2014թվականի առաջին երկու եռամսյակի կտրվածքով Շիրակի մարզում գրանցվել է 492 հանցագործության դեպք, որից միայն 313-ը բաժին է ընկել Գյումրի քաղաքին: Բացահայտումների թիվը կազմել է 415: Եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ Գյումրիում սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերն ավելացել են:
Միայն այս տարվա առաջին կիսամյակում Գյումրիում սպանվել է 2, մարմնական վնասվածք ստացել՝ 14 մարդ: Գյումրեցիները դեռ հիշում են՝ ամիսներ առաջ իրենց քաղաքում երկու սիրիահայ տղաների դանակահարեցին, նրանք ծանր վիճակում հայտնվեցին հիվանդանոցում: Երբ փորձեցինք զրուցել նրանց հետ հասկացանք, որ մինչ օրս տղաները պատահածի հետ կապված բացատրություն չունեն: Նրանց խոսքով` իրենք Գյումրիում ոչ թշնամի, ոչ ծանոթ, ոչ էլ վիճաբանության առիթ չեն ունեցել:
Հաջորդ աղմկահարույց դեպքը, որից 1 ամիս էլ չի անցել, մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանությունն է: Նրա դին գտել էին Գետք համայնքից Երասխավորս տանող ճանապարհի մոտակա փոսերից մեկում: Դիակի վրա առկա էին հրազենային կրակոցներ: Հիշեցնենք, որ դեպքից օրեր անց ձերբակալվեց Շիրակի քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը: «Ժողովուրդ»-ը Գյումրու ոստիկանությունից տեղեկացավ, որ գործն իրենց մոտից տեղափոխվել է եւ քննվում է Պաշտպանության նախարարության քննչական վարչությունում:
Դեպքերի նմանատիպ զարգացումներից հետո շատերը Գյումրին համարեցին վտանգավոր եւ կրիմինալ քաղաք: Իսկ ահա իրենք՝ գյումրեցիները, համամիտ չեն նման գնահատականի հետ: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ, ի վերջո, նմանատիպ հանցագործություններ լինում են ե՛ւ Երեւանում, ե՛ւ Վանաձորում, ե՛ւ հանրապետության այլ քաղաքներում: Գյումրեցիների գնահատմամբ՝ Գյումրին եղել եւ մնում է արհեստների եւ արվեստների քաղաք:
Ի դեպ հիշեցնենք, որ հարուստ մշակութային նկարագրի շնորհիվ 2013թ. Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:
Հեղինակ` ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում