Լրագրող, պատմաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հունվարի 21-ի ցերեկը պարզվեց, որ հրեա լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ստորագրել է մի նամակի տակ, որում ներողություն է հայցում Ադրբեջանի նախագահից՝ քննադատության համար:
Նամակում որևէ խոսք չկա Արցախի մասին:
Սպասելի էր, որ նաև Հայաստանում ու հայ հանրության շրջանում կսկսվի դժգոհություն, թե ծախվեց, էլ մեր կողմից չի կամ նման բաներ: Իհարկե, ես ևս չէի ցանկանա, որ Լապշինը որևէ ընդառաջ քայլ աներ ադրբեջանական պահանջներին, բայց երբ մարդուն մեկ ամսից ավելի մեկուսացած են պահում բելառուսական կալանավայրերում, հնչում են անընդհատ սպառնալիքներ, կա վտանգ, որ կարտահանձնեն Ադրբեջան, իսկ այնտեղ ճակատագիրը չգիտես ինչ է լինելու, ապա ազգությամբ ոչ հայ անհատին առանձնապես չպետք է որ հետաքրքրի հայերի համար մեռնելու սկզբունքը...
Ի վերջո, մենք, հայերս, բացի սոցիալական ցանցերում Լապշինին «հալալա» ասելուց, ի՞նչ ենք անում: Մեր իրավաբանները ակտիվ աշխատում են, որոշ լրագրողներ փորձում են կապ հաստատել միջազգային հանրության հայտնի դեմքերի հետ: Դա կարող է իր արդյունքը ունենալ, բայց չի կարելի միայն սպառողի հոգեբանությամբ նստել համակարգչի առաջ ու ուրիշներից պահանջել հայամետ կեցվածք որդեգրել ու մեռնել մեզ համար:
Ալեքսանդր Լապշինի մարդկային կերպարի մասին չեմ խոսում, այլ հարց է, այստեղ խնդիրը մեզ համար դրական քայլ կատարած մարդուն օգնելու մասին է, որին չպետք է հայհոյենք Ալիևից ներողություն խնդրելու համար: Այդկերպ մենք մեզնից հեռացնում ենք այն փոքրաքանակ գործիչներին, որոնք առանց նավթադոլարների կամ խավիարի սպասելիքի, ինչ-որ բան են անում մեզ համար»: