«Բանակցային սեղանի ամենակարևոր հարցերից մեկը, որը պետք է լուծվի, Հայաստանի պաշտոնական համաձայնությունն է առ այն, որ զերծ մնա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Այս մասին նրանք արդեն բանավոր հայտարարել են։ Վարչապետի հայտարարությունը, թե Ղարաբաղն Ադրբեջան է, համարում ենք նրանց պաշտոնական դիրքորոշում։ Լավ կլիներ, որ նա ասեր դա 2019թ-ին, սակայն Խանքենդիում նա բոլորովին այլ բան ասաց. հիմա նա ճիշտ բաներ է ասում, բայց դրանց տակ պետք է իր ստորագրությունը դնի»,- երեկ Շուշիում հայտարարել է հակառակորդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը հայկական կողմին կոնկրետ պահանջ է ներկայացնում. «Նա պետք է նախաստորագրի բաց կետը, որի շուրջ մենք համաձայնության չենք եկել խաղաղության պայմանագրի նախագծում, և որը հստակ ցույց է տալիս, որ նրանք տարածքային պահանջներ չունեն։ Նրանց դիրքորոշումը մի փոքր երկիմաստ է. Ասում են՝ «մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը», նույնիսկ նշում են պարամետրերը, բայց միաժամանակ ասում են, որ Ղարաբաղի հայկական փոքրամասնությունը պետք է ինկորպորացվի, ինչը ընդհանրապես անհնար է։ Լեզուների հարցում կան որոշակի փոխզիջումային առաջարկներ. դրանք փոխադարձ են և վերաբերում են ազգային փոքրամասնություններին, նրանց իրավունքներին և անվտանգությանը երկու երկրներում: Որովհետև եթե հայերը ցանկանում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա մենք ուզում ենք խոսել նաև Զանգեզուրի, Գոյչայի և Երևանի ադրբեջանցիների իրավունքների և անվտանգության մասին։ Այնպես որ, կարծում եմ, որ դա լիովին տրամաբանական է: Հուսով եմ՝ դուրս կգանք եզրափակիչ փուլ, թեև դժվար է կանխատեսել։ Ես կարող եմ միայն կանխատեսել, թե ինչ է կախված բացառապես մեզնից։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա մենք հույսեր ենք կապում դրանց հետ, բայց պետք է ավելի քիչ լավատես լինել ու ավելի իրատես»։
|