Սահմանին լարված է, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորքերի որոշակի կուտկում ունի եւ նաեւ ԼՂ-ի շուրջ զորքերի որոշակի կուտակում ունի: Այն գնահատականները, որ տվել եմ կառավարության նիստում, չեն փոխվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ՀՀ վարչապետը սահմանային լարվածության ֆոնին հեռախոսազրույցներ ունեցավ Իրանի, Վրաստանի, Ֆրանսիաի, Գերմանիաի, ԱՄՆ-ի ղեկավարների հետ, սակայն զրույց չեղավ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Իրականում առաջին զանգը հենց ՌԴ նախագահին է եղել, որովհետեւ վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ եւ մյուսների հետ չեմ խոսել: Ասեմ, որ այդ զանգերի իմաստն ու նպատակը նաեւ այն էր, որ այն գործընկերներին, որոնք մեծ հավանականությամբ որոշ նրբությունների տեղեկացված չեն, նրանց այդ տեղեկությունները փոխանցվեն, իսկ ՌԴ նախագահը այս իրավիճակի մասին մասին վստահաբար տեղեկացված է:
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի իրավիճակն սկսվում է 2022-ի դեկտեմբերից: Այդ ժամանակից մինչեւ այս պահը մեկ տասնյակից ավելի զրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որոնք կարծում եմ՝ պետք էր եւ արժեր կիսել նրանց հետ, իսկ ՌԴ նախագահի հետ վաղուց կիսել ենք: Այս առումով, ցավոք, մեր խոսակցությունից ի վեր, իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության կարիք լիներ ՌԴ նախագահի հետ: ըստ անհրաժեշտության այդ հեռախոսազրոույցները կարող են տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը;