newsbook.am-ը գրում է, որ Նախագահականի կայքում զետեղված հաղորդագրությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին, պարունակում է նաև լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես են դերասաններ Տիգրան Ներսիսյանը և Արմեն Էլբակյանը հովանոց պահում Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի գլխավերևում:
Լուսանկարները բուռն քննարկումների պատճառ են դարձել սոցիալական ցանցերում: Օգտատերերը խիստ քննադատության են ենթարկել դերասաններին՝ հիմնականում ընդգծելով, որ անթույլատրելի է երկրում առկա բազմաթիվ խնդիրների հիմնական պատճառ հանդիսացող ու ժողովրդի կողմից չընտրված Սերժ Սարգսյանին ծառայելը:
Կայքի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասել է, որ ինքը չի կարդացել Facebook-ում իրենց հասցեին հնչեցված քննադատությունը, քանի որ այդ գրառումներն իրեն չեն հետաքրքրում:
«Նախ, դա կոչվում է ամպհովանի, ոչ թե հովանոց: Երկրորդ՝ ինչ ուզում են, թող գրեն: Ինձ դա չի հետաքրքրում»,- ասել է Էլբակյանը: