«Իրավունք» թերթը գրում է.
1990-ականների սկզբին ժամանակի հրամայականով ստեղծվեց "Երկրապահ" կամավորականների միությունը, որի կազմում ընդգրկվեցին Ղարաբաղյան ազատագրական պայքարի մասնակից ազատամարտիկները, զինվորականներն ու կամավորները: Տարիների ընթացքում կառույցն ընդլայնվեց, կայացավ, ստեղծեծ տարածքային կառույցներ ու տարբեր մարմիններ, որոնք զբաղվում են ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների խնդիրներով: Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս ԵԿՄ-ի որոշ անդամներ կամ նախկին ազատամարտիկներ, ովքեր փորձում են նեղ անձնական կամ քաղաքական շահերից ելնելով պառակտել միությունը, դրա անդամների մի մասին առանձնացնել ԵԿՄ-ից ու ստեղծել նոր կազմակերպություններ: Նախկինում այդպիսի մի քանի անհաջող փորձեր կատարվեցին` ի դեմս "Ոգու փորձության" և "Ազատամարտի վետերանների միության", սակայն այդ կառույցների ստեղծման իրական նպատակների ի հայտ գալուց կարճ ժամանակ անց դրանք այդպես էլ մնացին թղթի վրա:
Այժմ էլ սկսվել է ԵԿՄ-ի դեմ նմանատիպ հերթական արշավն ու ազատմարտիկների հավաքագրումը, որը գլխավորում են ԱԺ "ԲՀԿ" խմբակցության պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը: Ինչպես հայտնի է, սկզբում նրանք ստեղծեցին "Ազատամարտի նվիրյալների միություն" հասարակական կազմակերպությունը, որը մի քանի օրվա կյանք ունեցավ, քանի որ, ինչպես նշում են իրազեկ մարդիկ, ԲՀԿ-ականները չկարողացան բարիշել փողի հարցում, այսինքն մեկը մյուսին չզիջեց տրամադրվող գումարների վերահսկումն ու բաշխումը: Իսկ խոստացված և սկզբնական շրջանում տրամադրված գումարները բավականին մեծ էին: Դրանից որոշ ժամանակ անց, չհրաժարվելով իրենց մտադրությունից, նրանք իբր առանձնացան ու ստեղծեցին երկու նոր կառույց. Ռուստամ Գասպարյանը` "Ազատամարտիկների դաշինք", իսկ Ռուբեն Գևորգյանը` "Երդվյալ ազատամարտիկների միություն": Ռ.Գասպարյանն ու Ռ.Գևորգյանը Երևանում և մարզերում ազատամարտիկների հետ անցկացնում են հանդիպումներ` նրանց համոզելով անդամագրվել նորաստեղծ կազմակերպություններին: Նրանք երկուսն էլ հայտարարում են, որ իրենց կազմակերպություններն ապաքաղաքական են և որևէ կուսակցության` հատկապես ԲՀԿ-ի հետ առնչություն չունեն:
Այն, որ այս երկու նորաստեղծ կառույցներն էլ ֆինանսավորվում ու ղեկավարվում են նույն կենտրոնից և որ դա ԲՀԿ-ն է, կասկածից վեր է, քանզի առկա են դա հիմնավորող բազմաթիվ տեղեկություններ: Նախ ԲՀԿ-ական պատգամավորները լավագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող ինքնագլուխ ձեռնարկներով զբաղվել, այն էլ հավաքագրել ազատամարտիկների: Ուշադիր ընթերցողները նկատած կլինեն, որ ԲՀԿ-ական պատգամավորների այս գործունեությունը լուսաբանում են բացառապես ԲՀԿ-ին պատկանող լրատվամիջոցները` "Կենտրոն" հեռուստաընկերության գլխավորությամբ: Նույն մամուլի հրապարակումներից հայտնի է, որ Ռ.Գասպարյանի "Ազատամարտիկների դաշինքը" հավաքներ է անցկացնում "Հայրենիք" կինոթատրոնի շենքում, որտեղ ունի նաև գրասենյակներ, իսկ այդ տարածքն, ինչպես հայտնի է, պատկանում է Շենգավիթի նախկին թաղապետ "Կադիլակ Սերոժին": Գաղտնիք չէ, որ 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ այդ նույն տարածքում է տեղակայված եղել ԲՀԿ-ի նախընտրական շտաբը և ինչպես այն ժամանակ, այնպես էլ "Ազատամարտիկների դաշինքի" դեպքում, տարածքի սեփականատերը վարձակալության գումար չի վերցնում` դրանով իսկ փորձելով հաճոյանալ ԲՀԿ-ին:
Բացի այդ, շրջանառվող լուրերի համաձայն, Ռ.Գասպարյանն ու Ռ.Գևորգյանը առանձին-առանձին հանդիպումներ են ունենում ԲՀԿ ղեկավարության հետ, ներկայացնում իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը (թե ով քանի ազատմարտիկ է հավաքագրել) և ըստ ձեռքբերած արդյունքների էլ ստանում են ֆինանսավորման հերթական մասը: Հետաքրքիր է, արդյո՞ք այդ կառույցներին անդամագրվող ազատամարտիկները տեղյակ են, թե իրենց սոցիալական խնդիրները լուծելու պատրվակով որքան գումար է տրվում: Դժվար թե:
Ազատամարտիկներին օգնելու պատրվակով լրացուցիչ դիվիդենտներ ապահովելուց բացի, ԲՀԿ-ական պատգամավորները հետապնդում են նաև այլ նպատակներ, որոնք իրենց առջև դրել է կուսակցությունը: Բանն այն է, որ այս երկու կառույցների ձևավորումն ընթանում է բավականին արագ տեմպերով և դա ունի իր պատճառները: Պարզվում է, որ "քառյակի" մաս կազմող ԲՀԿ-ի պատգամավորները ազատամարտիկների հետ հանդիպումների ժամանակ հատուկ նշում են, որ իրենք պետք է կազմավորվեն, համախմբվեն ու մոբիլիզացվեն մինչև սեպտեմբերի վերջ, ինչից հետո պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն ակտիվ գործողությունների: Պատգամավորները մարզերի ազատամարտիկներին նաև վստահեցրել են, որ կհոգան Երևան գալու և մնալու հետ կապված բոլոր ծախսերը:
Արդեն հայտնի է, տխրահռչակ "12 կետերի" կատարման ընթացքի պատրվակով "քառյակը" սեպտեմբերի վերջին նախատեսում է Երևանում անցկացնել մեծ հանրահավաք: Ինչպես նկատեցիք, ակտիվ գործողությունների պատրաստվելու համար ազատամարտիկներին տրված ժամկետն ու "քառյակի" հանրահավաքի անցկացման օրը համընկնում են, ինչը պատահականություն չէ և հերթական անգամ հիմնավորում է ԲՀԿ-ի ու այդ կառույցների միջև եղած կապը:
Եթե ամփոփենք վերը նշված փաստերն ու հանգամանքները, ապա ստացվում է, որ "քառյակի" մաս կազմող ԲՀԿ-ն կուսակցության անդամներին տրամադրում է ֆինանսական միջոցներ` ազատամարտիկներ հավաքագրելու և սեպտեմբերի վերջին նրանց ակտիվ գործողությունների նախապատրաստելու համար: Արդեն իսկ պարզ է, որ այդ ազատամարտիկներին հրահանգվելու է մասնկցել "քառյակի" սեպտեմբերյան հանրահավաքին, սակայն միթե՞ նրանք չեն հասկանում, թե իրենց դեպի ուր են տանում, ինչպես են պատրաստվում օգտագործել, ինչ խաղերի մեջ են ներքաշում: Ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հանրահավաքի ընթացքում ուժի դիրքերից հանդես գալն ու իշխանություններին ինչ-որ բաներ պարտադրելու փորձ կատարելը:
Մի բան է անհասկանալի, թե ինչի՞ դեմ պայքարելու համար են մոբիլիզացվում նախկին ազատամարտիկները, ու՞մ հանդեպ են պատրաստվում ատկիվ գործողություններ իրականացնել. սեփական ժողովրդի՞, շարքային քաղաքացիների՞, թե՞ հասարակական կարգը հսկող իրավապահների դեմ: Եվ հանուն ում են հավաքագրվում ազատամարտիկները – Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե ամերիկացիների ու եւրոպացիների, թե՞….Ամեն դեպքում, այս "ավանտյուրան" իր մեջ վտանգներ է պարունակում և պարզ չէ` դրա հեղինակները գիտակցելո՞վ, թե՞ "միամտաբար" այլ ուժերի կողմից օգտագործվելով են դրան գնում: Չնայած, դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ հային հայի դեմ հանելու գաղափարը ինքնին դատապարտելի երևույթ է` անկախ նրանից, թե դա ինչ նպատակներ է հետապնդում: