«Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել երկընտրանքի առջև՝ մեզ հե՞տ, թե՞ մեր դեմ»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ.Վ.Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Ն.Վ.Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայներ զինադադարի, կորուստն ավելի քիչ կլիներ։ Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ հանուն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության։
«Չնայած Հայաստանում ռուսական ընկերությունների համար արհեստական դժվարություններ ստեղծելու մասին ավելի ու ավելի հաճախակի հնչող ազդակներին՝ Ռուսաստանը անշեղորեն վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի աճի կուրս ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այսօր դրանք ցուցադրում են ռեկորդային դինամիկա՝ նպաստելով Հայաստանի տնտեսության տպավորիչ աճին և քաղաքացիների բարեկեցությանը։
Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին»,-ասվում է հայտարարության մեջ։