ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Հերոսությունը մարդկային գիտակցության բարձրագույն դրսևորումներից է՝ հոգու հաղթանակը մարմնի նկատմամբ, երբ արիության ու տոկունության վառ օրինակ դառնալով՝ պատրաստ ես մարտնչելու նույնիսկ մահվան դեմ՝ հանուն սիրո, հանուն հայրենիքի, հանուն վեհ գաղափարների:
Հերոսություն է, երբ ազգային արժեքների կրողը լինելով՝ պատրաստ ես ծառայելու ազգային երազանքների իրականացմանը, քո ներկայությամբ, անկեղծ նվիրումով ոգեշնչել, գոտեպնդել և փրկության ձեռք մեկնել մերձավորներիդ, քո ժողովրդին:
Մեր իրականության մեջ հերոսության մասին խոսելիս ամենից առաջ ազգային բանակն ենք պատկերացնում՝ սպաներին, զինվորներին, որոնք այսօր անձնուրաց ծառայությամբ անառիկ են պահում մեր սահմանները՝ խաղաղ կյանք ապահովելով մեր ժողովրդին: Հերոսներ են այն տղաները, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցրել ու պարտության են մատնել թշնամուն:
Սակայն այսօր ես կցանկանայի խոսել քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող մեր ուսուցիչների, բժիշկների, գիտաշխատողների մասին: Նրանք լուռ ու արժանապատվորեն ծառայում են իրենց կոչմանը, և այն փոխհատուցումը, որ ստանում են, այն կենսամակարդակը, որ նրանց առաջարկում է պետությունը, ուղղակի չնչին է նրանց մատուցած ծառայությունների, անտրտունջ ջանքերի ու նվիրումի դիմաց:
…Ուսուցիչներն ու դասախոսները, բժիշկներն ու գիտաշխատողները, մտավորականներն ու արվեստագետները, շինարարն ու հողագործը, թվում է, հաշտվել են իրականության հետ, և պետությունը, իմ տպավորությամբ, կարծես չի արժևորում նրանց պարկեշտությունը, օգտվում է այն հանգամանքից, որ տարիների ընթացքում մեզ մոտ այդպես էլ չձևավորվեցին աշխատող մարդու իրավունքների պաշտպանության գործուն ինստիտուտներ, իսկական արհմիություններ: Հերոսներին չափից ավելի անհատականացնել նշանակում է կողոպտել նրանց հանրային հատկանիշները. հերոսները պետք է բնութագրվեն այն միջավայրում, որտեղ նրանք հերոսացել են: Եվ իրականության մեջ հերոս են այն կոլեկտիվները, որոնք հերոսներ են ծնում:
Պետությունը պարտավոր է լուծումներ գտնել նրանց կատարած աշխատանքի դիմաց համարժեք կենսամակարդակ, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ապահովելու համար: Նպատակային և խնայողաբար օգտագործելով պետական բյուջեի թեկուզ սուղ միջոցները՝ հնարավոր է այս ուղղությամբ փոքր քայլերով, բայց հետևողական բարեփոխումներ իրականացնել: Միևնույն ժամանակ պետք է գտնել ֆինանսավորման այլ մեխանիզմներ, այլ ճանապարհներ:
Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի:
Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն...
Եկեք ճեղքե՛նք մեր ազատությանն ու արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները:
Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել…»: