▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 27-ի ֆի՞լմը բանտարկեց Ճոյտին.«Ժողովուրդ»

Երեկ ձերբակալվել է աղմկահարույց պատմություններով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտ: Չնայած պաշտոնապես հրապարակվել է, որ վերջինիս ձերբակալել են հարկերի վճարումից խուսափելու համար, սակայն չի բացառվում, որ  նրան փորձում են պատժել:

Ո՞վ է Ճոյտը

Դեռեւս 2005թ. Ճոյտը, իր որդին եւ նրա որդու ընկերը կալանավորվել էին Միացյալ Արաբական Էմիրություններում, քանի որ Հակոբյանը, նրա որդին եւ որդու ընկերը  Դուբայի «Վաֆի» առեւտրի կենտրոնի «Վիլլի» խանութից մոտ 24 հազար դոլարի հագուստ էին վերցրել, բայց դրամարկղում ցույց էին տվել ընդամենը 16 հազարինը: Տեղի ունեցածից մի քանի ժամ անց ոստիկանության աշխատակիցները հյուրանոցում խուզարկություն էին կատարել եւ հայտնաբերելով գողացված իրերը՝ ձերբակալել էին խմբին:

Սա դեռ վերջը չէ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմել էր Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից, անօրինական գործողությունների արդյունքում ձեռք բերված գույքը «Բետարտշին» ՍՊԸ վերադարձնելու կամ դրա անհնարինության դեպքում գույքի արժեքը բռնագանձելու պահանջով, որը կազմում է շուրջ 23.000 հազար դոլար: Ավելին՝ «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը դատավոր Հովհաննես Մելքոնյանը բավարարել է: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով ինքնավստահ ասաց, թե անհանգստանալու բան չունի:

Հիշեցնենք, որ 2009թ. ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում հայտնաբերել էր բյուջետային միջոցների վատնման դեպքեր, որոնցից երկուսի մասով նյութեր էին նախապատրաստվել եւ ուղարկվել դատախազություն: Դրանցից մեկը վերաբերում է «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ին (որի 51%-ի բաժնետերը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, որը Հրազդան գետի հունի մաքրման, ափերի ամրացման համար պետությունից ստացել էր 190 մլն դրամի պատվեր, որից 157 մլն-ը ծախսել էր անորակ հենապատեր սարքելու եւ գետի հունից որոշ չափով աղբ հանելու վրա, իսկ 33 մլն-ը ծախսելու փաստաթղթային հիմնավորումներն այդպես էլ չէր կարողացել ներկայացնել:

Ֆիմլը եւ նրա հետեւանքները

2014թ. պատգամավորը նկարահանեց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հիշողություն» ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա 2015թ.  փետրվարի 10-ին: Սակայն նրա ստեղծագործական միտքը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, եւ հնչեցին բազմաթիվ քննադատություններ, նույնիսկ քննադատեցին նրանք, ովքեր անգամ ներկա չէին եղել ֆիլմի նկարահանմանը: Այս փաստը չէր ընկճել պատգամավորին, եւ վերջինս, ի հեճուկս շատերի, «սպառնաց» չտրվել քննադատություններին եւ նոր ֆիլմ նկարահանել, որն էլ կպատմի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին:

Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել էր. «Սցենարի 70 տոկոսը պատրաստ է, մենք ունենք 30 տոկոս աշխատանքներ, որ ավարտենք»: Ինչպես նկատում ենք՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ պատգամավորին կալանավորեցին եւ այն էլ ապօրինի ձեռնարկատիրության, հարկային պարտավորությունները չկատարելու կասկածանքով, ինչը, մեղմ ասած, զարմանքի տեղիք է տալիս: Արդյո՞ք ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ հարկային պարտավորությունները չկատարելն այն հանցանքն է, որ նախկին պատգամավորին կալանքի տակ պահելով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրությանը վտանգավոր հանցագործից է փորձում ազատել: Թերեւս պատճառը պատգամավորի՝ հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմը կարող է լինել, որն, իսկապես, լուրջ վտանգ կարող է պարունակել իր մեջ:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին