▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչեր կկորցներ Գագիկ Ծառուկյանը, եթե առճակատման գնար. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից ու հաշտությունից հետո պարզ է դառնում, որ ԲՀԿ առաջնորդին պատկանող ընկերություններում ստուգումները դեռ չսկսված, ավարտվել են: Որպես հաշտության ժեստ՝ Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կհանձնարարի դադարեցնել ստուգումներն, ու այդպես ԲՀԿ առաջնորդն «անառիկ» կպահի իր բիզնեսները: «Ժողովուրդը» կներկայացնի, թե ըստ պաշտոնական տվյալների՝ որքան կարողություն ունի Գագիկ Ծառուկյանը` այդպիսով ի ցույց դնելով, թե իր հաշտության քայլով ինչեր կարողացավ պահպանել ԲՀԿ առաջնորդը:

 

Իր կարողությամբ տեր եւ տիկին Ծառուկյանների հետ մրցել չի կարող Հայաստանի ոչ մի պաշտոնյա. նրանք անգերազանցելի են: Համոզվելու համար բավական է մեկ անգամ նայել Գ. Ծառուկյանի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի եւ ունեցվածքի հայտարարագիրը:

Գագիկ Ծառուկյանը 2013 թվականին 4,8 միլիարդ դրամ արժողությամբ հասարակական շինության առք եւ վաճառք է կատարել: Նա նաեւ վաճառել է իր ունեցած հողամասերից մեկը՝ 100,2 միլիոն դրամ արժողությամբ: ԲՀԿ առաջնորդը 2 հատ «Toyota Land Cruiser 2.0» մակնիշի ավտոմեքենա է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 18,2 միլիոն դրամ:

ԲՀԿ առաջնորդի դրամական ունեցվածքը 2013 թվականին կազմել է 25,8 միլիարդ դրամ, 41,3 միլիոն դոլար եւ 23,3 միլիոն եվրո: Պատգամավորը հարկային տարում ունեցել է 1,8 միլիարդ դրամի, 25 միլիոն դոլարի եւ 150 հազար եվրոյի եկամուտ կանխիկ փողով, ինչպես նաեւ՝ 4,9 միլիարդ դրամի չափով եկամուտ՝ բնամթերքով: 2013թ. նրա հանձնված կամ վերադարձված փոխառությունները կազմել են 24,7 միլիարդ դրամ, 17,6 միլիոն եվրո եւ 7 միլիոն ԱՄՆ դոլար:

ԲՀԿ առաջնորդի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, հայտարարագրել է 25 միլիոն դրամ եւ 31 հազար եվրո ունեցվածք: 2013-ին նա 8 միլիոն 534 հազար դրամ արժողությամբ թանկարժեք սպասք է գնել: Իսկ պատգամավորի դուստրը` Անահիտը,  32 հազար դոլարի եւ 72 հազար եվրոյի եկամուտ է հայտարարագրել:

Գագիկ Ծառուկյանն ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ եւ դրամական միջոց, արժեթուղթ եւ ներդրում հայտարարագրած պատգամավորն է: Բացի այդ՝ Armlur.am-ը ներկայացրել էր, թե 1000 խոշոր հարկատուների ցուցակում ԲՀԿ առաջնորդին պատկանող քանի ընկերություն է ներկայացված: Դրանք շատ չէին ու համեստ հորիզոնականներում էին գտնվում: Ու որքան էլ Սերժ Սարգսյանն ընդամենը մի քանի օր առաջ հաստատակամորեն պնդում էր, որ Գ. Ծառուկյանը չարիք է, ու նրա հարկային վճարումները մանրակրկիտ ստուգման են ենթակա, իրողությունն այն է, որ այս պահին ու առաջիկայում ԲՀԿ առաջնորդը քաղաքականապես մեկուսացված է լինելու, իսկ հարկային վճարումները շարունակելու է կատարել «աչքաչափով»:

Հեղինակ` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին