▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսատ մնացած «բարեկամություն» .«Ժողովուրդ»

Բուլվարային թաղամասի «Արդարամիտների պուրակ» անվանումով հայտնի տարածքը, որը թաղամասի շքամուտքն է ըստ էության, դեռ նախորդ տարվա վերջերին պետք է ունենար այլ անվանում եւ նշանակություն: Պուրակն ու այնտեղ կառուցվելիք հուշարձանը խորհրդանշելու էր հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: (Արդարամիտների պուրակ անվանումը քաղաքային ֆոլկլորի արդյունք է եւ ոչ պաշտոնական անվանում): Այստեղ կառուցվելու էր երեք կամարից բաղկացած հուշարձան, որի ճակատային մասում երկու աղավնիներ էին ուս ուսի տված կանգնելու եւ խորհրդանշելու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:

Կամարներից երկուսն ունենալու էին մոտ 7, իսկ մեկը՝ 9 մետր բարձրություն: Բարեկարգվելու էր նաեւ պուրակը, որտեղ գտնվում է նաեւ մեծ հայորդիներից Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշաքարը: Սակայն, չնայած, որ նախագծի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին դեռ 2014-ի նոյեմբերին, 2015 թ. ապրիլի 9-ի դրությամբ կատարված են միայն բետոնալցման ու հիմնաքարերի տեղադրման աշխատանքները:

Տեղի բնակիչներն իրենք էլ դժվարանում են պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին: Ոմանք ասում են, որ հուշարձանը լինելու էր Հրանտ Դինքին նվիրված, ոմանք նշում են, որ պուրակն էր ուղղակի բարեկարգվելու, երրորդներն էլ կարծիք են հայտնում, որ թաղամասի երեխաների համար խաղահրապարակ էր կառուցվելու, սակայն ֆինանսավորողը մահացել է, ու շինաշխատանքները դադարեցվել են: Այն, որ հուշարձանի կառուցումը ֆինանսավորող բարերարը մահացել է, հաստատում են նաեւ քաղաքի պատասխանատուները եւ նշում, որ այս պահին բանակցություններ են վարում վերջինիս ժառանգների հետ, ովքեր թեեւ համաձայնել են շարունակել հուշարձանի շինարարական աշխատանքները, սակայն ծավալների ճշտման խնդիր կա:  Ի դեպ, պուրակի բարեկարգման աշխատանքների մեջ ներառված է նաեւ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշաքարի վերանորոգումը:

Նշենք, որ Ռուսաստանի հայերի միության՝ Կուրսկի տարածքային բաժանմունքի նախագահի դիմում-գրության հիման վրա Գյումրու քաղաքապետարանը կայացրել է համապատասխան թույլտվության որոշում հիշյալ տարածքում բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին