«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայ առաքելական եկեղեցում հերթական կադրային փոփոխությունն է արձանագրվել։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել է, որ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։
Հայրապետական տնօրինությամբ Մակար եպիսկոպոս Հակոբյանը՝ Սյունյաց թեմի առաջնորդը, համատեղության կարգով նշանակվել է Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները:
Հիշեցնում ենք, որ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի անունը տարիներ շարունակ հայտնվել է մամուլի հրապարակումների կենտրոնում նաև տնտեսական գործունեության թեմայով։ Մասնավորապես, տարբեր հրապարակումների համաձայն՝ Վայոց ձորի մարզում գործող մի քանի փոքր հիդրոէլեկտրակայաններ կապվում են նրա անվան հետ։
Հերմոն համայնքի ղեկավար Գայ Օհանյանը դեռ տարիներ առաջ հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ գյուղի տարածքում գործող ոչ թե երկու, այլ երեք փոքր ՀԷԿ-երը պատկանում են Սրբազանին»:


