▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են ասելու ականջին. «168 ժամ»

«Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: Այս այցի մասին ռուսական պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են արդեն մի քանի օր՝ բավական մեծ նշանակություն տալով դրան: Երեկ էլ Նալբանդյանի այցի կապակցությամբ պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը, որում, բացի տեղեկատվությունից, նաեւ որոշակի հետաքրքիր նրբերանգներ կան հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ռուսական կողմի գնահատականների մասով:

Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշված է, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեհաջող համագործակցություն է ձեւավորվել գլոբալ եւ տարածաշրջանային «հիմնական թեմաների շուրջ», իսկ երկու երկրների դիրքորոշումները հարցերի «մեծ մասում» կամ մոտ են, կամ գրեթե համընկնում են: Այսինքն՝ Ռուսաստանը դեռեւս դիվանագիտորեն արձանագրում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում կան հարցեր, որոնց շուրջ երկու պետությունների դիրքորոշումներն ամբողջությամբ չեն համընկնում:

Նման հարցերը, իհարկե, բազմաթիվ են, սակայն դրանցից ամենագլխավորն ու կենսականը Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն է Ադրբեջանին, ինչի մասին վերջերս բարձրաձայնել է ինչպես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ՝ Էդվարդ Նալբանդյանը: Դրանից հետո Հայաստան եկավ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ հերթական անգամ Ադրբեջանին զենքի վաճառքը որակեց՝ որպես «բիզնես գործարք»:

Ի դեպ, Նալբանդյանն իր այցի շրջանակներում հանդիպելու է նաեւ Նարիշկինի հետ: Հետաքրքիրն այն է, որ ռուսական կողմը մեծ, չափազանց մեծ նշանակություն է տալիս ՀՀ արտգործնախարարի այս այցին, որն այլ պայմաններում պետք է որ այդքան չկարեւորվեր: «Ակնկալում ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան կարեւոր իրադարձություն կդառնա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման գործում, կծառայի ռուս-հայկական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը»,- նշված է ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության մեջ:

Իրականում ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, եւ դա տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից՝ հետեւողականորեն եւ միակողմանիորեն հայաստանի շահերը ոտնահարելու, ու իշխանությունների կողմից՝ դա խոհեմաբար ընդունելու արդյունքում:
Հիմա, երբ Հայաստանի իշխանություններն սկսում են, թեկուզ շատ զուսպ, բարձրաձայնել այդ մասին, Ռուսաստանը կարծես սկսել է անհանգստանալ, ու քարոզչական հոսքերից այնպիսի տպավորություն ՝ ստեղծվում, թե Նալբանդյանին կանչել են Մոսկվա՝ պարզաբանումների համար»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «168 ժամ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին