Թոբիաս Դորնբուշին շատերը կհիշեն դեռ նախորդ տարվա ամռանից, երբ նա այցելել էր Երևանի կենդանաբանական այգի՝ Գրանդ փղի խնամքն իրականացնելու, այգու աշխատակիցների հետ դասընթացներ անցկացնելու նպատակով:
Այսօր Թոբիասն այլ առաքելությամբ է հանդես գալիս և աշխատում է կենդանաբանական այգում որպես սմբակավորների բաժնի պատասխանատու: Շաբաթական աշխատելով 42 ժամ, ունենալով ընդամենը մեկ հանգստյան օր՝ երբեք չի դժգոհում, այլ մեծ սիրով ու եռանդով է կատարում իր առջև դրված բոլոր պարտականությունները:
Թոբիասը սկսել է աշխատել կենդանիների հետ դեռևս 1995-ից: 2011-ին համալսարանում սովորել է կենսաբանություն և բուսաբանություն, ավարտել մագիստրատուրան, որից հետո աշխատել է աշխարհի 8 տարբեր կենդանաբանական այգիներում` շուրջ 20 փղերի հետ: Նրա կարծիքով՝ արական սեռի փղերը վտանգավոր են, և յուրաքանչյուր փիղ ունի իր առանձնահատկությունները, օրինակ՝ Գրանդ փիղն ավելի ուշադիր է, ընդունակ և ուզում է միշտ սովորել:
Թոբիաս Դորնբուշն օրական երկու անգամ, երկու ժամ շարունակ աշխատում է Գրանդ փղի հետ: Շատ կարևոր և ճիշտ հարց է համարում փղի տեղափոխությունը Թբիլիսիի կենդանաբանական այգի և մատնանշում երեք հիմնական պատճառ. առաջին՝ փիղն այստեղ մենակ է, երկրորդ` սերունդ կտա, և երրորդ` վիրահատական միջամտության կենթարկվեն փղի ժանիքները:
«Թբիլիսիում փիղը մենակ չի լինի, հնարավորություն կունենա զուգընկեր ունենալու և անգամ սերունդ տալու: Ավելի ճիշտ կլինի, որ փղի ժանիքի վիրահատությունը կատարվի Թբիլիսիում, քանի որ այն պետք է կատարել փակ տարածքում: Թբիլիսիի կենդանաբանական այգում կան բոլոր պայմանները՝ վիրահատությունը բարեհաջող իրականացնելու»,-իր խոսքում նշում է Երևանի կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու` Թոբիաս Դորնբուշը:
Երևանի կենդանաբանական այգին առանց փղի չի մնա: Թբիլիսիի կենդանաբանական այգուց նոր, Գրանդից 10 տարով երիտասարդ փիղ կբերվի: Դրանից հետո՝ ժամանակի ընթացքում, այգում կստեղծվեն առավել լավ պայմաններ: Այդ հանգամանքը ապագայում հնարավորություն կտա նոր փղի համար ընկերուհի բերելու:
Լուր` Երևանի կենդանաբանական այգու` հունվար-փետրվարի տեղեկատուից