▲ Դեպի վեր

Ուրբաթ, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Վրաստանի հավաքականին դիմավորում Երևանում

Ինչպե՞ս են Վրաստանի հավաքականին դիմավորում Երևանում

ՍպորտՄեդիա-ն գրում է․ «Մարտի 20-ին ու 23-ին ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականները Ազգերի լիգայի B դիվիզիոնի համար անցումային խաղեր կանցկացնեն։

Երկու թիմերն էլ արդեն հրապարակել են հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Կարևորագույն խաղին ընդառաջ ներկայացնում ենք  Վրաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմը, խաղացողների մարզավիճակը։

Վրաստանի հավաքականը վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցել՝ զարմացնելով ամբողջ ֆուտբոլային Եվրոպային։ ԵՎՐՈ 2024-ում թիմը հասավ մինչև ⅛ եզրափակիչ։ Չնայած ակումբային մակարդակում Վրաստանը չունի Հայաստանի թիմերի գրանցած հաջողությունները, ազգային հավաքականի մակարդակով հարևան երկիրը մեծ առաջընթաց է արձանագրել։ Բացի այդ, Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներից շատերն այսօր խաղում են բարձրակարգ եվրոպական առաջնություններում։

Այս հանդիպումն առանձնահատուկ կարևորություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար, ինչը ստիպել է Վիլի Սանյոլին կազմ ընտրելիս շեշտը դնել միայն արտասահմանյան առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների վրա։

Վրաստանի ազգային հավաքական

Վրաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս արտասահամանյան առաջնություններում՝ այդ թվում՝ Իսպանական Լա լիգայում, Ֆրանսիական Լիգա 1-ում, Ա սերիայում, Բունդեսլիգայում, Չեմփիոնշիփում։ Կան ֆուտբոլիստներ նաև Կիպրոսի, Հունաստանի, Լեհաստանի, Դանիայի, Ավստրիայի և այլ երկրների առաջնություններից։

Վրաստանի հավաքականի առաջատարն, անխոս, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան է։ 24-ամյա ֆուտբոլիստը, որն արդեն հասցրել է դառնալ Իտալիայի չեմպիոն, վերջին խաղերում աչքի չի ընկնում գոլերով, բայց օգնել է իր թիմին «Լիվերպուլի» դեմ դիմակայությունում, որի արգելքը հաղթահարելուց հետո ֆրանսիական ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Ամեն դեպքում ռմբարկուական հատկանիշներով օժտված Խվիչան ազգային թիմի ամենավտանգավոր ֆուտբոլիստն է։ ՊՍԺ-ի հարձակվողը բաց կթողնի երևանյան խաղը դեղին քարտերի պատճառով։ 

ԵՎՐՈ 2024-ի բացահայտումներից մեկը Գեորգի Միկաուտաձեն է։ 24-ամյա ֆուտբոլիստը փայլելով Եվրոպայի առաջնությունում, գրավեց Մարսելի «Օլիմպիկի» մարզչական շտաբի ուշադրությունն ու «Մեցից» տեղափոխվեց Մարսելը ներկայացնող թիմ։ Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանում Միկաուտաձեն մասնակցել է 26 խաղի ու խփել 7 գոլ ու դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։ Միկաուտաձեն Ֆրանսիայի առաջնության 9 խաղում եղել է իր թիմի մեկնարկային կազմում, մնացած դեպքերում մտել է փոխարինման։ Վրացի ֆուտբոլիստը իր դիրքում մրցակցության մեջ է ֆրանսիացի Ալեքսանդր Լակազետի հետ։ Լիգա 1-ի վերջին տուրի «Հավրի» դեմ խաղում, մտնելով փոխարինման 77-րդ րոպեին, Միկաուտաձեն դարձել է 2 գոլային փոխանցման և 1 գոլի հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Ամբողջական հանդիպում Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի Բուխարեստի «Ստյաուայի» դեմ՝ դուբլ ու գոլային փոխանցում և կրկին վրացին լավագույնն է։ Ֆրանսիական փայլող դուետը տրիոյի է վերածում «Սենտ-Էտիենի» հարձակվող Զուրիկո Դավիթաշվիլին։ Նա գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լիգա 1-ի վերջին տուրի ընդհատված «Մոնպելյեի» դեմ խաղում։ 2 գոլային փոխանցում էլ կատարել է «Անժեի» դեմ՝ փոխարինման դուրս գալով 2-րդ կեսի մեկնարկում։  

Հարձակման գծում մեծ ծավալի աշխատանք կկատարեն նաև «Հայդենհայմի» հարձակվող Բուդու Զիվզիվաձեն ու Գիորգի Չակվետաձեն` «Ուոթֆորդից», որոնք նույնպես վերջին խաղերում իրենց թիմերում աչքի են ընկնում ստաբլի գործողություններով։ Հատկապես Զիվզիվաձեն «Հոլշտայն Կիլի» դեմ վերջին տուրի խաղում մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Հոֆֆենհայմի» դեմ արտագնա խաղում, դուրս գալով փոխարինման, իր թիմի համար փրկել է մեկ միավոր։ 2 դեպքում է Զիվզիվաձեն ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Խաղը կառուցելու գործում մեծ դեր կունենա «Լևանտեի» կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին։ 25-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված է եղել իր թիմի մեկնարկային կազմում առաջնության 25 խաղերից 23-ում։ «Ուեսկայի» դեմ վերջին տուրի խաղում դարձել է գոլային փոխանցման, իսկ «Կարթագենայի» դեմ նախավերջին տուրի խաղում՝ գոլի հեղինակ։ Նրա հետ փայլուն համագործակցություն կարող են կազմել հրաշալի մարզավիճակում գտնվող իսպանական «Գրանադայից» Գեորգի Ցիտիաշվիլին ու Օտար Կիտեիշվիլին։ Վերջինս ավստրիական «Շտուրմ Գրացի» կազմում մասնակցել է 22 հանդիպումների, որոնցից 20-ում եղել է մեկնարկային կազմում։Նա իր անվան դիմաց գրանցել է 9 գոլ ու 3 գոլային փոխանցում, իսկ Ցիտիաշվիլին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Ռասինգ դե Ֆորելի» դեմ հանդիպմանը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Գոլի հեղինակ է դարձել նաև «Ռեալ Սարագոսայի» դեմ խաղում։

Կիսապաշտպանությունում և հարձակման գծում, կարծես, ամեն բան կարգին է Սանյոլի թիմի մոտ։ Հնչեղ անունների կողքին վստահաբար իրենց կարող են լավ դրսևորել նաև բավականին երիտասարդ ու խաղային լավ փորձ ունեցող ֆուտբոլիստները։ 

Պաշտպանությունում ամեն բան կարող էր ավելի լավ լինել վրացիների համար, եթե փորձառու Գուրամ Կաշիան բաց չթողներ Հայաստանի հավաքականի դեմ առաջին խաղը։ Տիգրան Բարսեղյանի թիմակիցը, ի դեպ, հավաքականի միակ պաշտպանն է, որ 30+ տարիք ունի ու նաև հավաքականի կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է՝ 123։

Հիմնական կազմի պաշտպաններ կարելի է համարել նաև Լաշա Դվալիին ու Լուկա Լոչոշվիլիին։ ՉնայածԱՊՕԵԼ-ի կազմում վերջին խաղերում միշտ չէ, որ տեղ է գտնում մեկնարկային կազմում, սակայն Սանյոլը վստահում է Դվալիին ու հատկացնում տեղ մեկնարկային կազմում։ Լոչոշվիլին ընդգրկված է եղել «Սալերնիտանայի» մեկնարկային կազմում վերջին 5 խաղերից 5-ում՝ անցկացնելով ամբողջական հանդիպումներ։

Պաշտպանությունը կազմակերպելու գործում մեծ օգուտ կարող է տալ նաև Սաբա Գոգլիչիձեն՝ «Էմպոլիից», որը վերջերս օգնեց իր թիմին  «Յուվենտուսի» դեմ գավաթային խաղում դուրս գալ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ։

Լավ մարզավիճակում է նաև «Կոպենհագենի» պաշտպան Գիորգի Գոչոլեիշվիլին։ Նա «Վիբորգի» դեմ առաջնության վերջին խաղում դարձել է գոլի հեղինակ։ Կոնֆերենցիաների լիգայում էլ մասնակցել է «Չելսիի» դեմ 1-ին խաղին ու «Հայդենհայմի» դեմ 2 խաղերին։

Թիմի հիմնական դարպասապահ Մամարդաշվիլիի ոչ ստաբիլ խաղը կարելի է կապել «Վալենսիայի» անկայուն վիճակի հետ։ Թիմը ներքին առաջնությունում 16-րդն է ու բաց թողած գոլերի քանակով 3-րդը՝ զիջելով միայն մրցաշարային աղյուսակի վերջին 2 տեղերը զբաղեցնող «Լաս-Պալմասին» ու «Ռեալ Վալյադոլիդին»։ Չնայած այս հանգամանքին, 24-ամյա դարպասապահն հասցրել է 5 «չոր» հանդիպում անցկացնել և ընդհանուր առմամաբ Մամարդաշվիլին մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ կարող է որոշիչ դառնալ խաղում։

Տեսնելով Վրաստանի հավաքականի կազմի խորությունը՝ պարզ է դառնում, որ Վրաստանի հավաքականը անելու է ամեն ինչ, տեղը Բ դիվիզիոնում պահպանելու համար։ Այս մասին օրեր առաջ մեզ հետ զրույցում ասել էր նաև Վրաստանի սպորտային լրագրողների միության փոխնախագահ Միխայիլ Աբաիշբիլին։

«Վրաստանում հաղթանակից բացի որևէ այլ տարբերակ չեն քննարկում։ Հեղինակության, արդյունքի ու փորձի համար, թե՛ մասնագետները, թե՛ երկրպագուները նշում են, որ B դիվիզիոնում մնալն անհրաժեշտություն է մեզ համար»,-ասել էր Աբաիշվիլին»։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին