Գերմանիայում բնակվող մեր հայրենակից բռնցքամարտիկ, IBF վարկածով միջմայրցամաքային չեմպիոն Կարո Մուրադի յուրաքանչյուր հաղթանակը մեզ ազգովի ուրախանալու և հպարտանալու բազմաթիվ առիթներ է տվել:
14 տարեկանից զբաղվել է բռնցքամարտով: Պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտը 2006-ին է եղել, հենց նույն թվականին էլ` առաջին հաղթանակը: Առ այսօր պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 28 մենամարտ, այդ թվում` 25 հաղթանակ, որոնցից 15-ը` նոկաուտով, 1 ոչ-ոքի և ընդամենը 2 պարտություն:
Վերջին մենամարտը այս տարվա հոկտեմբերի 27-ին էր` IBF վարկածով կիսածանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեպիոն Բեռնարդ Հոպկինսի հետ:
ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Կարո Մուրադի հետ.
-Նախ խնդրում եմ պատմեք Ձեր ընտանիքի մասին: Ե՞րբ եք տեղափոխվել Գերմանիա:
-1996 թվականից ապրում ենք Գերմանիայում: Ունեմ շատ ամուր ու մեծ ընտանիք: Արդեն երկու փոքրիկ ունեմ` Շանթը և Սառան:
-Հաճա՞խ եք լինում Հայաստանում: Ի՞նչն եք ամենաշատը հիշում ու կարոտում:
- Այո, փորձում եմ հաճախակի լինել Հայաստանում: Կարոտում եմ բոլորին: Մեր հայրենքիը դրսի հայերիս համար նման է մեծ ընտանիքի:
-Բռնցքամարտիկ դառնալը մանկությա՞ն երազանք էր: Ե՞րբ եք սկսել հետաքրքվել բռնցքամարտով:
-Երազանք չի եղել, պարզապես սկսեցի հետաքրքրվել բռնցքամարտով: 14 տարեկանից զբաղվել եմ այս մարզաձևով:
-Ի՞նչ է բռնցքամարտը Ձեզ համար, ի՞նչ է տվել ու ի՞նչ է վերցրել…
- Տվել է ինձ հաջողություններ, որոնցով ուրախություն եմ պարգևել ընտանիքիս և հայ ազգին: Ինչ վերաբերում է ինչ-որ բան վերցնելուն, ապա կասեմ, որ միայն ժամանակ է խլել:
-Ձեր մենամարտերի ճնշող մեծամասնությունը հաղթանակով է պսակվել. (28 մենամարտից՝ 1 ոչ ոքի, 2 պարտություն): Հավանաբար, բոլորը հիշվող ու տպավորիչ են: Ո՞րն է, այնուամենայնիվ, Ձեր ամենատպավորիչ ու ամենակարևոր հաղթանակը և ինչո՞վ է դա պայմանավորված:
- Ամենակարևոր հաղթանակս 2008 թվականին էր, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն: Եվ իհարկե ամենահիշվող մենամարտերից էր Բեռնարդ Հոփկինսի հետ մենամարտը` այս տարի:
-Այնպես է ստացվել, որ մեր ուժեղագույն բռնցքմարտիկներն օտար դրոշների ներքո են հանդես գալիս: Կցանկանայի՞ք Հայաստանը ներկայացնել:
- Միշտ եմ ներկայացնում:
-Գերմանիայում ապրող մեր բռնցքամարտիկների՝ Արթուր Աբրահամի և Սյուզի Կենտիկյանի հետ մտերի՞մ եք:
-Այո, երկուսն էլ ինձ շատ հարազատ են
-Ո՞րն է ամենակարևոր նպատակը, որին ձգտում եք հասնել:
-Ցանկանում եմ 2014 թվականին դառնալ աշխարհի չեմպիոն և գալ Հայաստան:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան
72157639072821083