▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞ նչ կնվիրի Աշոտ Ղազարյանը իրենց տուն գնացած հարսին

ASEKOSE.am–ի  և Megapolis.am   հարցերին պատասխանում է ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանը:

-Պրն  Ղազարյան,  բոլորին  հայտնի եք Ձեր հումորով: Այն Ձեզ մանկո՞ւց էր բնորոշ:

-Այո: Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ գերիշխել է հումորը:  Հայրս, լինելով մանկավարժ (ծնողներս Էջմիածնի Գևորգյան ճեմարանում են սովորել),  շատ  կատակասեր էր, որ դպրոցական ընկերներս ուրախանալու նպատակով  գալիս էին մեր տուն` հատուկ նրա հետ զրուցելու:

 Մեր տանը բոլորս էլ հումորով էինք,  միայն քույրս էր բացառություն:

-Կա՞ օր, որ հումոր չեք անում:

- Այդպիսի օր չկա: Այնպես չէ, որ ես հատուկ եմ հումոր անում. պահի տակ է ստացվում:

- Հայերը ծիծաղել գիտե՞ն:

-Գիտեն, բայց  մեզ մոտ ավելի շատ տխրելն է ստացվում: Օրինակ` խնջույքի ամենաթեժ պահին, երբ բոլորը ուրախանում են` երգում են, պարում և այլն, հանկարծ մեկը մոտենում է երաժիշտներին ու ասում. «Մի հատ «Ձախորդ օրերը» նվագիր», որպեսզի սկսի լացել: Բայց, ընդհանուր առմամբ, իհարկե ինչպես ծիծաղել, այնպես էլ  ծիծաղեցնել գիտեն:

-Իսկ ավելի հեշտ է մարդկանց ստիպել ծիծաղե՞լ,  թե լացել:

-Իհարկե լացեցնելն  ու տխրեցնելն ավելի հեշտ է, իսկ ծիծաղեցնելու համար պետք է ի վերուստ տրված տաղանդ ունենալ:

- Մարդկանց շրջանում այդչափ ծիծաղ առաջացնող մարդը հաճա՞խ է տխրում:

- Ինչպես բոլոր մարդիկ, ես էլ ունեմ իմ հոգսերն ու մտածմունքները, հաջողություններն ու անհաջողությունները: Միշտ չէ, որ ես ուրախ եմ լինում, բայց երբեք իմ վատ տրամադրությունը չեմ փոխանցում դիմացինին: Եթե ես տխուր լինեմ, դիմացինս այդ մասին հաստատ չի զգա` ժպիտի ու կատակների ներքո քողարկում եմ տխրությունս` դիմացինիս դրական լիցքեր փոխանցելով:

-Իսկ կյանքն առանց հումորի, Ձեզ համար նույնն է, ինչ կյանք առանց…

-Առանց հումորի դժվար է: Կատակը օդ ու ջրի նման  մի բան է: Պատկերացնում եք` այսօրվա բարդ աշխարհում հանկարծ մարդկանց դեմքից ժպիտը վերանա: Կարելի է ապրել առանց հումորի, բայց  ո՞ւմ է պետք նման մռայլ  կյանքը: Առանց հումորի կյանքը շատ բարդ ու անհետաքրքիր է:

-Հումորի վարպետներից ովքե՞ր  են Ձեզ համար օրինակ ծառայել:

-Չարլի Չապլինը, Արկադի Ռայկինը, Մհեր Մկրտչյանը և այլն: Նրանք բոլորն  էլ մեծ ողբերգակներ են եղել, հումորիստներ չեն, նրանց  միայն խոսքն էր  հումոր:

-Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը` զրուցակցին, մեկը` զրուցավարին, իսկ երրո՞րդը…

-Երրորդն էլ այն աղջկան, ով կլինի մեր տան հարսը (ժպտում է):

-Իսկ ի՞նչն է Ձեզ առանձնացնում մյուսներից:

-Բոյս: Իմ բոյի  հումորիստ շատ քիչ կա (ժպտում է):

- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից որո՞նք են ավելի շատ զայրացրել, որոնք` զվաճացրել:

-Անկեղծ ասած` իմ մասին ասեկոսեներ չեն եղել: Միայն ստեղծագործություններիս  հետ կապված են եղել սխալ հոդվածներ: Օրինակ` ներկայացումներիցս մեկի մասին մի լրագրող սխալ մեկնաբանությամբ հոդված էր գրել: Հետո պարզվեց, որ նա իմ այդ ներկայացումը նույնիսկ չի էլ դիտել: Բայց ես չվիրավորվեցի` հասկանալով, որ նրա մակարդակն էլ այդքան է:

- Յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ ընկնում  ենք  մտորումների  մեջ: Դուք հաճա՞խ եք մտորում ու հիմնականում ինչե՞րի  շուրջ:

-Իմ  մտորումները ավելի շատ մասնագիտությանս վերաբերյալ են: Օրինակ, երբ տքնաջան աշխատելով որևէ ներկայացում հանձնում եմ հանդիսատեսի (հեռուստադիտողի) դատին, հանձնելուց  հետո ես ինձ շատ դատարկ եմ զգում:Ու դրանից հետո է, որ  ես սկսում եմ մտորումների մեջ ընկնել. նոր մտահղացումներ, նոր ծրագրեր, նոր գաղափարներ…Տանը փակվում եմ իմ սենյակում ու ժամերով  մտածում, նշումներ անում թղթի վրա և այլն:

-Ասում են` ապրելու երկու ձև կա: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես այս աշխարհում  ամեն ինչ հրաշք է: Իսկ ինչպե՞ս եք նախընտրում ապրել Դուք:

-Այս աշխարհում իսկապես ամեն ինչ հրաշք է: Ինձ համար աշխարհի ամենամեծ հրաշքը թոռնիկս է:

-Էյնշտեյն. «Ձգտեք ոչ թե հաջողության հասնելուն, այլ նրան, որ ձեր կյանքը իմաստ ունենա»: Ինչպե՞ս է իմաստավորում իր կյանքը Աշոտ Ղազարյանը:

- Իմ աշխատանքով, իմ արած գործերով, կարիքավոր մարդկանց օգնելով, տառապելով ու ուրախանալով իմ ժողովրդի հետ միասին: Շատ հաճախ մարդիկ ինձ խոստովանում են, որ ինձ սիրում են հատկապես այն բանի  համար, որ 90-ականներին, երբ բոլորը հեռացան երկրից, ես մնացի իրենց կողքին:

-Իսկ որո՞նք են Ձեր կյանքի  սկզբունքները:

 -Նվիրվածությունը, բարությունը,  մաքրությունը, նաև հավատը առ Աստված:

-«Գարունը այնքան ծաղիկ է վառել,

Գարունը այնպես պայծառ է կրկին,

Ուզում եմ….»:Շարունակեք միտքը` Ձեզ ցանկալի ձևով:

-Գարնան գալով, թող նոր զույգեր ծանոթանան, ամուսնանան, ընտանիքներ կազմեն և այլն:

 - Իսկ ինչպե՞ս եք պայքարում ձախողումների դեմ:

-Ձախողումների ու սխալների վրա ենք  սովորում ապրել: Իսկ ձախողումները աշխատասիրությամբ կարելի է հաղթահարել, չնայած ես չեմ սիրում ձախողումներ: Երիատասարդ տարիքում, իհարկե, շատ են լինում ձախողումներ, բայց այս տարիքում անթույլատրելի են դրանք:

-Պարոն Ղազարյան, իսկ ինչից՞ եք վախենում:

-Հարազատ մարդկանց կորցնելուց:

-Ունեք բազում տիտղոսներ ու կոչումներ: Ի՞նչ նշանակություն ունեն  դրանք Ձեզ համար:

-Այնքան էլ նշանակություն չունեն: Հաճախ ինձ ներկայացնելուց հաղորդավարները հարցնում են, թե ինչպես ներկայացնեն,  ես ասում եմ` միայն Աշոտ Ղազարյան, առանց որևէ կոչման:

Բայց «Երևանի պատվավոր քաղաքացու» տիտղոսը  ինձ համար մեծ նշանակություն ունի, որովհետև ես բնիկ երևանցի եմ ու շատ եմ սիրում իմ քաղաքը:

- Մի փոքր պատմեք Ձեր դպրոցի մասին:

- Դպրոցում ճիշտ ու մաքուր հումեր է  դասավանդվում, այստեղ  դասավանդվում է նաև դերասանի վարպետություն, խոսքի նշակույթ, արվեստի պատմություն, երգ, պար  ու այլն: Հաճած ացելում ենք մանկատներ, ծերանոցներ` փորձելով այնտեղի  կյանքը մի փոքր ուրախացենլ:

Սա ինձ համար բիզնես չէ. շատ չնչին  է աշխատավարձը: Նույնիսկ լինում են դեպքեր, որ ես աշխատավարձ չեմ ստանում. չի հերիքում: Այն որ, շատ երեխաների փողոցից կտրել ենք, դա մեծ գործ է: Ես սիրում եմ իմ գործը, որովհետև հայրենանվեր գործ է: Իհարկե ժամանակ եմ կորցնում, նյարդեր, քանի որ երեխաների հետ շատ դժվար է աշխատել, բայց երբ  գիտակցում եմ`  լավ գործ եմ անում, շարունակում եմ այն:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին