Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր «հատուկ տնտեսական պատժամիջոցներ» սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Այն, կարծես թե իրականացավ.թուրքական ապրանքը քիչ-քիչ անհետանում է ռուսական շուկայից:
«Վերջին շրջանում շատ կարծիքներ են հնչում ռուս-թուրքական հակամարտության վերաբերյալ: Թվում է, թե մինչև Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի կործանումը այդ երկու երկրների հարաբերություններն անամպ էին, բայց իրականում կային ստորջրյա խութեր, որոնք ինչ-որ պահի պետք է դրսևորվեին:
Իսկ դրանք առաջացան հատկապես այն ժամանակ, երբ Արևմուտքը սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսասատնի դեմ»,-համոզված է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ այսպիսով Թուրքիան կորցնում է սպառողական ապրանքների, շինարարական ծառայություններ մատուցելու շուկաները, ռուս զբոսաշրջիկներին, որոնք 12 տոկոս էին կազմում:
Ռուսասատանն էլ կորցնում է թուրքական գազի շուկան.
«Բայց պետք է նշել, որ Թուրքիան նախատեսել էր մինչև 2018 թվականը ընդհանրապես Ռուսաստանի էներգակիրներից չօգտվել ու դրա համար բանակցություններ էր սկսել վարել Քաթարի հետ»,-նկատեց Աշոտ Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է պարենմթերքին, ապա դրա արտահանումը Ռուսաստան, տնտեսագետի խոսքով, այդքան էլ մեծ թիվ չի կազմում.
«2014 թվականին եղել է 1.2 միլիարդ դոլար, այս տարի կրճատվել է 40 տոկոսով: Հիմնականում մի քանի արտադրակտեսակներ են.տոմատի մածուկ, ցիտրուսներ և այլն»:
Խոսակցությունները, թե ՀՀ-ն կարող է շահել ռուսական շուկայում թուրքական բանջարեղենի ու մրգերի էմբարգոյի հետևանքով, Աշոտ Եղիազարյանը հիմնավորված չի համարում.
«Սկսենք տրանսպորտից.Հայաստանը չունի ցամաքային անմիջական կապ Ռուսաստանի հետ, իսկ Լարսի միջանցքը գրեթե միշտ փակ է լինում, անմրցունակ է մեր երկաթուղին, օդային տրանսպորտը:
Հայ արտադրողները խնդիրներ ունեն էլեկտրաէներգիայի, գազի բարձր սակագների հետ: Այստեղից հետևություն, որ հայկական պարենմթերքը անմրցունակ է դառնում ռուսական շուկայում ու դրա հետ հույսեր կապել պետք չէ: Ռուսական շուկայում արժեզրկված է ռուբլին: Հայաստանը ռուսական շուկայում հեռանկար չունի:
Դեպի Ռուսաստան մեր արտահանումը 2014 թվականին հասել էր գագաթնակետին, արտահանվել է մոտ 5-6 միլիոն դոլարի բանջարեղեն, 15-20 միլիոն դոլարի միրգ, մոտ 17 միլիոն դոլարի էլ պահածո: Դա շատ մեծ ծավալ չէ: Մենք գիտենք, որ ՀՀ գյուղատնտեսությունը շատ մեծ հնարավորություն չունի, այն արտադրողական չէ, կապված է նաև բնակլիմակայական պայմաններից: Դրան ավելացել են այն հիմնախնդիրները, որոնք գոյություն ունեն ռուսական շուկայում»:
Տնտեսագետը նշեց նաև, որ գլոբալ առումով ՀՀ-ն շահում է.
«Երկու երկրներն էլ թուլանում են: Թուրքիան ավելի վերահսկելի ու կառավարելի է դառնում Արևմուտքի կողմից, այդ երկիրը առևտրային հաշվեկշռի մեծ դեֆիցիտ ունի: Ռուսաստանն էլ տնտեսապես կշարունակի թուլանալ ՀՀ-ում, իսկ դա նշանակում է, որ բացը կարելի է լրացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցմամբ: Հայաստանի համար կարևոր է Եվրոպական շուկա դուրս գալը, իսկ Թուրքիայում դա գիտակցել են: Ռուսական շուկան անհեռանկար է ու մեծ ռիսկեր է պարունակում»:
Անի Կարապետյան