Լրագրողների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով Գյումրու ավագանու թեկնածու է, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես չսկսել քարոզարշավը
«Պռապուսկատի» տեսություն եւ պրակտիկա-3
Կարելի է այլեւս չզարմանալ: Մոտավորապես այնպես, որ Գյումրու Մերկուրովի տուն թանգարանի պատերին սնկեր էին աճում խոնավությունից, միջավայրը, կարելի է ասել՝ պարտավորեցնող էր՝ աճում էին, կամ էլ այսպես. տարիներ առաջ Ազգային անվտանգության ծառայության Վայոց Ձորի մարզի վարչության պետը էլեկտրականությամբ ձուկ որսալիս էլեկտրահարվել, մեռել էր:
Սերժիկ Սարգսյանի հանրապետական կուսակցության հովանու տակ քաղաքապետի թեկնածու առաջադրված Ս.Բալասանյանը խոստանում է վերընտրվելու դեպքում ժամանակին վճարել աշխատավարձերը: Չխնդաք՝ ասինք: Պաստառի վրա կարդացի, չի ասում՝ ում աշխատավարձերը, բայց երեւի ի նկատի ունի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձը, խոսքը մոտ 650 հոգու մասին է, որից 450-ը բուն աշխատակազմն է հայեցողական պաշտոնյաներով ու համայնքային ծառայողներով եւ մոտ 200 հոգի սպասարկող աշխատակազմով:
Տրամաբանությունն ու ՀՀ օրենսդրությունն հուշում են, որ ոչ մի քաղաքապետ չի կարող երաշխավորել համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ներ, մանկապարտեզ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, թանգարան, գրադարան եւ այլն) աշխատողների աշխատավարձերի ժամանակին վճարումը, անգամ, եթե քաղաքապետարանի բյուջեից պատշաճ փոխանցումներ արվեն այդ հիմնարկներին, դա դեռ երաշխիք չէ, որ այդ աշխատավարձերը պատշաճ կվճարվեն, բազմաթիվ օրինակներ կան, երբ ՀՈԱԿ տնօրենը փողերը վերցրել եւ թռել է ուղղակի, յուրացրել է, հետո՝ դատ, դատաստան...:
Հիմա ավելի զարմանալի բան ասեմ, ոչ մի համայնքապետ չի կարող երաշխավորել անգամ անձամբ իր եւ իր աշխատակազմի աշխատավարձի ժամանակին վճարումը, քանի դեռ (1) ավագանին բյուջեն չի հաստատել ու (2) քանի դեռ բյուջեում բավարար փող չկա տեղական եկամուտներից ու պետական դոտացիայից: Բայց Բալասանյանը ... երաշխավորում է: Բա, որ ավագանին չհաստատեց բյուջեն, բա որ կառավարությունը ժամանակին չուղարկեց դոտացիոն փողերը: Ո՞վ կարող է այսպիսի հայտարարություն անել: Նա, ով վստահ է, որ ավագանին կամ մեծամասնությունը կհաստատի իր ներկայացրած ցանկացած նախագիծ, բյուջե եւ այլն:
Վերհիշեք Բալասանյանի այն ռեպլիկը, որով մարզիկներին խոստանում էր Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհել, եթե օլիմպիական ոսկի բերեն: Ընդհանրապես հաղթողներին (մարզիկ, արվեստի մարդ եւ այլն) խրախուսելն ու, մանավանդ, առաջանցիկ սիրաշահելը, երբ մեկը մյուսից առաջ ընկնելով խոսումներ է տալիս ու փորձում մյուսից ավելի առատաձեռն երեւալ, լավ բան է, եթե, իհարկե, ուրիշի ունեցվածքի հաշվին չեն արվում այդ խոստումները, բայց խոսքս այն դեպքերի մասին է, երբ համայնքի ունեցվածքը պիտի շնորհվի՝ կոչում կամ նյութական որեւէ արժեք, իսկ դրանք միայն ավագանու կայացնելիք որոշումներով կարող են շնորհվել: Մարդը խոստանում է ու պարբերաբար խոստանում է բաներ անել, որոնց համար ավագանու որոշում է հարկավոր: Թե ինչու է Բալասանյանն այդպես համոզված, որ ավագանին անպայման իր բոլոր նախագծերն հաստատելու է, այլ խոսակցության թեմա է, բայց հիշենք, որ ընտրվելուց հետո դեռ 7-8 ամիս այդպես համոզված չէր, ավագանին 2013 թվականին նույնիսկ երկու անգամ մազ մնաց բացակայութմաբ ձախողեր նիստը:
Ես ինքս նույնպես կարծում եմ, որ օլիմպիական ոսկի բերողներին պիտի Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացնել, բայց երբեք ինձ թույլ չեմ տա ասել ավագանու մյուս անդամների որոշելիքի մասով հաստատական իմաստով: Ամենաշատը՝ կարծիք է ասածս, իսկ Բալասանյանը կոնկրետ խոստանում էր, հիմա էլ խոստանում է աշխատավարձը ժամանակին վճարել: Զուլում է մոտավորապես. մարդը խոստանում է կատարել օրենքի պահանջը, փաստորեն: Ընտրողները, այս 650 հոգու ընտանիքների անդամները երեւի պիտի ուրախանան, որ խոստանում է, այլապես ժամանակին չէին վճարվելու՞:
Օրենքի պահանջների կատարման մասով ահագին հարցեր կան կուտակված ոչ միայն Վ.Ղուկասյանի ժամանակներից, այլեւ հենց Ս.Բալասանյանի կառավարման 4 տարիներից. Բազմաթիվ օրինակներից մի ստից բան ասեմ, չընկնեք աթոռներից. Գյումրու ավագանին օրենքով պիտի գործի իր նստավայրում, որը պիտի ինքը սահմանի, սա օրենքում է արդեն 20 տարի, ուղիղ քսան տարի Գյումրու ավագանի նստավայր չունի: Ուղիղ քսան տարի ես ու էլի լիքը մարդ երեւի 2000 անգամ ասել, հուշել ու քննադատել ենք, թե մի սենյակ տվեք ավագանուն, այժմյան ընտրողներից շատերը դեռ աշխարհ չէին եկել, երբ խոսում էինք օրենքի այս պահանջի կատարման մասին: Սա ավագանու նիստերի անցկացման վայրը չէ, սա նստելու վայրն է, գտնվելու վայրը, որտեղ մարդիկ ավագանու անդամներին հանդիպելու տեղ պիտի ունենան, որտեղ ավագանու հանձնաժողովների նիստեր պիտի գումարվեն, մշակվեն որոշումների նախագծեր եւ առաջ մղվեն դեպի օրակարգ, որպեսզի ավագանին դառնա ավագանի, կայանա, ինչպես ասում են քաղաքապետերն ամեն անգամ իշխանության գալիս, որպեսզի հակակշիռ լինի քաղաքապետին ու իր աշխատակազմին, որպեսզի հավասարակշռի տեղական գործադիր իշխանության միահեծան վարքն ու գործքը:
Բայց արիուտես, որ քաղաքապետերից շատերին ու, մասնավորաբար, Բալասանյանին օրենքի էս պահանջը հեչ դուր չի գալիս, աշխատավարձը ժամանակին տալու օրինական պահանջը դեմ չէ կարգախոս սարքել, իսկ ավագանու նստավայր ունենալու պահանջը՝ ոչ: Չորս տարում հնար չեղավ գոնե մի 10 քառակուսի մետրանոց սենյակ տալ ավագանու անդամներին եւ ավագանու որոշման նախագիծ բերել այդ սենյակը նստավայր սահմանելու մասին: Հարմար չէ, ձեռնտու չէ, կարիք չկա, որ ավագանին կայանա որպես ինքնուրույն մարմին, կռահեք՝ այդ դեպքում ինչ չի կարողանա անե՞լ. ճիշտ եք, չի կարողանա ավագանու փոխարեն խոստումներ ու երաշխիքներ տալ: Եթե կայացած ավագանի լիներ կամ լինի, ոչ մի համայնքապետ չի համարձակվի այնպիսի բաներ խոսել, ինչից սկսվեց այս խոսակցությունը, կասեն. «ես կարծում եմ, որ այսինչ մարդը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանի է, բայց ավագանին է որոշողը, ինչպես որոշեց...»: 650 հոգանոց աշխատակազմի եւ ՀՈԱԿ-ների աշխատակազմերի աշխատավարձի խոստումը կոնկրետ վարչական ռեսուրս է ոտքի հանում, ու իր օգտին քվեարկել է մոտիվացնում, իսկ ո՞ւմ է մոտիվացնելու ավագանու նստավայրի սահմանումը օրինակ: Բայց դե հիմա առաջվա միամիտները չեն քաղաքապետարանում եւ ՀՈԱԿ-ներում հիմա բոլորը գիտեն, որ իրենց աշխատավարձը, որ մի քանի կոպեկ է, օրենքով է իրենց հասանելիքը եւ օրենքով պիտի ժամանակին վճարվի, ոչ թե Բալասանյանի բարի կամքով:
Հիմա ամենագլխավորի մասին: Հայաստանում ՏԻՄ համակարգում ու պետական պաշտոնյաների մի փնջի մոտ մի խոր արմատացած թյուրըընկալում նրա, թե ինչի համար է տեղական ինքնակառավարման համակարգը, կամ տեղական իշխանությունը: Բացի այն, որ շատերը, անգամ ՏԻՄ-ում աշխատող մարդկանց կեսը, լրագրողների կեսը ու ամբողջ հանրության երեւի 80 տոկոսը համարում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքապետն եւ ավագանին պետական կառավարման շարունակությունն է, կամ կառավարության կամ տարածքային զարգացման նախարարության ուղիղ ենթական են եւ ինչ հրամայեն սրանք՝ պիտի անեն, խորությամբ համոզված են նաեւ, որ հանրությունը, ժողովուրդը, մենք՝ հարկատուներս ենք տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակազմի սպասարկողն ու ծառան, մենք պիտի լինենք ու հարկեր վճարենք, որ իրենք աշխատանք ունենան ու գործազուրկ չլինեն, լավ լինեն, ջան ասեն ու ջան լսեն, եւ ոչ թե հակառակը: Այս շրջանակների մարդանց մի ամբողջ շերտ այդպես էլ չի հասկանում, որ իրենք պիտի լինեն մեր ծառայողները, մեզ ու քաղաքին ծառայություններ մատուցողը եւ ինչպես տնտեսագիտական օրենքներն են ասում կամ նույնիսկ թերմոդինամիկայով է ապացուցվում՝ այդ ծառայությունները պիտի լինեն բնական, էժան, որակով: Սա պիտի նշանակի, որ ոչ մի արհեստական գործ չպիտի հորինվի եւ իրականացվի մեր հաշվին, ոչ մի պարապ ու կիսապարապ աշխատող չպիտի լինի հարկատուների հաշվին, ոչինչ ավելի թանկ չպիտի արժենա, քան հնարավոր էժանն եւ ոչ մի ծառայություն կամ ապրանք, որ գնվում է հարկատուների հաշվին ավելի ցածր որակ չպիտի ունենա, քան այն, ինչ կարելի է գնել այդ գնին ազատ շուկայում:
Սա նշանակում է, որ եթե որեւէ մեկն ուզում է ինչ-ինչ արժանավոր քաղաքացիների, ասենք վաստակավոր ալտրուիստ եւ մեծ հումանիստ Շահնազարյան Շիրակին աշխատանքով ապահովել, նրա համար ոչ թե պիտի Գյումրու քաղաքապետանում համատիրությունների մոնիտորինգի բաժին հորինի եւ բաժնի պետի պաշտոն արարի ու նրան այնտեղ տեղավորի, այլ սեփական բիզնեսում մի տեղ պիտի ճարի կամ բացի եւ հենց այնտեղ տեղավորի, եւ աշխատավարձը ժամանակին վճարի, առանց ուշացումների, ինչպես պայմանագրում է գրված ու ինչպես նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ: Այդպես ավելի արդար կլինի հարկատուներիս հանդեպ եւ, եթե կուզեք՝ բիզնեսի համար եւս:
Երբ Գյումրին ընտրությունից ընտրություն մտաբերող Հանրապետական կուսակցությունը եւ Խոսրով Հարությունյանի հարություն առած կուսակցությունը դաշինքի եկան, որ այդ կուսակցությունների միացյալ վարկանիշները հաստատապես գերազանցող Բալասանյանի վարկանշով տոմսով ու անտոմս հանրապետականների եւ մի քանի համակիրների անցկացնեն Գյումրու ավագանի ու դաշինքի անունը դրեցին «Բալասանյան», մտածեցի, թե այն հաշվով են արել, որ հանկարծ ՀՀԿ անունը չհնչի, Սերժ Սարգսյանի ականջները շատ աչքի չընկնեն թեկնածուների երկար ցուցակի ետեւից եւ մի կերպ կարողանան հերթական կտերով գրավել ավագանու մանդատները՝ շարունակեն քաղաքապետարանն ու քաղաքային տնտեսությունն իրենցով արած պահել, մտածեցի, թե թեպետ կարող էին «Գյումրի» բառով սկսվող կամ վերջացող մի անվանում գտնել դաշինքին, բայց դե վրիպել են, ում հետ չի պատահի, կամ գերագնահատել են Բալասանյանի վարկանիշը, կամ հարցումներ անողները ջիգյարով խալտուրա են արել ու պատմել են, թե քաղաքում ուրիշ մարդ չեն տեսնում քաղաքապետի արժանի:
Հիմա, երբ մեյդան եկավ համայնքապետարանի աշխատողներին աշխատավարձերը ժամանակին վճարելու խոստում-կարգախոսը, սկսեցի մտածել, որ ՀՀԿ-ի դաշինքի քարոզարշավի շտաբում ընդդիմությունից մարդ կամ մարդիկ կան նստած ու ամեն ինչ անում են, որ ասել-խոսելիք դառնա այս դաշինքը: Առաջինը Սաշիկի ախպորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տալն էր, երկրորդը Շահնազարյան Շիրակի զրպարտություններն էին իր շեֆի մրցակցի հասցեին, հիմա էլ խոստանում են ... օրենքով աշխատել: Ուզում եմ ասել. աչքի լսով մնաս քարոզարշավի կազմակերպիչ, նորանոր աշխատանքային հաջողություններ եմ մաղթում, հաջորդ պաստառում թող պարոն Բալասանյանը խոստանա, որ արեւը ելնելու է արեւելքից ...:
Մինչ այդ եկել է քարերը հավաքելու ժամանակը, ես իմ արխիվում պահում եմ Գյումրու քաղաքապետերի վերջին 15 տարիների բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը: Սկսեմ կարդալ 12 թվի սերիան, տեսնեմ՝ որտեղ պիտի ապրեինք հիմա ու չենք ապրում հանրապետականի ինադու: Կարդամ, հետո կպատմեմ հա՞:
Քիչ մնաց մոռանայի, Մերկուրովի թանգարանը նորոգում են, ասում են՝ այլեւս սնկեր չեն աճելու այնտեղ:
Լեւոն Բարսեղյան