ թագավոր տղեք են..»
«Այս խոսքերն Արմենը հենց այնպես չի ասել... Անցյալից տարբեր դրվագներ եմ նորից հիշել: Արմենը միշտ յուրահատուկ վերաբերմունք ուներ դիրք պահող տղերքի նկատմամբ: Հիշում եմ՝ անցած տարի գնացել էինք Մարտակերտ՝ տեսակցության: Հարմար վայր էինք փնտրում, որ կարողանանք նստել: Արմենն ասաց՝ մի լքված այգի կա, գնանք այնտեղ նստենք: Գնացինք, արդեն մի քանի զինվորների ընտանիքիներ տարածք էին վերցրել և տեղավորվել: Միջին տարիքի մի տղամարդ եկավ և գումար պահանջեց՝ նշելով, որ ինքը տարածքի տերն է և անվճար տարածք չի տրամադրում: Շատ լավ հիշում եմ Արմենն ինչ ասաց, մի պահ անգամ վատ զգացի, որ տարիքով մեծ մարդու հետ այդ տոնով էր խոսում: Ասաց՝ ես ու էս տղերքը դիրք ենք պահում, եթե չպահեինք՝ թուրքը կգար կհասներ այգիդ: Դու ո՞նց ես դիրք պահող զինվորից փող վերցնում: Հիմա ես լավ եմ զգում, որ ինքը ոչ միայն իր, այլև բոլոր տղերքի համար էր դա ասում… Դիրքապահ տղերքի նկատմամբ միշտ առանձնահատուկ վերաբերմունք ուներ»:
Երազանքը
«Մեզ պատմեցին, որ մի անգամ ասել է, թե կուզենար զորամասի մատուռի մոտ խաչքար լիներ… Տա Ասված՝ որոշ ժամանակ անցնի, երազանքն իրականացնենք…»
Պարգևները
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին հետմահու պարգևատրել է Արմեն Հովհանիսյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին հետմահու պարգևատրել է Արմեն Հովհաննիսյանին «Արիության համար» մեդալով։
Հ. Գ.
Արմենի սխրանքը մեր օրերում իսկապես անօրինակ էր: Պատահական չէ, որ հերոս զիվորի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում՝ փառքի պանթեոնում... տղերքի կողքին՝ Մասիսի հայացքի ներքո…
Դեռ շատ կխոսվի Արմենի մասին, դեռ շատ ծաղիկներ կխոնարհվեն նրա շիիմին:
Փառք Արմենին ու բոլոր զոհվածներին…
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան
Գլխավոր լուսանկարը՝ HerosArmen.weebly. com կայքից