Վարդան Բադալյանը ծնվել է 1984 դեկտեմբերի 21-ին` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում: Դեռ մանկուց սիրել է երգել, մասնակցել է դպրոցական տարիներին կազմակերպված տարբեր միջոցառումների: Շրջագայություններով հադես է եկել աշխարհի տարբեր երկրներում, հայաշատ համայնքներում: Շուտով կթողարկի հերթական ձայնասկավառակը:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրուցել է երգիչ Վարդան Բադալյանը:
-Ի՞նչ հիշարժան դեպք կարող է հիշել Վարդան Բադալյանն իր մանկության տարիներից:
-Դպրոցական տարիներին մի դեպք է եղել, անկարգություն էինք արել, որի համար մեզ հեռացրին դպրոցից: Պատերազմական տարիներն էին, մենք էլ որոշեցինք, որ վառարանի մեջ փամփուշտ պետք է գցենք. դա է եղել ամենահիշարժան դեպքը:
-Կյանքը պայքար է, հանուն ինչի՞ է Ձեր պայքարն այս կյանքում:
-Երբ սկսում ես պատկերացնել, որ կյանքը պայքար է, դա արդեն էլ կյանք չի կարող համարվել: Ուղղակի կարելի է ասել` արդարության համար կարելի է պայքարել, և ոչ միայն:
-Ինչպե՞ս եք պայքարում ձախողումների դեմ:
- Ձախողումներ լինում են, բնականաբար, բայց աշխատում եմ թեթև տանել, սնահավատ չեմ: Իմ խորին համոզմամբ` Աստված մարդուն այնքան դժվարություն է տալիս, որքան մարդը կարող է տանել այն:
-Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք:
- Առաջինը` երբեք չանել այն, ինչը դուր չի գալիս ինձ: Չեմ սիրում, որ ինձ ստում են, և ես էլ երբեք ոչ ոքի չեմ ստում: Չեմ սիրում սուտն ու կեղծիքը: Եթե ինչ-որ բանի մեջ կեղծիք կա, դա վաղ թե ուշ երևալու է միանշանակ:
-Զղջո՞ւմ եք չարածի համար:
-Ո՛չ, երբեք չեմ զղջացել. ինչի՞ համար, եթե դա պետք է լիներ, եղել է: Կան մարդիկ, ովքեր ասում են` ինչ լավ կլիներ, եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալ` որևէ բան անելու համար. ոչ, ես այդպիսի մարդկանցից չեմ:
-Երբևէ արտասվել ե՞ք որևէ բանի, կամ որևէ մեկի համար:
-Ես շատ զգայուն մարդ եմ: Հնարավոր է` անգամ հեռուստացույց դիտելիս արտասվեմ` ինչ-որ մի դժբախտ դեպքի կամ հուզիչ տեսարանի պատճառով:
-Ինչի՞ց եք վախենում:
-Ամենաշատը պատերազմներից եմ վախենում:
-Համարձա՞կ մարդ եք:
-Շատ համարձակ չեմ: Ճակատագրական կարևոր պահերին կարողանում եմ հեշտ կողմնորոշվել: Հնարավոր է` դժվարություն ունենամ, բայց երբեք ցույց չտամ:
-Ո՞րն է եղել Ձեր մասնագիտության ընտրության դրդապատճառը:
-Դեռ մանկապարտեզ հաճախելու տարիներից էլ ես երգել եմ, ու դա ինքնաբերաբար է ստացվել: Հայրս էլ է երգում, երևի նրանից է փոխանցվել այդ տաղանդը:
- Եթե ոչ երգիչ, ապա ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Երևի էլի արվեստի բնագավառում, գուցե նկարիչ: Նկարչի մասնագիտությունն ինձ շատ դուր է գալիս:
-Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունեք կյանքի ներկա փուլում:
-Ավելի շատ նպատակներ ունեմ, քան երազանքներ, որոնցից մեկը ժողովրդական երգերի ձայնասկավառակ ձայնագրելն է:
-Ունե՞ք անձնական մեքենա, և երբևէ խախտում կատարե՞լ եք:
-Այո, ունեմ: Հաճախ են լինում խախտումներ, որոնց վերաբերյալ նամակներ եմ ստանում: Իհարկե, խախտումները ոչ միտումնավոր եմ կատարում: Աշխատում եմ չանել երբեք:
-Կա՞ արվեստի բնագավառում մեկը, ով Ձեզ համար ուսուցիչ է համարվում:
- Ունեցել եմ այսպես ասած երեք ուսուցիչներ, մեկը ուսումնարանից, մյուսը կոնսերվատորիայից, մեկն էլ երգի թատրոնից: Ամեն մեկից մի բան սովորել եմ, ու մինչև հիմա էլ սովորում եմ:
-Ո՞ւմ կամ ի՞նչն եք առավել հաճախ կարոտում:
- Վերջին մեկուկես տարում ամենաշատը կարոտում եմ տղայիս, թեկուզ չտեսնեմ մեկ ժամ էլ, միևնույն է` կարոտում եմ: Եվ հաճախ եմ կարոտում Շուշին,Գանձասարը:
-Հնարավո՞ր է արդյոք թողնեք բեմը:
-Հայտնի խոսք կա, որ երբեք մի ասա երբեք, գուցե, չեմ կարող ասել:
- Որտե՞ղ է հանդիսատեսն ավելի ջերմ` Հայաստանու՞մ, թե՞ Սփյուռքում
-Երևի ավելի շատ Սփյուռքում, դա ավելի շատ կարոտից է:
-Ի՞նչ կցանկանաք հայ ժողովրդին:
-Խաղաղություն եմ ցանկանում: Պապիկս մասնակցել է պատերազմին, ու միշտ ասում էր, որ ամենալավ հաղթանակը խաղաղությունն է:
Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի