▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ում մսխված գումարների վերաբերյալ դժգոհություն կա նաև իշխանության վերին օղակներում. hraparak.am

hraparak.am-ը գրում է. Երեկ մի փաստաթուղթ ընկավ մեր ձեռքը՝ անցյալ տարի մայիսին Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անցկացրած նիստերից մեկի արձանագրությունը:

Այս փաստաթուղթը հետաքրքիր է նրանով, որ պարունակում է Հանրային հեռուստատեսությունից «լավ» հեռուստատեսություն ստանալու, վերջինին «նոր դեմք» հաղորդելու ծրագիրը:

Այդպիսի ծրագիր ուներ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, երբ նոր էր նշանակվել այս պաշտոնին, օգտվելով ՀՀ առաջին տիկնոջ հովանավորությունից:

«Նոր դեմք» հաղորդելը, ըստ փաստաթղթի, երեք փուլերով էր նախատեսվում իրագործել՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը, մինչեւ Նոր տարի, այսինքն՝ 2014 թվականի հունվարը, եւ ապա՝ մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 1-ը:

Իսկ մինչեւ 2015 թվականը մենք պետք է ունենայինք «հպարտության արժանի Հանրային հեռուստատեսություն, որի համար անհրաժեշտ կլինի ոչ միայն իմանալ հասարակական կարծիքի, այլ նաեւ հասկանալ շուկայի պահանջները»:

Բնականաբար, լավ գաղափարը նկարագրելուց հետո անցնում են ֆինանսներին: Եվ այսպես, սույն փաստաթղթից պարզվում է, որ տվյալ նիստում խորհուրդը՝ միաձայն, ինչպես Կոմկուսի բյուրոն, հաստատել է նախագահ Ջաղինյանի առաջարկը՝ 5,3 մլն դոլարի վարկ վերցնել «Արդշինինվեստ» բանկից, գրավադրելով շենք-շինությունները: Ընդ որում, խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը, իր խոսքում ողջունելով «Արդշինինվեստ» բանկի հետ համագործակցությունը, նշել է, որ այն ամենավստահելի բանկն է Հայաստանում: Հետագայում Հանրային հեռուստաընկերությունն ստացել է այս գումարը եւ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նույնիսկ բարձրացրել է թվերը, բայց երեք հարց մինչ օրս անհասկանալի է մնում:

1. Ինչպես են գրավադրվել Հանրային հեռուստաընկերության գույքը, շենք-շինությունները, առանց կառավարության համապատասխան որոշման:

2. Ինչպես էր հիմնարկը պատրաստվում վերադարձնել այս գումարները բանկին, եթե ս.թ. սեպտեմբերի 1-ից օրենքով զրկված է գովազդ տեղադրելու իրավունքից: Հասկանալով, որ բյուջետային միջոցների սղություն է լինելու, Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի խորհուրդը պահանջելու է ավելացնել բյուջեով Հանրայինին տրվող գումարները, ինչը հազիվ թե իրականություն դառնա: Ճիշտ է, Հանրայինն ունի հովանավորչական գումարներ ներգրավելու իրավունք, բայց ինչ հովանավորչական գումարների ավելացման մասին կարելի է խոսել, երբ նույնիսկ գովազդի շուկան է խեղճացած:

3. Ինչպես են ծախսվել վարկի գումարները:

Մեր տեղեկություններով, վարկի գումարները մսխվել են, եւ «հանրայինը» դժվարանում է հաշվետու լինել դրանց համար: Մեր հարցերին նրանք, համենայնդեպս, չպատասխանեցին:

Մսխված գումարների վերաբերյալ, մեր տեղեկություններով, դժգոհություն կա նաեւ իշխանության վերին օղակներում: Ի դեպ, հիշարժան այս նիստի ժամանակ, որը Հանրայինի վառ ժամանակների հավաքներից էր, Ռուբեն Ջաղինյանն առաջարկել էր վերանորոգել շենքի շքամուտքը, երկրորդ հարկի մի հատված, նկուղն ու խորհրդակցությունների սենյակը: Վերջին երեքը՝ դեռ ոչինչ, բայց շքամուտքի նորոգումն ակնհայտ վատնում է, որովհետեւ այն վերանորոգվել է եւ Արմեն Արզումանյանի, եւ Գագիկ Բունիաթյանի օրոք: Բայց ինչպե՞ս կարող է շոու-բիզի երբեմնի «աստղ» Ջաղինյանը նույն մուտքով մտնել, որից օգտվել են սույները: Ի դեպ, այս նույն մայիսյան նիստի ժամանակ նա նաեւ առաջարկել է, որ իրեն գործուղեն Մալթա՝ Եվրոպական հեռարձակողների միության համաժողովին մասնակցելու, եւ այս որոշումը նույնպես անցել է միաձայն: Սա, անշուշտ, մեծ պատիվ է եղել «եվրոպական հեռարձակողների» համար, քանի որ նախկինում այս մակարդակի հավաքների հաճախ ուղարկում էին միջին մակարդակի պաշտոնյաների:

Հեռուստատեսության մոտ աղբյուրը հայտնեց նաեւ, որ Ջաղինյանը վերացրել է փայտամշակման եւ դեկորացիաների պատրաստման համար նախատեսված Հանրայինի արտադրամասը, որում ստեղծվում էին հեռուստատեսության հին դեկորները, հաղորդումների «զադնիկները», ինչպես նաեւ հանդերձարանը, որտեղ պահվում էին ֆիլմերի, հաղորդումների եւ պարերի համար նախատեսված հագուստները: Այս ամենի փոխարեն բացվել է դիզայներական ստուդիա՝ «Մրաշ» անվանմամբ (եթե հակառակը կարդանք, լինում է «Շարմ»՝ հեղ.), որը պատկանում է Ռուբեն Ջաղինյանին եւ իրականացնելու է այս բնագավառում Հանրայինի պատվերները:

Երկու օր անցել է, եւ Հանրային հեռուստատեսության PR բաժինը չի բարեհաճել պատասխանել մեր հարցմանը, ուստի մեր տեղեկությունները տպագրում ենք առանց վերջինիս լրացուցիչ ճշգրտումների՝ սպասելով խորհրդի արձագանքին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին