«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՂՀ կառավարությունը հուլիսի 8-ին Ազգային օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունն է ներկայացրել այն մասին, թե ինչ նվիրատվություններ են ստացվել ԼՂՀ հակամարտության գարնանային թեժացման օրերին՝ ապրիլից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, եւ ինչպես է բաշխվել օգնությունը, նաեւ գաղտնի տեղեկություններ հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ։
Քանի որ բաշխման գործընթացի վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ՝ բացասական եւ դրական արձագանքներ կային, ստացված օժանդակության ամփոփ պատկերը ԼՂՀ կառավարության աշխատակազմն ուղարկել է նաեւ ԶԼՄ-ներին։ Ըստ այդմ, հուլիսի 1-ի դրությամբ մոտ 7 հազար մարդ եւ կազմակերպություն մոտ 2 մլրդ. 335 հազար դրամ է փոխանցել կառավարության հատուկ հաշվեհամարին, մոտ 3 մլն. դոլար, 173 հազար, 728 եվրո եւ 62 հազարից ավելի ռուբլի։ Ընդհանուր գումարային մուտքը կազմել է մոտ 4,562,175,600 դրամ:
Դրա մեծ մասը ծախսվել է ռազմական տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերման, ինժեներական աշխատանքների, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացման համար, եւ մոտ 200 մլն. ուղղվել է զորակոչված քաղաքացիների եւ կամավորականների դրամական աջակցությանը։
Արցախի Հանրապետություն նաեւ սնունդ, սարքավորումներ, ավտոմեքենաներ են գնացել, որոնք բաժանվել են պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ ԱԱԾ-ին եւ Արտակարգ իրավիճակների ծառայությանը։ 97 մեքենա բաժին է ընկել ՊԲ-ին, հիմնականում UAZ-452 մակնիշի, որոնք ժողովուրդն անվանում է буханка:
Նվիրաբերված ամենալավ ավտոմեքենան՝ միակ Nissan Patrol-ը, թե բանակի գեներալներից ում է բաժին ընկել, կառավարությունում չեն գաղտնազերծում, ասելով․ «Գուցեեւ գեներալի չլինի, այլ կոնկրետ նպատակով կիրառվելիս լինի: Մենք տվել ենք բանակին, իրենք են որոշում, թե ինչ նպատակով են կիրառում։ Ճիշտ էլ չէ այդքան մանրամասները բացել։ Վտանգավոր էլ է ասել, թե որ մեքենան ում է տրված անձնապես, առավել եւս, որ ադրբեջանցիները թիրախավորում էին բարձրաստիճան սպաների մեքենաները»։
Փաստորեն, մեքենաները բաժանվել են բարձրաստիճան սպաներին, որոնք առանց այդ էլ շատ մեքենաներ ունեն։ ԱԱԾ-ն վերցրել է «ջիպոտ» մոդելները՝ մեկ հատ UAZ patriot, երկու հատ UAZ Pik Ap։ 22 հատ ավտոմեքենա ուղարկել են ԼՂՀ շրջանների վարչակազմերին։ 4 հատ մեքենա ստացել են պետական այլ մարմինները, եւս 4-ը, որոնց թվում է նաեւ մի հասարակ NIVA, դեռ չեն բաժանել։ Սննդի եւ տնտեսական ապրանքների տեսականին չեն մանրամասնում, ուղղակի գրված է ՝ 120 հազար տուփ, 10 հազար արկղ, 527 հազար հատ, 173 հազար շիշ ըմպելիք եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում