▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հարցազրույցը

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին՝ խոսելով ակումբներում և հավաքականում իր կարիերայի, մարզչական գործունեության և Հայաստանի ազգային հավաքականում իր ծրագրերի մասին: 

 

Ակումբային կարիերան

 

-Անկախությունից հետո հենց առաջին մրցաշրջանում «Շիրակի»կազմում դարձաք Հայաստանի չեմպիոն: Ի՞նչպիսի զգացողություններ է ունենում 21-ամյա ֆուտբոլիստը, երբ հասնում է այդպիսի բարձունքի: 

-Մեծ հպարտություն և անսահման ուրախություն: Կարծում եմ, որ մի ֆուտբոլիստ, ով նորանկախ Հայաստանի առաջին իսկ առաջնությունում չեմպիոն է դառնում, չի կարող այլ բան զգալ:

-Երկու անգամ ճանաչվել եք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (1996, 2000): Ըստ Ձեզ՝ ո՞ր մրցաշրջանն էր առավել հաջող:

-Չեմ կարող առանձնացնել, քանի որ երկուսն էլ շատ հաջող էին: Ճիշտ է՝ ակումբային մակարդակով չհաջողվեց չեմպիոն դառնալ, բայց փոխարենը հավաքականում խաղս այդ երկու մրցաշրջաններում բավականին հաջող ստացվեց:

-Չլինելով մաքուր հարձակվող՝ բավականին շատ գոլեր էիք խփում և 1997 թվականին դարձաք առաջնության լավագույն ռմբարկու: Ինչի՞ հաշվին էր դա հաջողվում: 

-Այդ տարիներին թիմում այնպիսի ֆուտբոլիստներ էին հավաքված, որ, կարելի է ասել, իրար հասկանում էինք կես խոսքից: «Շիրակը»թիմային հասուն ֆուտբոլ էր ցուցադրում, և խաղընկերներս ինձ շատ էին օգնում գոլ խփելու հարցում: Բացի այդ մարզիչները երբեք չէին սահմանափակում ինձ խաղադաշտում՝ թույլ տալով դրսևորել իմ խաղային որակները:

-Ի՞նչն է ամենաշատը տպավորվել «Շիրակում»հանդես գալու տարիներից:

-Այն ընթացքում, որ ես հանդես էի գալիս «Շիրակում», թիմում միայն գյումրեցիներ էին խաղում: Տպավորվել է այն, թե որքան համախմբված թիմ ունեինք՝ մեկ ընտանիքի պես: Եվրագավաթներին մեր մասնակցությունն եմ հիշում, չնայած իմ բախտն այնքան էլ չբերեց եվրագավաթներին մասնակցելու առումով. մի դեպքում վնասվածք ունեի, մյուս դեպքում՝ լեհական «Զագլեմբեի»դեմ արտագնա խաղում կարողացանք ոչ-ոքի ավարտել հանդիպումը, լավ շանսեր ունեինք, սակայն մեր հարկի տակ պարտվեցինք 0:1 հաշվով և դուրս մնացինք հետագա պայքարից: Իսկ զույգի հաղթողը հանդիպելու էր իտալական «Միլանին», որի դեմ խաղալը, իհարկե, երազանքի պես մի բան էր մեզ համար, բայց ցավոք չստացվեց:

-Ինչո՞ւ չստացվեց ամրապնդվել Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվում» և իսրայելական«Մաքքաբիում»:

-Ինձ որոշակի ժամանակ էր պետք հասկանալու, թե ինչու չստացվեց: Ետ հայացք գցելով՝ կարող եմ ասել, որ, հավանաբար, պետք է ավելի ագրեսիվ, ավելի նպատակմղված խաղայի, ավելի քրտնաջան աշխատեի: Հայաստանի առաջնությունում կարելի էր հաջող խաղալ նաև առանց շատ մեծ ջանքեր գործադրելու, իսկ այնտեղ լրիվ այլ մակարդակ էր: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ այն հաջողությունների հիմքում, որ ես հետագայում ունեցա Շվեյցարիայում, ընկած էր հենց իմ՝ Ռուսաստանում և Իսրայելում անցկացրած ժամանակահատվածի ընթացքում վաստակած փորձը:

-Ինչպե՞ս առաջացավ շվեյցարական «Յանգ Բոյզի» տարբերակը:

-Հարություն Վարդանյանն արդեն խաղում էր այնտեղ: Ակումբի մարզական տնօրենը մի քանի անգամ հեռուստացույցով տեսել էր իմ խաղը Հայաստանի հավաքականի կազմում և Հարությունից հետաքրքրվել էր իմ մասին: Իմանալով, որ խաղում եմ Հայաստանի առաջնությունում՝ նրանք կապնվեցին Գյումրիի«Շիրակի»հետ: Կողմերը եկան համաձայնության, և ես տեղափոխվեցի Շվեյցարիա:  

-«Ցյուրիխի» կազմում կարողացաք նվաճել ինչպես չեմպիոնությունը, այնպես էլ գավաթը: Երբ չեմպիոն ես դառնում նաև հայրենիքից դուրս, զգացողությունները նո՞ւյնն են:

-Գավաթը նվաճելը, անկասկած, մեծ հաջողություն էր, և ես ինձ լիարժեք կերպով համարում եմ Շվեյցարիայի գավաթակիր, որովհետև մասնակցել եմ խաղերի մեծ մասին, իսկ ինչ վերաբերում է առաջնությանը և չեմպիոնական կոչմանը, չնայած ես հայտավորված էի որպես ֆուտբոլիստ, բայց վնասվածքի պատճառով ոչ մի խաղի չեմ մասնակցել այդ մրցաշրջանում, ուստի չեմ կարող նույնիսկ համեմատել այդ զգացողությունները«Շիրակի»կազմում իմ չեմպիոնությունների ժամանակ եղած զգացողությունների հետ: Անհամեստություն չեմ անի և կասեմ, որ, չնայած պատմության մեջ մտել եմ՝ որպես Չվեյցարիայի չեմպիոն, բայց չեմ մասնակցել ոչ մի խաղի:

-Ակումբային ֆուտբոլում Ձեր ունեցած ամենահիշարժան խաղը:

-Հիշարժան խաղեր շատ-շատ են եղել, բայց կարող եմ առանձնացնել մի խաղ: Այդպիսի խաղի ոչ դրանից առաջ, ոչ հետո չեմ մասնակցել: Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակչում «Ցյուրիխը»մրցում էր «Գրասհոպերսի»հետ: Գիտեք, որ այդ խաղը համարվում է Ցյուրիխի «դերբի»և անցնում է շատ լարված պայքարում: Մինչև 82-րդ րոպեն մենք հաղթում էինք 5:2 հաշվով: Հիմնական ժամանակն ավարտվեց 5:5, իսկ ավելացված ժամանակում գոլ ընդունեցինք և պարտվեցինք 5:6 հաշվով: Չնայած շատ ցավալի պարտություն էր, բայց հիշողությանս մեջ տպավորվել է հենց այդ խաղը:

 

Կարիերան հավաքականում

-Շատ երիտասարդ էիք, երբ նշեցիք նորամուտը Հայաստանի ազգային  հավաքականում: Ի՞նչ եքհիշում Մոլդովայի հավաքականի դեմ խաղից:

-Շատ լավ եմ հիշում այդ խաղը: Եթե չեմ սխալվում, հանդիպման ավարտին մնացել էր մոտ 25 րոպե, երբ ես փոխարինեցի Արամայիս Տոնոյանին: Այդ պահին  հպարտության և ուրախության մեծագույն զգացողություն ունեի: Հավաքականում հանդես գալը, իրոք, աննկարագրելի է:

-Այդ տարիներին հավաքականում խաղում էին ավելի փորձառու ֆուտբոլիստներ: Ինչպե՞ս էր իրեն զգում գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստն այդպիսի հայտնի ֆուտբոլիստների միջավայրում:

-Այդ ժամանակ թիմում այնպիսի մթնոլորտ էր, որ ես ինձ միշտ հարմարավետ եմ զգացել: Բոլորս մեկ ընտանիքի պես էինք, ոչ ոք չէր նայում մեր ակումբային պատկանելությանը, իսկ փորձառուներն էլ ավելի շատ օգնում էին խորհուրդներով թե խաղադաշտում, դե խաղադաշտից դուրս:

-Հավաքականի կազմում Ձեր առաջին գոլը խփեցիք Դանիայի դեմ խաղում՝ Եվրոպայի գործող չեմպիոն, այդ տարիների լավագույն դարպասապահներից Պետեր Շմայխելի դարպասը: Ինչի՞հետ ընդհանրապես կարելի է համեմատել այդպիսի խաղում գոլ խփելու բերկրանքը:

-Իրոք, այնպիսի պահ էր, որ չես կարող համեմատել ուրիշ ոչ մի բանի հետ: Չնայած պարտվեցինք, բայց ինչ-որ տեղ հպարտության զգացում կար: Նախ, որովհետև գոլս բավականին գեղեցիկ ստացվեց, և երկրորդ՝ ամեն օր չէ, որ գոլ ես խփում այնպիսի դարպասապահի, ինչպիսին Շմայխելն է, որն այդ ժամանակ աշխարհի լավագույն դարպասապահներից էր:

-Հավաքականի կազմում հետագայում դարձաք ևս 10 գոլի հեղինակ և երկար ժամանակ համարվում էիք թիմի գլխավոր ռմբարկուն: Ո՞ր գոլերն են ամենագեղեցիկը և ամենակարևորը հավաքականի կազմում:

-Այնպես է ստացվել, որ հավաքականում խփածս գոլերը հիմնականում գեղեցիկ էին: Նույն Դանիային խփածս գոլը շատ գեղեցիկ էր, Ուկրաինային արտագնա խաղում (1997 թ.) և Երևանում (2000) խփածս գոլերը, «Բոկա Խունիորսին»խփածս գոլը (չնայած, որ պաշտոնական ընկերական հանդիպում չէր) բավականին գեղեցիկ էին, իսկ ամենակարևորը Հյուսիսային Իռլանդիայի դարպասը խփած գնդակն էր: Այն կարևոր էր, որովհետև կարողացա գրավել մրցակցի դարպասը հանդիպման վերջին րոպեներին, բացի այդ դրանից առաջ հավաքականը մոտ 3.5 տարի չէր հաղթել պաշտոնական խաղերում: Հենց այդ պատճառով մեր ուրախությանը չափ չկար: Այդ գոլը միաժամանակ նաև գեղեցիկ գոլերի շարքում է:  

-Ձեր խաղացած ժամանակահատվածում ո՞ր խաղն էր Հայաստանի հավաքականի ամենահաջող խաղը:

-Կարող եմ առանձնացնել Ալբանիայի հավաքականի հետ հանդիպումը (1997 թ.), չնայած որ անձամբ ինձ համար այդ խաղն այնքան էլ հաջող չստացվեց, որովհետև փոխարինվեցի արդեն 39-րդ րոպեին: Հյուսիսային Իռլանդիայի հետ հաղթական հանդիպումները (2003 թ.) նույնպես շատ ստացված էին, Իսպանիայի դեմ արտագնա խաղի առաջին 70 րոպեները (ծիծաղում է), որտեղ ես չիրացրեցի 100-տոկոսանոց գոլային պահը:

-Մինչ օրս շատերը վիճում են, թե հավաքականում որ դիրքում էր խաղում Արթուր Պետրոսյանը. Կենտրոնական կիսապաշտպա՞ն, եզրային կիսապաշտպա՞ն, ենթահարձակվո՞ղ, թե՞հարձակվող: Եվ արդյո՞ք որևէ մարզիչ կարող էր Արթուր Պետրոսյանի խաղային որակների տեր ֆուտբոլիստին տեղավորել կոնկրետ սխեմայի մեջ:

-Շատ հետաքրքիր հարց է: Կարող եմ ասել, որ բացի մաքուր հարձակվողից, բոլոր դիրքերում էլ խաղացել եմ: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ սխեմայի մեջ տեղավորվելուն, իհարկե, երբ խաղում էի ենթահարձակվողի դիրքում, ավելի մեծ ազատություն ունեի, բայց երբ խաղում էի եզրից, օգնում էի նաև պաշտպաններին, նույնը՝ կենտրոնական կիսապաշտպան խաղալու ժամանակ: Բոլոր մարզիչներն էլ կարողանում էին կոնկրետ խաղի համար ճիշտ որոշում կայացնել, թե ես որ դիրքում պետք է խաղամ:  

-Ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում հետ և ում դեմ խաղացել եք հավաքականում Ձեր կարիերայի ընթացքում:

-Չեմ ուզում առանձնացնել խաղընկերներիցս որևէ մեկին, որպեսզի որևէ մեկին չնեղացնեմ, չնայած, որ ունեցել եմ մեկը մյուսից տաղանդավոր խաղընկերներ: Իսկ նրանցից, ում դեմ խաղացել եմ, կառանձնացնեմ Ռաուլին, որն իմ սիրած ֆուտբոլիստներից մեկն էր այդ ժամանակ և ում դեմ, իրոք, շատ դժվար էր խաղալ, և, իհարկե, Մարադոնային, ով, ընդհանրապես, իմ ֆուտբոլային կուռքն էր: Չնայած, երբ մենք հանդիպեցինք, նա արդեն բավականին տարեց էր, բայց, միևնույն է, միանգամայն այլ մակարդակի ֆուտբոլիստ էր:

 

Մարզչական կարիերան

-2006 թվականին ավարտելով ֆուտբոլային կարիերան՝ միանգամից անցաք մարզչական աշխատանքի: Որքանո՞վ հեշտ կատարվեց ֆուտբոլիստ-մարզիչ անցումը:

-Ճիշտն ասած՝ այնքան էլ հեշտ չստացվեց, որովհետև, երբ նոր ես ավարտում կարիերան, դեռ դժվար ես համակերպվում, անընդհատ ուզում ես դուրս գալ խաղադաշտ, բայց իմ պարագայում ինձ մի փոքր օգնեց այն հանգամանքը, որ ես կարիերայիս վերջին տարում վնասվածք ունեի և արդեն զուգահեռաբար մինչև 21 տարեկանների թիմում օգնում էի գլխավոր մարզչին: Ուստի, իմ դեպքում անցումը ֆուտբոլիստից մարզչի համեմատաբար սահուն ստացվեց:

-Այս ընթացքում հասցրել եք մարզել «Ցյուրիխի» տարբեր տարիքային թիմերը: Որո՞նք էին հայ մարզչի համար շվեյցարացի երեխաների հետ աշխատելու հիմնական դժվարությունները:

-Կարող եմ ասել, որ ոչ մի դժվարություն չի եղել: Արդեն տևական ժամանակ հանդես էի գալիս Շվեյցարիայում, ծանոթ էի լեզվին և տեղական նրբություններին, բացի այդ, քանի որ երկար ժամանակ ակումբում էի, երեխաները ինձ վերաբերում էին՝ ինչպես իրենց կուռքի և մեծ հարգանք էին տածում իմ հանդեպ:

-2011 թ.  «Ցյուրիխի»մինչև 18 տարեկանների թիմի հետ դարձաք Շվեյցարիայի չեմպիոն: Այդ ֆուտբոլիստների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք հասել են գլխավոր թիմի մակարդակի: 

-Այո, կարող եմ նշել Սեդրիկ Բրյուներին և Արմին Ալեսևիչին, որոնք համարվում են «Ցյուրիխի»հիմնական կազմի ֆուտբոլիստներ: Կնշեմ նաև Ֆրանչեսկո Ռոդրիգեսին, ով Շվեյցարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռիկարդո Ռոդրիգեսի կրտսեր եղբայրն էր: Ֆրանչեսկոն տեղափոխվեց «Վոլֆսբուրգ», այնուհետև վարձավճարով՝ «Արմինիա», իսկ հիմա խաղում է շվեյցարական «Լյուցեռնում»: 

-Լավագույն ֆուտբոլիստը, ում մարզել եք:

-Քանի որ նոր եմ ստանձնել հավաքականի գլխավոր մարզչի ղեկը, նշեմ միայն նրանց, ում մարզել եմ ակումբային մակարդակում: Կառանձնացնեմ երկու ֆուտբոլիստի. Ադմիր Մեհմեդիին Լևերկուզենի «Բայերից»և Յոսիպ Դրմիչին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: 

-Բոլորովին վերջերս ստացաք Մարզչական ՊՐՈ արտոնագիր: Ի՞նչ Ձեզ տվեցին դասընթացները նոր գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից:

Դա մեծ փորձ էր, եղանք այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բորուսիան»և «Մոնպելյեն», շփվեցինք Թոմաս Տուխելի հետ: Թե տեսական, թե գործնական առումով դասընթացները շատ օգտակար էին ինձ համար:

 

Արթուր Պետրոսյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

-Ստանձնում եք հավաքականի գլխավոր մարզչի ղեկը մեկնարկում հավաքականի 3 պարտություններից հետո: Ի՞նչ խնդիրներ եք դնելու ինքներդ Ձեր առջև:

-Իհարկե, 3 պարտությունից հետո բավականին դժվարին իրավիճակում ենք՝ առաջին հերթին հոգեբանական առումով: Մենք պետք է տղաներին դուրս բերենք այս վիճակից: Թող պարզունակ չհնչի, բայց մյուս խնդիրը յուրաքանչյուր խաղում հաղթանակի ձգտելն է: Որքանով կստացվի՝ չեմ կարող ասել, բայց փորձել պարտավոր ենք:

-Հավատո՞ւմ եք, որ դեռ հնարավոր է նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր, թե՞արդեն սկսելու եք պատրաստել հավաքականը հաջորդ շրջափուլի համար:

-Իմ կարծիքով, մեզ համար շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով մեկնարկը, բայց, նորից եմ կրկնում, պարտավոր ենք յուրաքանչյուր խաղի դուրս գալ հաղթելու համար: Ինձ համար հեշտ կլիներ ասել, որ ես թիմին կպատրաստեմ հաջորդ շրջափուլի համար, և եթե սա լիներ ակումբ, հավանաբար այդպես էլ կլիներ, բայց սա հավաքական է, որից միշտ պահանջում են արդյունք, ուստի մենք պարտավոր ենք միշտ խաղալ հաղթանակի համար: 

Կիսո՞մ եք մասնագետներից շատերի այն կարծիքը, որ ազգային և տարբեր տարիքային հավաքականները պետք է հանդես գան տակտիկական նույն դասավորությամբ, որպեսզի ֆուտբոլիստներին հեշտ լինի ավելի բարձր տարիքային հավաքական տեղափոխվելիս:

-Կարծում եմ՝ մինչև 19 տարեկանների հավաքականի մակարդակը կարելի է կիրառել այդ փիլիսոփայությունը, իսկ մինչև 21 տարեկանների հավաքականում և ազգային հավաքականում պետք է մարտավարությունն ընտրել՝ կախված մրցակցի ուժից և խաղաոճից, ինչպես նաև ձեռքի տակ եղած խաղացողների հնարավորություններից: Դա իմ կարծիքն է, որի հետ շատերը կարող են և չհամաձայնվել: 

-Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը: Որոշել խաղային սխեմա և խաղացողներին տեղավորել այդ սխեմայի մե՞ջ, թե՞ընտրել տակտիկական դասավորությունը՝ ելնելով ձեռքի տակ եղած խաղացողների հնարավորություններից:

-Բնականաբար, երկրորդ տարբերակը՝ հաշվի առնելով նաև մրցակցի ուժեղ և թույլ կողմերը:

-Այդուհանդերձ, ունե՞ք նախընտրելի սխեմա, կամ առնվազն պաշտպանությունում հստակ դիրքորոշում. Խաղալ 4 կամ 5 պաշտպաններով:

-Ես նախընտրում եմ խաղալ 4 պաշտպաններով, դա իմ խաղային մարտավարությունն է, բայց, եթե լինի անհրաժեշտություն, կապված հակառակորդի նախընտրած մարտավարության հետ, կարող ենք խաղալ և 5 պաշտպաններով:

-Բնականաբար, հետևել եք Հայաստանի առաջնությանը: Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից և կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք մինչ օրս չէին հրավիրվում, բայց կարող են համալրել մեր ազգային հավաքականը:

-Իհարկե հետևել եմ: Հաստատ լինելու են ֆուտբոլիստներ, որոնք նախկինում չեն հրավիրվել, բայց հիմա հրավիրվելու են: Չեմ ուզում կրկնվել, կամ շատ պարզունակ մտքեր արտահայտել, բայց հավաքականի դռները բաց են լինելու Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների համար: Այս խաղից առաջ ժամանակը շատ քիչ է, և հիմա չենք կարող կտրուկ փոփոխություններ անել, բայց արդեն մյուս խաղից առաջ մենք կունենանք բավականաչափ ժամանակ: Ես բնակվելու եմ Հայաստանում, հետևելու եմ բոլորին, և ովքեր արժանի լինեն, անպայման հրավիրվելու են հավաքական:

-Իսկ արտերկրում կա՞ն ֆուտբոլիստները, որոնք կարող են ուժեղացնել հավաքականը:

-Այն, ինչ ասեցի Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մասին, վերաբերվում է նաև արտերկրի ֆուտբոլիստներին: Եթե լինի մեկը, ով մեզ կհետաքրքրի և արժանի կլինի, անպայման կմեկնենք, տեղում կնայենք նրա մասնակցությամբ հանդիպումները և կմտածենք հետագա քայլերի մասին:

-Երկար տարիներ աշխատել եք Շվեյցարիայում: Ի՞նչ գնահատական կտաք վերջին տարիներին Հայաստանում կառուցված ֆուտբոլային ենթակառուցվածքներին` համեմատելով Շվեյցարիայի հետ:

-Ես հիացած եմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքներով և պայմաններով, եղել եմ նաև Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում, «Բանանցի»մարզաբազայում, տեսել եմ Վանաձորի նորաբաց ակադեմիայի լուսանկարները: Կարող եմ ասել, որ տարբերությունն ահռելի է:

 

Հ.Գ. Արթուր Պետրոսյանի հետ չխոսեցինք իր կարիերայի վրա մեծ հետք թողած, Լոնդոնի«Արսենալ» չկայացած տեղափոխության, ինչպես նաև Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման մասին, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն արդեն անդրադարձավ այդ թեմաներին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին