▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին Վանաձորի թատրոնի սեքս-սկանդալի մասին. Լրագրողի դիմումն «աբելյանցիներին»

Որպես վանաձորցի թատերասեր լրագրող՝ ամոթով եմ լինում մեր թատրոնի ներկայիս դիմագծի համար: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական անձնակազմի նամակը հայաստանյան լրատվամիջոցներին հղելու փոխարեն կարելի էր օրենքով սահմանված կարգով, հիմնավորված հերքում պահանջել այն լրատվամիջոցից, որի միջոցով տարածվել է նյութը:

Դա տեղի չի ունեցել այն պարզ պատճառով, որ նամակի հեղինակի բնորոշմամբ ՛՛այսպես կոչված լրագրող՛՛ Ադրինե Թորոսյանը հոդվածը պատրաստել է փաստերի հիման վրա, բացառելով սեփական մեկնաբանությունը, հաշվի է առել ՛՛Տեղեկատվության ազատության մասին՛՛, ՛՛Մամուլի մասին՛՛ ՀՀ օրենքների համապատասխան դրույթները, կողմերի համար ստեղծել է հավասար հնարավորություններ՝ կարծիք կամ դիրքորոշում արտահայտելու համար: Այլ հարց է, թե դրանից ո՞վ է օգտվել, ով՝ ոչ: Իսկ նյութը տպագրվել է ոչ անհայտ copy-paste անող լրատվամիջոց, այլ լրատվական դաշտում կենսագրություն ունեցող լրատվամիջոց, որն ունի սեփական նյութատեխնիկական բազան և պրոֆեսիոնալ աշխատակազմը՝ ինչպես մայրաքաղաքում, այպես էլ ՀՀ մարզերում: Մեր ժամանակներում լրագրողի համար ինքնահաստատման և կայանալու ավելի կարճ ու հեշտ ճանապարհներ կան՝ ֆեյսբուքյան անկապ կարգավիճակներ, Ադրինեի և դեռ գոյություն ունեցող տքնող և բարեխիղճ լրագրողների տառապանքից ու չարչարանքից ծնված հոդվածների արտատպում, ավտովթարների, բռնությունների մասին ՛՛Շտապ՛՛ նախատակտով խզբզոցներ, քծնանք և այլն: Ահա այն չափորոշիչները, որոնցով դուք առաջնորդվում եք լրագրողին կայացած որակելու հարցում: 
Հերյուրա՞նք է արդյոք այն, որ 2008 թվականից Հովսեփ Մեսրոպյանն ամեն տարի տարեվերջին աշխատանքից ազատման ծանուցումներ է ստանում տնօրեն Չախմախչյանից: Այս ընթացքում մի անգամ տնօրենի ցանկությամբ 2 ամիս չաշխատելուց հետո հարցը կարգավորվել է նախկին մարզպետի միջամտությամբ: Չախմախչյանն այնուհետև ներողություն է խնդրել Մեսրոպյանից և վերականգնել նրան աշխատանքում: Նույնը կրկնվել է 2011-ին: Այս անգամ էլ Աշխատանքի պետական տեսչության վերահսկողության արդյունքում է ազատման հրամանն անվավեր դարձել: Բացի այդ, Մեսրոպյանի դիմումի հիման վրա ստուգումների արդյունքում տեսչությունը հայտնաբերել է տնօրենի այլ խախտումներ, ինչպես՝ աշխատավարձի սխալ հաշվումներ: Թատրոնի աշխատողները ստացել են իրենց հասանելիք գումարները, տնօրենն էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել ու տուգանք վճարել պետությանը (Չնայած դրանից հետո նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով): 
Ինչ վերաբերում է ձեր նամակին, պիտի խոստովանեմ, որ ցավ ու ափսոսանք ապրեցի՝ կարդալով ութսունամյա թատրոնի մի ամբողջ ստեղծագործական անձնակազմի նամակը, որը հերյուրանքից ու վիրավորական արտահայտություններից զատ՝ որևէ լուրջ հիմանվորում կամ բացատրություն ընթերցողի համար չէր պարունակում: Տարակուսում եմ, ինչպե՞ս է մի ողջ ստեղծագործական անձնակազմ տարիներ շարունակ հանդուրժել ՛՛ոչ պրոֆեսիոնալ՛՛ նկարչին, հավանաբար նրան նշանակող նախկին տնօրենին չհակադրվելու համար …
Որ Հովիկ Չախմախչյանը դերասաններին թողնելով ճանապարհին վերադարձել է՝ խոսում է նրա մարդկային որակների, բայց ոչ երբեք տնօրենի պարտականությունների մասին: Սակայն, երբ տնօրեն Չախմախչյանը ժողով է հրավիրում և քննարկում թատրոնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների առկայության հարցը՝ ծիծաղելի է, մանավանդ, որ այդ մասին խոսում էին դեռ խորհրդային տարիներից: Լավ կլիներ ժողով հրավիրվեր թատրոնի անառողջ մնթնոլորտին, ստեղծագործական կյանքին վերաբերող հարցերի օրակարգով: Ի դեպ, սեռական կողմնորոշումը չի խանգարում լինել պրոֆեսիոնալ ռեժիսոր կամ դերասան, ինչպես չի խանգարել Սոկրատեսին՝ լինել աշխարհահռչակ փիլիսոփա, Ալեքսանդր Մակեդոնացուն՝ հայտնի զորահրամանատար, Լեոնարդո դա Վինչիին՝ նկարիչ, Չայկովսկուն՝ կոմպոզիտոր, Օսկար Ուալդին՝ համաշխարհային դասական գրող, Ֆրեդի Մերկուրիին և Էլթոն Ջոնին՝ ռոք լեգենդ, Ժան Մարեին՝ աշխարհահռչակ դերասան և այլն: Ձեր կողմնորոշումները պահեք ձեր անկողնում, դրանք մեզ հետաքրքիր չեն, մենք թատրոն ենք ուզում, պրոֆեսիաոնալ թատրոն, որի հանդիսատեսին ոչ թե բերման են ենթարկում, այլ հերթագրում են գալիք ներկայացումների տոմսակների ձեռքբերման համար, թատրոն, որը արվեստով կսնուցի ու կդաստիարակի հանդիսատեսին, այլ ոչ թե լրագրողներին վարկաբեկելով և կեղտոտ անկողինը գոյություն չունեցող լվացքատուն ուղարկելով:
Հ.Գ.

Սիրելի աբելյանցիներ, համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ գրագիտությունը և տեղեկացվածությունը կբավարարեր ունենալ սեփական կարծիք խնդրո առարկայի վերաբերյալ և այն ազատորեն արտահայտել: Մի՛ ստորագրեք այլոց նամակների տակ, վաղն ուրիշ տնօրեն է գալու…


Նարինե Ավետիսյան 

«Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին