▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշողության կորուստ.«Ժողովուրդ»

Հոկտեմբերի 24-ին` ոչ իշխանական Եռյակի վերջին հանրահավաքի օրը, «Ժողովուրդ»-ին  տված հարցազրույցում «Մարտի 1»-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը`  Ալլա Հովհաննիսյանը,  նշել էր, որ ինքը Գագիկ Ծառուկյանի եւ  հարթակում կանգնած մյուս գործիչների հետ հույս կկապի միայն այն դեպքում, եթե Գ. Ծառուկյանը հանձն առնի Մարտի 1-ի գործի բացահայտումը: Տիկին Ալլան, ինչպես հայտնի է, հեռացել է Հայաստանից` վերջնականապես կորցնելով մեր երկրում արդարություն գտնելու հույսը: Հենց նույն պատճառով են երկրից հեռանում նաեւ հազարավոր այլ քաղաքացիներ, ովքեր կարողանալով հանդերձ ապահովել  իրենց հանապազօրյա հացը, չեն ուզում ապրել մի երկրում, որտեղ  չկա արդարադատություն:

Այս հանգամանքը Եռյակի  ներկայացուցիչներն իրավացիորեն  արձանագրում են իրենց հրապարակային ելույթներում: Դեռեւս մարզային հավաքներից սկսած` նրանց գրեթե յուրաքանչյուր ելույթում կարմիր թելի նման անցնում են  երկրում արդարադատության  բացակայության մասին հայտարարությունները: 

Սակայն բավականին տարօրինակ էր այն, որ «Հոկտեմբերի 27-ի»  ոճրագործության 15-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ հրավիրած հանրահավաքում որեւէ մեկը չհիշեց «27»-ի մասին, այդպես էլ առաջ չքաշվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենամեծ  ոճրագործության բացահայտման պահանջը: Ինչո՞ւ: Արդյո՞ք այդ հարցն այլեւս ակտուալ չէ: Հավանաբար` ոչ, համենայնդեպս` հարթակում կանգնած  ոչ իշխանական ուժերի առաջնորդների համար, այդ թվում եւ` ցավալիորեն,  նաեւ Ստեփան Դեմիրճյանի, որը նույնպես  հոկտեմբերի 24-ին չխախտեց «լռության ուխտը»:

Մինչդեռ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված` անցնող յուրաքանչյուր տարվա հետ բացահայտման շանսերը էլ ավելի են փոքրանում, էլ չասած, որ այդ գործին այս կամ այն կերպ առնչվողները պարզապես  կյանքից հեռանում են` բավականին խոսուն օրինաչափությամբ: Եվ ուրեմն` ո՞րն է պատճառը, որ արդարության ձգտող, մարդկանց մեջ հավատը վերականգնել ցանկացող եւ երկրում համակարգային փոփոխությունների իրականացում խոստացող Եռյակի համար այս ոճրագործության մասին հիշատակումն անգամ  չկարեւորվեց տասնհինգամյա տարելիցի նախօրեին: Այն դեպքում, երբ, օրինակ, 2007-ին նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը  եւ Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքը հատուկ հրավիրեցին հոկտեմբերի 26-ին` հենց այս ոճրագործության բացահայտումը դարձնելով  իրենց  իշխանափոխական հռետորաբանության առանցքը: Այս հարցի պատասխանը, թերեւս, պարզ է բոլորի համար. 2007-ին հարթակում կանգնած չէր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանի առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, ուստի կարելի էր անկաշկանդ Քոչարյանին անվանել մարդասպան ու ոճրագործ: Մինչդեռ այսօր նման կոչերն այլեւս անհնար են, իսկ «Հոկտեմբերի 27-ը» կազմակերպելու մեջ Քոչարյանին թողած` Սերժ Սարգսյանին մեղադրելն էլ, մեղմ ասած, լուրջ չի ընկալվի:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին