«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզում միջանցք բացելու թեման, կարծես թե, փակված չէ։ Բանն այն է, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները շարունակում են բարձրաձայնել եւ խոսել այդ միջանցքի մասին՝ յուրաքանչյուր հայտարարության մեջ յուրաքանչյուրը նկատի ունենալով իր մտքինը:
Եվ այսպես, Թուրքիան եւ Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում են, թե այս միջանցքը պետք է բացվի։ Օրինակ՝ սեպտեմբերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Ալիեւը հայտարարել էր. «Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում։ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին»։ Իսկ աշխարհաքաղաքական որեւէ այլ կենտրոն մինչ օրս չի հայտարարել այդ միջանցքի կամ ճանապարհի չլինելու մասին։ Տպավորություն է ստեղծվում, թե այսպիսով աշխարհում կա կոնսենսուս՝ Հայաստանը պետք է տրամադրի այս միջանցքը Ադրբեջանին, բայց չկա կոնսենսուս՝ ինչ փաստաթղթի հիման վրա պետք է այն լինի եւ ինչ կարգավիճակով:
Արդյոք խոսքը 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի՞ մասին է՝ կնքված Փաշինյանի, Պուտինի ու Ալիեւի միջեւ, որտեղ կա այսպիսի ձեւակերպում. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Արդյոք ճանապարհի վերահսկողությունը պետք է անի հայկակա՞ն կողմը։
Մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ ճանապարհ է տալու, սակայն խուսափում է միջանցք ձեւակերպումից։ Այս առումով Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպումը ճակատագրական է, եւ հենց այնտեղ է որոշվելու, թե որ փաստաթղթի հիման վրա կտրվի միջանցք-ճանապարհը: Բացի այդ, կորոշվի՝ ինչ նոր արհավիրք է սպասվում, եթե հայկական կողմը հրաժարվի որոշում կայացնելուց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես նշել է, թե ճանապարհների ապաշրջափակումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար։ Ամերիկյան կողմը խոսում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին։ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը», – սեպտեմբերի 21-ին ասել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նման հայտարարություններ հաճախ անում է նաեւ եվրոպական կողմը: «ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- երեկ էլ նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մոցելան: Այսպիսով, իրավիճակը ցույց է տալիս, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տա այդ միջանցքը, բայց Արեւմուտքը չի ցանկանում, որ դա որեւէ դեպքում լինի ռուսական վերահսկողության ներքո։ Այնուամենայնիվ, պե՛տք է լինի: Թե ինչ գնով եւ ում վերահսկողությամբ, պարզ կդառնա այս ամսվա վերջին Բրյուսելում։
Այսինքն՝ անգամ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել 2021թ. զավթած՝ ՀՀ ճանաչված սահմաններից մոտ 140 քառ. կիլոմետր տարածքները: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառավարման անկարողության մասին»: