Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայության աղմկահարույց «Հայրենակիցներ» ծրագիրը, որը Հայաստանում իրականացվում է 2006-ից և որի շրջանակներում այս տարիների ընթացքում Հայաստանը լքել են հազարավոր մարդիկ, ոչ միանշանակորեն է ընդունվել ու բազմիցս քննադատության է արժանացել շատերի կողմից: Հատկանշական է, որ ծրագրին դեմ է արտահայտվել անգամ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այն ձևը և ֆորմատը, որով ՌԴ միգրացիոն ծառայությունը Հայաստանում իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, ՀՀ կառավարության համար ընդունելի չեն:
Հերթական խումբը Հայաստանից՝ շուրջ 100 հոգի, հայաստանյան գրասենյակից «Կանաչ անձնագրեր» ստանալով, օրերս ուղևորվել է Վորոնեժ: Սակայն, ինչպես ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին մեր հայրնեկացիները, իրենց այնտեղ տհաճ անակնկալ էր սպասվում: Ինչ-ինչ անհասկանալի խնդիրներ են առաջացել, որոնցով պայմանավորված՝ մեր հայրենակիցների՝ Վորոնեժ ժամանելու պահին անձնագրերում կնիքներ չեն դրվել: Ավելին՝ պահանջել են նախևառաջ գրանցում ստանալ: Արդյունքում՝ նրանց կենտրոնական ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչությունից ուղարկում են շրջանային միգրացիոն ծառայություն և հակառակը՝ ստիպելով անընդհատ սպասել: Այսպիսով՝ Հայաստանից մեկնածներն անհասկանալի պատճառներով հայտնվել են անվերջ քաշքշուկի ու անծայրածիր հերթերի մեջ:
«Օրերով ու շաբաթներով վազվզում ենք՝ անվերջ հերթերի պատճառով: Մարդկանց խաբելով սպասեցնում են, անհարգալից ու արհամարհական վերաբերմունքը, որ դրսևորվում է մեր նկատմամբ, վիրավորական է»,-նշեց մեր զրուցակիցներից մեկը: