▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ «փոխզիջման» մասին էր խոսում Նազարբաեւը.«Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը հայտարարել էր, թե. «Հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն  պահանջող այն հարցում, թե որ սահմաններով  է Հայաստանն  անդամակցելու:  Այդ հարցն արդեն հանված է»: 

Թե ինչ «փոխզիջման» մասին էր խոսում Նազարբաեւը, մինչ օրս պաշտոնապես չի պարզաբանվել ՀՀ իշխանությունների կողմից: Անցած հինգ օրերին իշխանության ներկայացուցիչներից կարծես թե միայն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն է անդրադարձել մաքսակետի խնդրին` հանդես գալով առկա մտահոգություններն առնվազն չնվազեցնող անորոշ հայտարարություններով: Նա հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում ասել է, թե. «ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների  առարկա չի եղել, եւ երկրորդ` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում դրա մասին որեւէ կետ չկա: Այնտեղ պարզապես նշվում է շատ տրամաբանական մի ձեւակերպում, որ պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է»:

Թե ինչ է գրված պայմանագրում, ԱԳՆ գործադրած ջանքերին հակառակ, ստորագրումից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, սակայն թե ինչպես է տրամաբանական ձեւակերպումներից խոսող ԱԳ փոխնախարարը հավաստիացնում, որ մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, ա՛յ, դա արդեն դժվար է հասկանալ: Հատկապես, եթե հիշում ենք, որ թե՛ անցած դեկտեմբերին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզը» «հատուկ կարծիքով», մաքսակետի հետ կապված վերապահմամբ ստորագրելով, թե՛ այս տարվա մայիսին Աստանայում նույն պահանջով Ալիեւի նամակը ընթերցելով՝ Նազարբաեւը, փաստորեն, մաքսակետի հարցը դարձրել էր ՀՀ անդամակցության գլխավոր նախապայմանը` գոնե Ղազախստանի համար: Եվ հիմա պնդել, թե այդ հարցը բանակցությունների առարկա չի եղել, մեղմ ասած` ոչ լուրջ մոտեցում է: Ճիշտ նույնքան, որքան Նազարբաեւի նշած «փոխզիջման» էության մասին հարցին ի պատասխան ԱԳ փոխնախարարի ներկայացրած պարզաբանումը, թե. «Հայաստանը պարզապես վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղը չի հանդիսանում ՀՀ մի մասը, եւ մենք ԼՂՀ հետ հարաբերությունները կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ` չճանաչելով դե յուրե` հորիզոնական ձեւով»:

Դիվանագիտական այդ բառակույտի մեջ հարկ է ուշադրություն դարձնել պայմանագրի`  Քոչարյանի նշած տրամաբանական ձեւակերպմանը` «պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է», եւ դա համադրել արդեն Քոչարյանի հաջորդ նախադասությունում ներկայացված` «Ղարաբաղը չի հանդիսանում ՀՀ մի մասը» հայտարարության հետ, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Ցավալիորեն:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին