▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են Քոչարյանը և Սարգսյանը 1999 թվ-ին գնահատել ՀՀՇ-ի իշխանության տարիները. Լևոն Պետրոսյան

«Ոչ»-ի շարժման դեմ հակաքարոզչության շրջանակում ներկայիս իշխանությունները որպես ամենազորեղ զենք օգտագործում են ՀՀՇ-ի իշխանության տարիներին իբրեւ-թե կատարված ապօրինությունները, ընտրակեղծիքները, կոռուպցիոն գործարքները եւ հազարումի այլ մեղքեր։ Այդ կապակցությամբ ավելորդ չենք համարում ստորեւ վերահրապարակել Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ. նոյեմբերի 16-ի հանրահավաքային ելույթի՝ «Քոչարյանի ժառանգած ավերված երկիրը» վերնագիրը կրող ենթագլուխը (տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երեւան, 2009, էջ 85–87)։

Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, թե իբր ինքը նախկին իշխանություններից ժառանգել է ավերված երկիր, որը տաս տարվա ընթացքում վերածել է ծաղկուն դրախտավայրի։ Թեեւ կարող է տարօրինակ թվալ, սակայն ես չեմ պատրաստվում պատասխանել այս անհեթեթ մեղադրանքին, որովհետեւ դրան սպառիչ կերպով ժամանակին պատասխանել է ոչ այլ ոք, եթե ոչ ինքը՝ մեր հարգարժան նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այն էլ պատասխանել է ոչ թե սովորական հայտարարությամբ կամ հարցազրույցով, այլ կառավարության որոշմամբ եւ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով։ Խոսքը վերաբերում է «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի մասին» օրենքին, որը 1999թ. նոյեմբերի 30-ին իր ստորագրությամբ վավերացրել է Քոչարյանը։ Այդ պատմական վավերագրում նախկին իշխանությունների օրոք Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի մասին ասված է բառացիորեն հետեւյալը.

«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարեւոր ձեռքբերումներ՝

ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետեւողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը եւ բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականությունը.

բ) ոչ պետական հատվածի ձեւավորումը՝ շնորհիվ զանգվածային մասնավորեցման, եւ դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման գործում.

գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.

դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.

ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.

զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանն էներգոդեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.

է) 1994 թվականից մինչեւ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.

ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում եւ 1994 թվականից պահպանվող զինադադարը.

թ) ժողովրդավարական պետության եւ շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը.

ժ) Սահմանադրության ընդունումը եւ դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձեւավորումը.

ժա) խոսքի եւ մամուլի ազատությունը.

ժբ) այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգը.

ժգ) բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պետության կառավարման գործընթացներում բնակչության պատասխանատու մասնակից դարձնելը.

ժդ) Հայաստանը ներգրավված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եւրոպական, ԱՊՀ եւ տարածաշրջանային կառույցներին: Էական դրական տեղաշարժեր են արձանագրված երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերությունների ոլորտում, որի արդյունքում ձեւավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եւրոպական, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պետությունների հետ բարեկամական փոխշահավետ հարաբերություններ։ Հայաստանը կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին։ Մենք հետեւողական ենք մեր հարեւանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձեւավորման գործում»:

Ինչպես տեսնում ենք՝ ոչ մի խոսք ավերված երկրի կամ նախկին իշխանությունների օրոք դրսեւորված որեւէ արատավոր երեւույթի մասին։ Հետո ասում են, թե ներկա իշխանությունները չեն տվել նախկինների քաղաքական գնահատականը։ Սրանից ավելի լավ քաղաքական գնահատական չէր կարող երազել ոչ մի նախկին իշխանություն։ Քոչարյանին մնում է մեկ բան՝ անիծել շումերներին, փյունիկեցիներին ու Մեսրոպ Մաշտոցին, որ գիր են ստեղծել եւ իրեն դրել այսպիսի անհարմար վիճակի մեջ։ Գիրն, ի դժբախտություն Քոչարյանի, արձան է՝ հավերժական ու անջնջելի։ Պատահական չէ, որ միջնադարյան հայ գրիչների ամենասիրած պատգամը հետեւյալն էր.

«Ձեռս գնայ, դառնայ ի հող,

Գիրս մնայ յիշատակող»։

Լեւոն Տեր-Պետրոսյան

16.11.2007թ

Աղբյուրը` ilur.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին