▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության «ողջամիտ» առաջարկը. «168 ժամ»

«Երեկ հրապարակվել է նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ընդհանուր առմամբ, այն այս տարվա ապրիլին հրապարակված հայեցակարգի լրամշակված տարբերակն է, որը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, և որի հիմնական ինտրիգը, բնականաբար, վերաբերում է կառավարման համակարգին:

Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ իշխանության նպատակը ոչ թե այդ փոխհամաձայնության կայացումն է, այլ ճի՛շտ հակառակը՝ այն, որ կառավարման խորհրդարանական կարգը մերժվի քաղաքական ուժերի կողմից: Հաշվի առնելով այն գնահատականները, որ սահմանադրական բարեփոխումների իրական նպատակը գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության պահպանումն է, թվում է, թե իշխանությունն ամեն ինչ պետք է անի այդ փոփոխություններն անցկացնելու համար:

Սակայն, եթե հիշենք, որ մինչև սահմանադրական փոփոխությունների մասին պաշտոնապես հայտարարելը, մինչև անցած տարվա սեպտեմբերի 4-ը քաղաքական կուլիսներում ինտենսիվ քննարկվում էր, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը նախագահության ժամկետի ավարտից հետո, վերը նշված պնդմանը կարելի է նաև վերապահումով մոտենալ:

Այսինքն՝ չպետք է բացառել, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանին պետք են մինչև վերջին պահն իրավահաջորդի թեման փակ պահելու և դրանով սեփական թիմում անորոշություն չստեղծելու համար: Այդ իմաստով՝ իշխանության համար շահեկան է, որպեսզի փոխհամաձայնություն այդպես էլ չկայանա, և, որ այդ գործընթացը ձգվի հնարավորինս երկար:

Ի վերջո, չմոռանանք նաև, որ Սերժ Սարգսյանն՝ ինքը, հայտարարել է, որ անձամբ դեմ է խորհրդարանական կառավարման կարգին: Եվ ստացվում է, որ հիմա ոչ իշխանական ուժերը պայքարելու են մի բանի դեմ, ինչին դեմ էր(է) նաև Սերժ Սարգսյանը:

Եվ եթե հաշվի առնենք, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հրապարակվեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո, ապա կարելի է նաև չբացառել, որ սա իշխանության «ողջամիտ» առաջարկն էր ոչ իշխանական ուժերին՝ միասին տապալել սահմանադրական բարեփոխումները կամ գոնե խորհրդարանական կարգի ներդրումը՝ մինչև իշխանության, և պատրաստվել հաջորդ ընտրություններին: Կառավարման նախկին՝ նախագահական կարգով»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին