«Դարեր շարունակ թուրքերը ցանկացել են մեզ ոչնչացնել և «Էրիվան» ասելով, Սևանա լիճն ուզելով, պարզ է, որ միայն ցեղասպանության, հայի տեսակի վերացման արդյունքում կարող են դրան հասնել»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հարցին, թե արդյո՞ք հայ ժողովուրդն ուզում է ցեղասպանության ենթարկվել:
Հոգեբանը պնդեց, որ նման հարց բարձրացնողը հայ կոչվելու իրավունք չունի, որ այդ հարց չէր կարելի հնչեցնել, քանի որ, մեր պատմությունն իմանալով, վստահաբար կարելի էր ասել, որ թուրքերն այլ նպատակ երբևէ չեն էլ ունեցել: Նրա խոսքով՝ այդ մասին է խոսում նաև այն միտումը, երբ որևէ զիջում ստանալուց հետո թուրքերը և ադրբեջանցիները նոր սպառնալիքներ են տեղում և նոր պահանջներ ներկայացնում:
Միհրդատ Մադաթյանը շեշտեց, որ 2018 թվականից ի վեր Փաշինյանը նմանատիպ հայտարարություններ է անում, որոնց արդյունքում ունեցանք 44-օրյա ցեղասպանությունը և կորուստները դեռ շարունակվում են:
«Ես կարծում եմ, որ Փաշինյանի նպատակը, Հայաստանի ադրբեջանականացումն է, որպեսզի ցեղասպանությունն ի վերջո տեղի ունենա»,-հայտնեց հոգեբանը և որպես ապացույց բերեց Սյունիքի ռազմական գործողությունները, որոնք, ըստ նրա, տեղի են ունեցել բացառապես Նիկոլ Փաշինյանի մեղքով: Բանխոսը շեշտեց, որ Սյունիքում 5 դիրքի հանձնումը, զոհերը և վիրավորները ոչ մի կերպ հնարավոր չէ բարձել նախկինների վրա, քանի որ Փաշինյանն էր բացառապես տիրապետում իրավիճակին:
«Փաշինյանը մինչև վերջ խաղում է թուրք-ադրբեջանական խաղ, ուղղակի ի սկզբանե իր ավանտյուրայով մտնելով այս խաղի մեջ, լավ չպատկերացրեց, որ խաղացողներն այստեղ բավականին խելացի են և նրանք ավելացնելու են իրենց դիրքերը»,-ասաց Մադաթյանը և պարզաբանեց, որ այս պահին թուրքիան և Ադրբեջանը մաքսիմալ ավելացնում են իրենց դիրքերը, իսկ Հայաստանը զիջողի դիրքերում է:
«Գերիների հերոսացումն ամենասարսափելի բանն էր, որ արեց Նիկոլ Փաշինյանը, ինչի շնորհիվ մենք Սիսիանում տեսանք մասսայական գերի ընկնելու պրոցեսներ, երբ զենքը ձեռքին զինվորականը փոխանակ պաշտպաներ հայրենիքը, ավտոմատ սկսեց հանձնվել ադրբեջանցիներին»,-հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամը:
Ըստ Մադաթյանի՝ համատարած գերի ընկնելուն նպաստել է նաև պատերազմից հետո գերիների հետ հեռուստակապի շոու կազմակերպումը, երբ հայտարարում էին, որ գերիները Բաքվում ավելի լավ են պահվում, առողջ հետ են հետ դառնում, այն դեպքում, երբ հարց պետք է բարձրացվեր, թե ինչո՞ւ են գերի ընկել: Հոգեբանի կարծիքով՝ այսօր էլ խոսել, թե բոլոր գերիները դավաճան են՝ հարցի մյուս ծայրահեղացումն է: Մադաթյանը պատմեց, որ վերջին պատերազմի ժամանակ մի ոտքից հաշմանդամ փոխգնդապետ ընկերոջն Արցախից բերել են ինքն իրեն ծնոտի տակից գնդակահարված, որպեսզի գերի չընկնի:
«Եթե մենք ուզում ենք բանակի ոգին ոչնչացնել, ապա գերիներին սարքում ենք հերոսներ»,- հայտնեց բանախոսը և նկատեց, որ այսօր Մոնթեի, Աբաջյանի փոխարեն գերիների հերոսացման գործընթաց է իրականացվել:
Նա առաջարկեց նաև հասկանած վերջին գերեվարվածներին, քանի որ նրանք վստահ չեն եղել, որ մեջքին պետություն ունեն, որը պատրաստ է ամեն ձևով իրենց օժանդակել:
«Նրանք հասկացել են, որ Սյունքի միջադեպը ստեղծվել է հենց պետության ղեկավարի կողմից, որ այսօրվա դրությամբ հրահանգ կա չկրակելու և այլն և այս իրավիճակում կարելի է հասկանալ, թե ինչու են մարդիկ գնացել հանձնվելու»,-շեշտեց բանախոսը և հավելեց.
«Այսօրվա գերի ընկնելու տրենդը թելադրված է բացառապես Նիկոլ Փաշինյանի և իշխանության կողմից և միակ ելքը նրանց օր առաջ հեռացնելն է»: