Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ մոլերի եւ խանութների դեպքում այդ կարգավորումը չկա․ կարծում եմ՝ փուլ առ փուլ պետք է դրանց դեպքում էլ նույն կարգավորումները լինեն։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրային սննդի եւ ժամանցի մի շարք վայրեր այցելելու համար պատվաստումը հավաստող QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջին։
Փաշինյանը, անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե արդյոք իրենից եւ ընտանիքի անդամներից պահանջել են ներկայացնել QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, երբ, ըստ առկա տեղեկությունների, կիրակի օրը Դիլիջանի ճանապարհին գտնվող սրճարաններից մեկն են այցելել, ասաց, որ պահանջել են։
«Իհարկե, պահանջել են, եւ շատ հաճելի էր, որ պահանջեցին։ Շատ հետաքրքիր էր, որ դա ամենեւին բարդություն չներկայացրեց։ Երբ սուրճ խմելու մտանք, շատ մարդ կար այդտեղ, բոլորի դեպքում էլ ստուգել էին։ Իմ ընտանիքի անդամներից մեկը պատմեց, որ երբ սրճարանում նստած են եղել, եւ սկզբից ստուգել են, հետո նոր մատուցող է մոտեցել, ներողություն խնդրել, ասել է՝ նախորդ մատուցողի ժամն ավարտվել է, ինքն է եկել, եւ նորից է կոդը ստուգել, ինչը շատ հաճելի պրակտիկա է։ Խոսքը հանրային առողջության մասին է, երբ ակնհայտ է, որ մեր մոտ թվերն էապես աճելու են՝ «Օմիկրոն» շտամն արդեն Հայաստանում է, եւ մենք պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել հանրային առողջությունը՝ այդ թվում տնտեսվարողներին պատշպանելու համար։ Մենք կարող ենք չանել էդ միջոցները, համավարակն էնքան տարածվի, որ ստիպված լինենք նորից գնալ լոքդաունների, եւ էդ ռեստորաններն ու սրճարանները ստիպված կլինեն 1-2 ամիս փակվել բառի բուն իմաստով, իսկ մենք այս քայլերն անում ենք, որ չգնանք դրան։ Մոնիթորինգ ենք արել եւ պարզել, որ գործնականում բոլոր ռետորաններն ու սրճարանները պահում են այդ կանոնները։ Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ մոլերի եւ խանութների դեպքում այդ կարգավորումը չկա․ կարծում եմ՝ փուլ առ փուլ պետք է դրանց դեպքում էլ նույն կարգավորումները լինեն։ Մեզ մոտ պատվաստման պարտադրանք չկա՝ կամ պատվաստվել, կամ թեստավորվել։ Մեզ ասում են՝ ինչի՞ եք մարդկանց ծախսի տակ քցում, բայց մենք ծախսի տակ չենք գցում, ասում ենք՝ գնացեք ու պատվաստվեք, դա անվճար է։ Ես, իմ ընտանիքի բոլոր անդամները պատվաստվել ենք՝ բացի փոքրերից, որոնցից մեկը շուտով կպատվաստվի, ես արդեն երրորդ դեղաչափն եմ ընդունել, այսինքն, առաջին հերթին մենք ենք դա արել։ Անգամ եվրոպական երկրներում շատ մեծ դիմադրություն կա այս ամենի հանդեպ, բայց մեր հանրությունը շատ մեծ գիտակցություն ունի եւ ըմբռնումով է մոտենում։ Շնորհակալություն նաեւ տնտեսվարողներին, որ պահում են կանոնները, իսկ դա չանելու դեպքում կառավարության տեսչական մարմինները միջոցներ ձեռնարկելու բոլոր իրավասություններն ունեն»,- նշեց Փաշինյանը։
Դիտեք նաև՝