galatv.am-ը գրում է, որ Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար Վաղինակ Բաղդասարյանը հերքում է համայնքի բնակիչ Մովսես Խաչատրյանին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հետ «արա»-ով չի խոսել: Այս մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը` գյուղապետը:
Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Սպանդարյան համայնքի բնակիչ Մովսես Խաչատրյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ տեղի էր ունեցել ուշագրավ խոսակցություն: Հ. Աբրահամյանը «արա»-ով էր խոսել գյուղաբնակներից մեկի հետ: Մովսես Խաչատրյանը galatv.am-ի հետ զրույցում ասել էր, որ վարչապետը ոչ միայն իր, այլ նաեւ գյուղապետի հետ է «արա»-ով խոսել:
Գյուղապետը սակայն նշել է, թե նման խոսակցություն չի եղել, եւ վարչապետն իր հետ «արա»-ով չի խոսել: Վաղինակ Բաղդասարյանը ասաց, թե իր մոտավոր հաշվարկներով գյուղը մոտ հիսուն-վաթսուն միլիոն դրամի վնաս է կրել: «Հիմա ճշգրտումներ են կատարվում, միանգամից հնարավոր չէ ստույգ տվյալներ ասել»: Գյուղապետի խոսքերով՝ վնասվել են հատկապես գարու եւ ցորենի ցանքատարածությունները եւ նաեւ մոտավորապես 20-25 հեկտար բանջարանաբոստանային կուլտուրաներ: Ամբողջությամբ վնասվել է նաեւ գյուղաբնակներից մեկի տանիքը, եւ եւս երեսուն բնակչի տանիքներ մասամբ են տուժել:
Ինչ վերաբերում է Մովսես Խաչատրյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը, որը, ի դեպ, կա նաեւ համացանցում, որտեղ վարչապետը բարձր տոնով է խոսում գյուղացու հետ, գյուղապետը հայտարարում է, թե այդ ամենը զրպարտանք է:
galatv.am-ի ունեցած տեղեկություններով Հովիկ Աբրահամյանը զայրացել է, որովհետեւ ստիպված է եղել կանգնել Սպանդարյան համայնքում, որովհետեւ այն համարվում է ՕԵԿ-ական Ա. Բաղդասարյանի հայրենի գյուղը, իսկ գյուղապետը Ա. Բաղդասարյանի ազգականն է: Վաղինակ Բաղդասարյանը եւ Արթուր Բաղդասարյանը հորեղբոր թոռներ են:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում