▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնին հեթանոսական տաճար է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ու արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանն իր հոդվածում ի լուր համայն հայության հայտարարում է, որ.

ա) Գառնին հեթանոսական տաճար չէ,

բ) Գառնին սրբավայր է,

գ) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար հայ ժողովրդի պատմության մեջ երբեք էլ չի եղել հեթանոսական շրջան,

դ) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին երբեք չի մերժել հեթանոսական լուսապաշտությունը և իրենց ընդունած քրիստոնեությունն իրենց երբեք էլ չի հեռացրել այդ լուսապաշտությունից, և, վերջապես՝

ե) Հայաստանում գոյություն չունեն հեթանոսական կամ քրիստոնեական տաճարներ, այլ կան հայոց ազգային հավատքի սրբավայրեր, որոնցից մեկն էլ հենց Գառնիի հեթանոսական տաճարն է:

Որպես քրիստոնեական եկեղեցու սպասավոր՝ ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել հայոց աշխարհին և բոլոր հայալեզու ընթերցողներին, որ վերը բերված մտքերից և ոչ մեկն իր մեջ չի պարունակում քրիստոնեական վարդապետության և աստվածաշնչյան ուսմունքի գեթ մեկ նշույլ իսկ:

Եվ որպես հայ՝ ուզում եմ իմ խորին մտահոգությունը հայտնել հայ ազգին մեծագույն օրհնություններից մեկը բերած Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետնորդի կողմից քրիստոնեության ու հեթանոսության անհամատեղելիության շուրջ հենց լուսավորչական գաղափարախոսության և մոտեցումների աղավաղման կապակցությամբ:

Սթափվե՛ք, քրիստոնյանե՛ր, «կրակապաշտություն» կամ «արևապաշտություն» բառերը «լուսապաշտությամբ» փոխարինելով` անկարող եք լինելու մեր ժողովրդին կտրել իր քրիստոնեական արմատներից և չեղյալ հայտարարել ազգիս ապաշխարությունն իր հեթանոսական անցյալից և Քրիստոսի կենարար հավատքի վարդապետության ընդունումը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ և նվիրյալ հոգևորականների շարունակությամբ:

Սրբապղծություն է հայոց եկեղեցիները, որտեղ դարեր շարունակ պատարագներ են բարձրացել ի Քրիստոս և գովաբանություն ու աղոթք է հնչել Նրա փրկարար զոհի և հայրական հոգատարության պատճառով, նույնացնել այնպիսի մի տաճարի հետ, որտեղ այսօր էլ զոհեր են մատուցվում չաստվածներին և տեղի են ունենում հեթանոսական ծիսակարգեր: Եվ անգիտության խավարի մեջ խարխափելու նման է տարիներ շարունակ ստանալ քրիստոնեական կրթություն, զբաղեցնել պատասխանատու պաշտոն քրիստոնեական եկեղեցում և մնալ քրիստոնեության Հոգուն և քրիստոնեական ուսմունքին անտեղյակ:

Հուսով եմ և հավատում եմ, որ կա՛մ Ասողիկ քահանան հանդես կգա հայտարարությամբ, որ սա իր մտքերը չեն և տեղի է ունեցել լրագրողական շփոթմունք, կա՛մ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արձագանքը չի ուշանա, և բոլորին պարզ կդառնա, որ նման մտքերը եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չեն կարող լինել և ընդամենը մեկ անհատի սեփական պատկերացումներն են:

Ցանկացած հայրենասեր հայ պարտավոր է սիրել իր երկիրը, հոգատար լինել իր հայրենիքի ճարտարապետական հուշարձանների, պատմամշակութային մյուս արժեքների հանդեպ:

Սակայն բոլորովին կարիք չկա նման հոգատարություն ցուցաբերելու համար հեթանոսությունը նույնացնել քրիստոնեության հետ: Եվ ես, որպես ավետարանական եկեղեցու հոգևորական, պարտավոր եմ հստակ հայտարարել, որ նշված մոտեցումները քրիստոնեական չեն և չեն էլ կարող լինել:

Ավելին, կարծում եմ՝ դրանք չեն էլ կարող հայ առաքելական հավատքի հետ առնչություն ունենալ, քանի որ հակասում են հենց առաքելական հայրերի ուսմունքին:

Վերջում ուզում եմ մեջբերել Ավարայրի ճակատամարտից առաջ քրիստոնյա հայերի խոսքն՝ ուղղված կրակապաշտ պարսիկներին, որոնց հետ ընդամենը մի քանի դար առաջ նրանք նույն կրոնի և պաշտամունքների հետևորդներն էին եղել.

«Քրիստոնէութիւն մեզի համար շապիկ մը չէ, զոր դիւրութեամբ մեր վրայէն հանենք, այլ ան մորթի գոյն է եւ եթէ մէկը ուզէ զայն մեր վրայէն հանել, պէտք է մեզ մորթազերծ ընէ»:

Արման Մանուկյան
Ավետարանի հավատքի քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու մամլո խոսնակ

Աղբյուր` crossnews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին