ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է
«Էմփիրեյ» խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը:
-Ձեզ հետ պատահած դեպք, որը միշտ ժպիտով եք հիշում:
-Երբ տղաս ծնվեց, ծնունդն ընդունող բժիշկը գոռաց ամուսնուս, ով այդ պահին կողքիս էր. «Տե՛ս, դեռ չծնված բժշկական մկրատն է բռնել, երևի չի ուզում, որ պորտալարը կտրենք: Դե շո՛ւտ, հեռախոսով նկարի»:
Ցավոք, մինչև հեռախոսը բերեցին, տղաս հասցրել էր ձեռքից գցել մկրատը (ժպտում է):
-Գիսանե Պալյանը հաճա՞խ է հայտնվում «երազների աշխարհում»:
-Այժմ ոչ հաճախ. այդքան ժամանակ չեմ ունենում, բայց կար ժամանակ, երբ «երազների աշխարհը» ինձ փրկեց դեպրեսիայից:
-Արվեստի բնագավառի մարդը միշտ էլ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Երբ մտածում եմ դեռ ինչքան բան կարող եմ անել, մի տեսակ ուժեղանում եմ ու թևեր առնում. այդ պահին իսկապես ոգեշնչված եմ լինում:
-Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է, որ ամբողջովին բնորոշում է Ձեզ:
-«Ճիշտ մարդ» լինելու ցանկությունը:
-Ասում են` կյանքն արիություն է պահանջում: Համամիտ եք այս մտքի հետ, ու ո՞րն է «արիության» Ձեր բնորոշումը:
-Կյանքը շատ ծանր հարվածներ կարող է հասցնել մարդուն. արի լինելը` չընկճվելն ու լավատես լինելն է:
-Կյանքն առանց երաժշտության, Գիսանեի համար նույնն է, ինչ կյանքն
առանց ... :
-...Իմաստի:
-Գիսանեն հիասթափվում է, երբ….
-Լինում են պահեր, երբ ինձ փակուղու մեջ եմ զգում, որից ելք չեմ տեսնում, բայց այդպիսի պահեր հաճախ չեն լինում, լինելուց էլ արագ են անցնում. միգուցե ափսոսում եմ տխրելու կամ ընկճված լինելու վրա ժամանակ ծախսել:
-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
-Ասեկոսեներին ուշադրություն չեմ դարձնում, այդ պատճառով էլ չեմ կարող հիշել որևիցե մեկը:
-Դիմացինի մեջ, ո՞ ր հատկանիշներն են Ձեզ համար առաջնային և ո՞ ր հատկանիշներն են, որ պարզապես տանել չեք կարողանում:
-Պարզ ու բարի լինելը ամենակարևորներն են, իսկ գոռոզությունն ու չարությունը ստիպում են, որ երբեք չշփվեմ տվյալ մարդու հետ:
- Կա մի բան, որը մշտապես ցանկացել եք իրագործել, բայց դրա հնարավորությունը չեք ունեցել:
-Դեռ շատ բաներ կան կյանքում, որ պետք է իրագործեմ, բայց մինչև իրականացնելը չեմ սիրում այդ մասին խոսել:
Հեղինակ` Անի Բեքիրյան