▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գարեգին Նժդեհ» ֆիլմն` «առանց» Նժդեհի

Վերջին օրերին «Արմենիա» հեռուստաընկերությունը հանդիսատեսի դատին ներկայացրեց երկար սպասված «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Աղմկահարույց ֆիլմ, որի հետ այսօր էլ կարելի է լսել իրարամերժ գնահատականներ: Ոմանց համար ֆիլմը առավել քան ստացված էր, ոմանց համար էլ՝ ձախողված:
Թեպետ ինքս պատկանում եմ մարդկանց երկրորդ խմբին, սակայն դա բնավ չի նշանակում, թե առհասարակ չեմ գնահատում հեղինակային խմբի կատարած աշխատանքը: Գնահատելով ստեղծագործական անձնակազմի ջանքերը մեծանուն հայի մասին ֆիլմ նկարահանելու առումով, այնուամենայնիվ ստիպված եմ փաստել, որ այդ ջանքերն ի վերջո չեն ծառայել բուն նպատակին: Այսինքն՝ նպատակ ունենալով Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելը՝ ստեղծագործական անձնակազմը արդյունքում ՆԿԱՐԱՀԱՆԵՑ ՖԻԼՄ, ՈՐՏԵՂ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷՐ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ /բացառությամբ որոշ դրվագների/: 
Խնդիր չունենալով ֆիլմի հետ կապված բոլոր թերությունների վերհանումը /նկատի ունեմ Նժդեհի կերպարի մասով/՝ ստորև կփորձեմ առանձնացնել մի քանի կարևոր նկատառումներ.
1. Ֆիլմը դիտելուց հեռուստադիտողը լավագույն դեպքում կիմանա այն մասին, որ Գարեգին Նժդեհը եղել է ազգանվեր գործիչ, ով իր պարտքը հայրենիքի հանդեպ կատարել է ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում: Այդ դեպքում հարց է առաջանում. իսկ ինչու՞ ֆիլմ Նժդեհի և ոչ թե այլ նվիրյալների մասին: Կարծում եմ այս դեպքում ֆիլմով «անմահանալու» պատվին իրավունք ունեին արժանանալու նաև զորավար Անդրանիկը, Դրոն, Սիմոն Վրացյանը, Արամ Մանուկյանը, Աղբյուր Սերոբը և այլն: 
2. Ավելին, ֆիլմում Նժդեհը ներկայացված է խիստ միակողմանիորեն: Այստեղ ի սպառ բացակայում է Նժդեհ մտածողն ու գաղափարախոսը, և սա այն դեպքում, երբ Նժդեհի մեծությունն ամենից առաջ ներկայանում է իր թողած ստեղծագործական ժառանգության մեջ: Հասկանալի է, որ ֆիլմում հնարավոր չէր լինի խորությամբ ներկայացնել Նժդեհի փիլիսոփայական աշխարհայացքն ու գաղափարախոսությունը, սակայն հնարավոր կլիներ որևէ կերպ ցույց տալ, որ մեծանուն հայը ոչ միայն պատերազմել է ու բանակցել, այլև՝ գրել: Օրինակ, Հովհաննես Դեվեջյանի հետ խոսակցության դրվագում սցենարիստը կարող էր Դեվեջյանի կողմից հարց ուղղել Նժդեհին, թե ինչի մասին է նա գրում այս անգամ: Այս դեպքում հնարավոր կլիներ գոնե իմանալ, որ Նժդեհը ունի գրած գործեր: Մինչդեռ ֆիլմում Նժդեհը մի կողմից խոսում էր Դեվեջյանի հետ, մյուս կողմից՝ թուղթ էր «սևացնում»: Պատահական չէ, որ ֆիլմը դիտելուց հետո շատ շատերը զարմանում էին, երբ իմանում էին, որ Նժդեհը ունի բազմաթիվ աշխատություններ: 
3. Նժդեհի կերպարը ֆիլմում ոչ միայն միակողմանի է ներկայացված, այլև՝ աղճատված և, միգուցե, խեղաթյուրված: Բանն այն է, որ հռետորական ձիրքերով օժտված և ելույթների ընթացքում բազմաթիվ լսարանների «կախարդած» Նժդեհը՝ Ֆիլմում ՀՅԴ Բյուրոյի նիստերից մեկի ժամանակ հանդես է գալիս կցկտուր ձայնով և ոչինչ չասող ելույթով: Ավելին, Հովհաննես Դեվեջյանի մեղադրական հարցին պատասխանում է այնպես, ինչպես քննությանը չպատրաստված ուսանողը դասախոսին: Խոսքը վերաբերում է ցեղակրոնության նացիստական, ազգայնամոլական կամ ռասիստական բնույթի հարցին, որին տրված պատասխանը գրեթե ընդհանրության աղերս չուներ Նժդեհի իրական պատասխանի հետ: Այնպիսի տպավորություն էր առաջանում, որ ֆիլմի սցենարիստը կարծես ինքն է համոզված եղել դրանում և «փորձել» է Նժդեհի միջոցով համոզել մնացածին այն բանում, որ ցեղակրոնությունը դատապարտելի ազգայնամոլություն է: Պատահական չէ, որ շատերը ֆիլմը դիտելուց հետո շատերը թեպետ որոշակիորեն տպավորված էին Նժդեհի կերպարով, սակայն այն տեսակետն էին արտահայտում, թե Նժդեհը նացիստ է կամ ֆաշիստ: 
4. Վերոգրյալի մասին է հուշում նաև այն, որ Հ. Դեվեջյանի հետ զրույցներում Նժդեհն անընդհատ հայտնվում է քննադատվողի դերում և չի կարողանում այնպիսի պատասխաններ տալ, որ հեռուստադիտողը հասկանա, որ նրա մոտեցումները ոչ միայն ժամանակավրեպ չեն, այլև արդիական են: 
5. Ավելին, Նժդեհի կերպարը աղճատված է նաև Վաչե Հովսեփյանի հետ խոսակցության ժամանակ: Բանն այն է, որ այդ հատվածում ծանոթանալով Հովսեփյանին ուղղված նժդեհյան քննադատությանը՝ հեռուստադիտողը կարծես հասկանում է, որ իբր Նժդեհի համար հայրենասիրությունը պայմանավորված է երեխաներին հայկական անուններ տալու գործոնով և այլն: 

Իհարկե, նշվածներով չեն սահմանափակվում բոլոր նկատառումներս, քանզի դրանք բազմաթիվ են: Սակայն նշվածներն էլ բավական են հասկանալու համար, որ սույն ֆիլմ թեպետ նվիրված է Նժդեհին, սակայն, ցավոք, դրանում գրեթե չկա նա, ում այն նվիրված է: Այլ խոսքերով՝ եթե մարդու անատոմիական կառուցվածքի նկարագրությամբ չենք պատասխանում այն հարցին, թե ով կամ ինչ է մարդը, ապա Նժդեհի արտաքին կենսագրության մի քանի դրվագների ներկայացմամբ չենք պատասխանում այն հարցին, թե ով է իրականում Նժդեհը: 
Ամեն դեպքում պետք է շնորհակալ լինել ֆիլմի ստեղծման գործի բոլոր մասնակիցներին, քանզի այն դիսկուրսի ծավալման հնարավորություն ընձեռեց և, բացի այդ, թեպետ խիստ միակողմանիորեն, սակայն ծանոթացրեց Նժդեհի գործունեության որոշ դրվագների:


Քաղաքագետ, նժդեհագետ Արմեն Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին