▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ, Եվ-ի Բայց, Բայց-ը...«Ժողովուրդ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հանդես է եկել ՀՀ-ի հետ հարաբերությունները բարելավելու հերթական երեսպաշտական կոչով: Կոլումբիա կատարած այցելության ընթացքում նա հայտարարել է. «Մենք ջանքեր թափեցինք՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ նոր էջ բացելու, բայց, ցավոք, խաղաղության մեր ձեռքը միշտ մերժվում է հայկական ազդեցիկ սփյուռքի կողմից»: Ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում թուրքական դիվանագիտությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցում ամեն կերպ շեշտը դնում է պաշտոնական Երեւանի եւ հայկական սփյուռքի դիրքորոշումների միջեւ առկա սկզբունքային տարբերությունների վրա: Այս խաղաթուղթը գործարկվում է բոլոր մակարդակներում, եւ, բնականաբար, ունենում է ոչ հայանպաստ ներգործություն:

Իսկ Թուրքիայի հարցում ՀՀ-ի եւ սփյուռքի մոտեցումների տարբերությունն առավել ցցուն կերպով ամրագրվեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում, որից ծնունդ առած տխրահռչակ հայ-թուրքական արձանագրություններում  որոշակիորեն կասկածի տակ էր առնվում ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ երաշխավորվում էր Թուրքիայի ներկայիս սահմանների անխախտությունը: Բնականաբար, սփյուռքը չէր կարող կողմ լինել նման մոտեցումներին, առավել եւս, որ տվյալ դեպքում առաջնային ազդակիրը հենց ինքն էր:

Ի վերջո, կանգնելով չհաշվարկված այս նախաձեռնության ձախողման փաստի առաջ` Ս. Սարգսյանը ստիպված եղավ 100-րդ տարելիցին ընդառաջ գնալ համահայկական հռչակագրի ընդունմանը, որում, բացի ցեղասպանության  ճանաչումը, ամրագրված են նաեւ փոխհատուցման գործընթացի հետ կապված պահանջատիրական մոտեցումներ: Ս. Սարգսյանի այս վերանայումը, սակայն, ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ լիարժեք, քանի որ հնարավոր չէ պահանջատեր լինել մի բանի նկատմամբ, որի գոյությունը ավելի կանխավ կասկածի տակ է դրվել: Եվ այս առումով միանգամայն իրավացի է նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանը, որը մատնանշում է Համահայկական հռչակագրում եւ դեռեւս ՀՀ ստորագրությունը կրող եւ ՀՀ ԱԺ օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրություններում առկա հակասությունները: «Մի կողմից Հայաստանը ուժի մեջ է թողնում արձանագրությունների՝ «պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն» իրականացնելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես նաեւ «երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը» դրույթները: Մյուս կողմից՝ հռչակագրում շեշտադրում է «Սեւրի հաշտության պայմանագրի եւ Վ. Վիլսոնի Իրավարար վճռի դերը ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում»,- մատնանշում է Օսկանյանը:

Փաստորեն, Ս. Սարգսյանը  «եւ, եւ»-ի սկզբունքով է առաջնորդվում ՀՀ բոլոր արտաքին խնդիրներում, ինչի արդյունքում Հայաստանը կորուստներ է ունենում ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմից:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին