Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրերով զեկույցների քննարկումը:
98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց Մարկովիչի բանաձևը։
«Վերջին 2 ամիսների ընթացքում հայկական կողմը բավականին ճիշտ կարողացավ օգտագործել ժամանակը՝ ծրագրային աշխատանք կատարելով: Շատ կարևոր էր նաև ժողովրդական դիվանագիտությունը: Մինսկի խումբն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ շատ լավ գիտակցելով, որ դա առաջին հերթին ապտակ էր իրեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը եթե մի քիչ լավ աշխատեր՝ երկրորդ բանաձևն էլ չպետք է անցներ.
«Որոշ հոդվածներում հստակ քաղաքական շեշտադրումներ կան: Կարևոր մի գործոն չօգտագործվեց. ԼՂՀ իշխանությունները բացահայտ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ կարող են բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, դա շատ կարևոր է: Կարելի է հակընդդեմ բանաձևի նախագիծ ներկայացնել ու չեզոքացնել Մարկովիչի բանաձևը»,-նկատեց պատգամավորը:
Նշենք, որ ընդունված հակահայկական բանաձևի առաջին կետում ասվում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է իր բոլոր անդամ պետություններին, որ ջրի իրավունքը կենսական է կյանքի եւ առողջության համար, համաձայն ջրային ռեսուրսների մասին 1966թ. Հելսինկյան կանոնների եւ 2004թ. Բեռլինյան կանոնների, եւ դրանով իսկ հանդիսանում է մարդու այլ իրավունքների իրացման նախապայման: Վեհաժողովը ընդգծում է պետությունների պարտավորությունը՝ ապահովելու բավարար, անվտանգ եւ մատչելի ջրային ռեսուրսների հասանելիությունը իրենց բնակիչների համար: 4-րդ կետում Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ տարածքների բռնազավթումը ստեղծում է նմանատիպ հումանիտար եւ բնապահպանական խնդիրներ Դաշտային Ղարաբաղի հովիտներում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների համար: Իսկ, ահա 7-րդ կետում գրված է. Հաշվի առնելով այս հրատապ հումանիտար խնդիրը՝ Վեհաժողովը պահանջում է.
7.1. հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերումը նշված շրջանից՝ այդպիսով թույլ տալով.
7.1.1. անկախ ինժեներների եւ ջրաբանների մուտքը՝ իրականացնելու տեղանքի մանրամասն հետազոտություն,
7.1.2. Սարսանգի ջրի օգտագործման եւ պահպանման ամբողջական կառավարում՝ ողջ ջրհավաք տարածքում,
7.1.3. միջազգային վերահսկողություն ոռոգման ջրանցքների, Սարսանգի եւ Մատաղիսի ամբարտակների վիճակի, աշնան եւ ձմռան ընթացքում ջրի բացթողնման ժամանակացույցի եւ ջրատարների գերշահագործման նկատմամբ,
7.2. Հայաստանի իշխանություններից՝ դադարեցնել օգտագործել ջրային ռեսուրսները որպես քաղաքական ազդեցության կամ ճնշում գործադրելու միջոց՝ հօգուտ հակամարտության կողմերից մեկի:
8-րդ կետում Վեհաժողովը խստորեն դատապարտում է ՀՀ խորհրդարանական պատվիրակության և ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն այս խնդրի վերաբերյալ զեկույցի պատրաստման գործում:
Իսկ վերջում կոչ են արել բոլոր շահագրգիռ կողմերին՝ ակտիվացնել իրենց ջանքերը Սարսանգի ջրամբարի ռեսուրսների համատեղ կառավարման գործում սերտ համագործակցելու ուղղությամբ:
Անի Կարապետյան