▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրաշամանուկ» նախարարն ամեն ինչից «գլուխ է հանում».«Ժողովուրդ»

Հայաստանում պաշտոնյաները մեծապես նշանակվում են ոչ թե մասնագիտական ունակություններով ու կարողություններով պայմանավորված, այլ պաշտոնյային «չնեղացնելու» կամ ուրիշ շահադիտական դրդապատճառներով: Ու շատ հաճախ այնպիսի տպավորություն է, որ հայրենի պաշտոնյաների մեծ մասը «հրաշամանուկներ» են եւ հաջողությամբ կարողանում են գլուխ հանել բոլոր ոլորտներից:

Օրինակ՝ Արամ Հարությունյանը, որ նախօրեին նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, մասնագիտությամբ   ճարտարապետաշինարար է: 1984-1985թթ Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամասում բանվոր է աշխատել: Այնուհետեւ ճանապարհաշինարարական տեղամասի բանվորը կարճ ժամանակ անց «տեղավորվել է» գյուղատնտեսական ոլորտ՝ 4 տարի աշխատելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեում որպես քարտուղար: Բայց քարտուղարի աշխատանքն էլ նրան չի բավարարել, եւ Արամ Հարությունյանը որոշել է պատերազմական թեժ տարիներին փախչել Ռուսաստանի Դաշնություն. 1992-1994թթ նա այնտեղ զբաղվել է առեւտրային գործունեությամբ:

Եւ, ահա, 1994-ին հարստացած, «չաղացած» վերադարձել է հայրենիք եւ մինչեւ 1996-ը աշխատել է «Հայինկոմսպասարկում», այնուհետեւ՝ «Հայպտուղարտ» ՊՁ-ներում՝ տնօրեն:

Հետո տնօրենի գործը Հարությունյանն իր համար քիչ է համարել՝ որոշելով մտնել մեծ քաղաքականություն: Նա իր առաջին քայլերն արեց «Օրինաց երկիր» կուսակցության հետ՝ անդամագրվելով նրանց շարքերը: 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Բայց երբ երկրորդ անգամ է պատգամավոր ընտրվել 2003-ին, ամենագետ օրենսդիրը ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է դարձել: Նկատեցի՞ք անցումը: Բնապահպանական, սոցիալական հարցերից պատգամավորը կտրուկ անցում է կատարել ֆինանսական հարթություն:

Ու քանի որ սկսել է ֆինանսներից էլ «գլուխ հանել», ավելի մեծ թռիչք ունեցավ՝ միանգամից 2004-ին նշանակվելով ՀՀ քաղաքաշինության նախարար: Այստեղ ոլորտը մի լավ «շինելուց» եւ ֆինանսական խնդիրների հետ «մոտիկից» առնչվելուց հետո Արամ Հարությունյանը 2007-ին նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար: Մինչեւ 2014-ը Արամ Հարությունյանը շարունակում էր «պահպանել» բնությունը՝ հընթացս «թեթեւացնելով» մեր անտառները, ջրային ու մյուս բնական ռեսուրսները, գրեթե ճահճուտի վերածեց Սեւանա լիճը: Բայց այս ընթացքում Արամ Հարությունյանը հասցրեց դուրս գալ իր հարազատ «Օրինաց երկիր» կուսակցությունից՝ դառնալով ցեղակրոն Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ:

Եւ, ահա, 2014-ին նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թե ինչ կապ ունեին Հարությունյանի զբաղեցրած պաշտոններն ու մասնագիտությունը մարզային չինովնիկի կարգավիճակի հետ, դժվար է ասել: Բայց որ Հարությունյանին չափից ավելի շատ պաշտոններ են վստահվել, որքան էլ որ անտրամաբանական, միեւնույն է՝ աներկբա է:

Եւ, ահա, այսքանից հետո Արամ Հարությունյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Մի պաշտոն, որը չի առնչվում ո՛չ նրա ճանապարհաշինարարի մասնագիտության հետ, ո՛չ բիզնեսմենի, ո՛չ էլ քաղաքաշինության ու բնապահպանության ոլորտների հետ: Բայց, դե, «հրաշամանուկ» նախարարն ամեն ոլորտից «գլուխ» է հանում: Նա կարող է ե՛ւ բնությունը կառավարել, ե՛ւ շինարարությունը, ե՛ւ տնտեսությունը... ե՛ւ նաեւ «ջրային կյանքը»: Ասել է թե՝ «բուլկի» ամեն ինչով՝ չամիչով, շոկոլադով, նույնիսկ խորիզով:

Ու թերեւս սա է մեր երկրի անհաջողություններից մեկը, որ պաշտոնյաները հիմնականում իրենց տեղում չեն: Նրանք ընդամենը «յոլլա են տանում» ոլորտները՝ դրանից բխող անհաջող հետեւանքներով: Իսկ մասնագետներն էլ արտագաղթում են երկրից:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին