«Իրավունք» թերթը գրում է. Բազմիցս հնարավորություն ունեցել ենք անդրադառնալու Հանրային հեռուստատեսության նոր եթերաշրջանի «փոփոխություններին»: Բայց վերջին շրջանում կարծես թե «ահագին» առաջընթաց է նկատվում պետական բյուջեից սնվող հեռուստատեսության եթերում: Եթե նախկինում բողոքում էինք, որ պետական ալիքը ողողված է անճաշակ բազմազան սերիալներով, ապա հեռուստաընկերության ղեկավարության փոփոխության հետ մեկտեղ տեղական սերիալները փոխարինվեցին բրազիլականով: Այո, այո, եթե առաջ գիտեինք, որ պետական բյուջեից սնվող հեռուստաընկերության կողմից նկարահանվող սերիալներում ընդգրկված հայ արտիստներն էին վճարվում, ապա այսօր այդ գումարները գնում են ոչ ավելի, ոչ պակաս` Բրազիլիա` Խուան-Խոսե-Մարկոսների գրպանը:
Բայց, կարծեմ Ռուբեն Ջաղինյանը ստանձնելով Հանրային հեռուստաընկերության ղեկավարի պաշտոնը` խոստացավ, որ իր ղեկավարած հեռուստաալիքով սերիալներ այլեւս չեն լինելու, երեւի թե Ջաղինյանն նկատի է ունեցել հայկական սերիալնե՞րը...
Կամ էլ` հարգարժան «կավեենշիկ» Ջաղինյանը հիշել է հին ու բարի ժամանակները ու կարոտախտի գիրկն է ընկել: Քանի որ 90-ականներին, երբ իրենք ԵՌՄԻ-ի թիմով հաղթանակներ էին գրանցում Ռուսաստանում` ԿՎՆ-ի ասպարեզում, հենց այդ ժամանակներին էր, որ ամբողջ հայ ժողովուրդը կլանված ու հիացած հետեւում էր բրազիլական սերիալների ընթացքին, որ գլուխ հանի, թե Խուանն ում որդին էր, կամ էլ` ով, ո՞ւմ հետ, ե՞րբ եւ ինչպե՞ս ու ի՞նչ արեց, որ արդյունքում ծնվեց ասենք` ապօրինի երկվորյակ...
Մի խոսքով` «Պռոստը Մարիա», եւ նույն կերպ էլ այսօր ունենք «Պռոստը Հանրային հեռուստատեսություն»` բրազիլական մոտիվներով ու հավանաբար բրազիլական աշխատավարձերով ապրող Հ1-յան ղեկավարներով: Ամեն դեպքում, շնորհավոր հեռուստատեսության միջազգային օրն ու հատկապես շնորհավոր նրանց տոնը, ովքեր այսօր հեռուստաեթերներից բավական հեռու են, բայց իրենց գործի նվիրյալն էին բոլոր ժամանակներում, ու դեռ շատ երանի կտանք նրանց պրոֆեսիոնալիզմին:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում: